Մոտ 120 ընտանիք, Ախալքալաքի նախկին թիվ 15 զինվորական ավանի երեք բազմահարկ շենքերի և երեք «տնակների» բնակիչները դժգոհում են, որ անորոշության մեջ են և չեն կարողանում սեփականաշնորհել իրենց տները։ Նրանք դիմել են պատկան մարմիններին, իրենց խորհուրդ են տալիս սպասել, բայց չեն ասում, թե որքան սպասել։

Նախկին թիվ 15 զինվորական ավանը գտնվում է Ախալքալաքի հարավային մասում։ Այս վայրում ժամանակին գտնվել է Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմաբազայի զորամասեից մեկը։ Տվյալ զորամասը փակվել է 1989 թվականին, և բնակելի շենքերը, որոնք եղել են այդ զորամասում, մնացել են նրանց, ովքեր այնտեղ ապրում էին։

Այս տարածքում կա 3 բազմահարկ շենք և 3 «տնակ», որոնցում ապրում է 5 ընտանիք։ Այնտեղ ապրող մարդիկ ապամոնտաժել են այդ փայտե տնակները և տեղում քարե տներ կառուցել։ Ռուսական 62-րդ ռազմաբազան, որտեղ գտնվում էր և «15-րդ զինվորական ավանը», Ախալքալաքը լքել է 2007թ. -ին: Արդեն 15 տարի է անցել, սակայն այդ տների բնակիչները չեն կարողանում սեփականաշնորհել իրենց տները։

Նազենի Ղուկասյանը 1998 թվականից բնակվում է տնակներից մեկում, դժգոհում է, որ 24 տարի է չեն կարողանում սեփականաշնորհել իրենց տունը, ապրում են անորոշ վիճակում.

«Ուզում ենք սեփականաշնորհել, բայց չեն անում, 2007-ին բազան գնաց, դրանից հետո մենք չենք կարողանում մեր տունը գրանցել, օրդեր էլ ունենք: Ես անձամբ դիմել եմ նախարարություն, ասում են՝ «սպասեք», իսկ ինչքան մենք սպասենք, ասում են «Ձեզ ոչ ոք չի հանում», այո, դա ճիշտ է, բայց մենք ուզում ենք մեր տունը բաժանել ժառանգների միջև, արդեն տարիքով ենք»,- ասում է Նազենի Ղուկասյանը։

Գալինա Պետրոսյանը նույնպես այս տներից մեկի բնակիչ է։ Վերջին անգամ, ըստ նրա, երկու տարի առաջ են դիմել Պետական ռեեստր, փաստաթղթերը ներկայացրել են և սպասում են։

«Մեզ ասում են սպասեք: Հետո ասացին, ձեր տեղը չենք կարողանուն գտնել, ոնց կարող է այդպես լինել, ավտոտնակս սեփականաշնորհել եմ, տունը չեն գրանցում: Ինչպես է այդպես ստացվել, որ մի քանիսը սեփականաշնորհել են, իսկ մենք հիմա չենք կարողանում»,- ասում է Գալինա Պետրոսյանը։

Բանն այն է, որ թիվ 15 զորամասի փակվելուց հետո, մարդկանց որոշ ժամանակ թույլ էին տվել սեփականաշնորհել իրենց տները, իսկ հետո արգելել էին։ Այդ ընթացքում ոմանց հաջողվել էր սեփականաշնորհել իրենց տները:

Մեկ այլ բնակչուհի էլ պատմեց, որ երկու տարի է տանջվում են գույքը գրանցելու համար, այն էլ այն դեպքում, որ նա 60 տարի է այդտեղ է ապրում։

gorodok15

Մեկնաբանություն ստանալու և պարզելու համար, թե երբ է հնարավոր լուծել թիվ 15 զինվորական ավանի բնակիչների խնդիրը, Jnews-ը զանգահարեց Ախալքալաքի Պետական ​​գույքի վարչության պետ Թամազ Գվարամաձեին։

Նա ասաց, որ հարցը շուտով կլուծվի։

«Մենք խնդրին տեղյակ ենք, քննարկում ենք, Էկոնոմիկայի նախարարությունն ու Ախալքալաքի քաղաքապետարանը քննարկում են այս խնդիրը, աշխատում են դրա վրա, մանրամասների վրա: Մի քանի օրից հայտնի կդառնան սեփականաշնորհման մանրամասները»,- ասաց Թամազ Գվարամաձեն: