Խորհրդարանի պատգամավորի թեկնածուները Ախալքալաքից և Նինոծմինդայից 10 հոգի են, 8-ը՝ մեծամասնական ցուցակներով, իսկ 2-ը հոկտեմբերի 8-ին կփորձեն խորհրդարան մտնել կուսակցությունների միջոցով:
2016 թ.-ի հոկտեմբերի 8-ի Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 կուսակցություններ / բլոկեր, որոնցից Ախալքալաքի ընտրատարածքում իրենց սեփական թեկնածուներն ունեն միայն 6-ը: Նրանք առաջադրել են իրենց մեծամասնական թեկնածուներին, իսկ այդ կուսակցություններից 2-ը նույնիսկ Ախալքալաքցի թեկնածուներին ընդգրկել են կուսակցական ցուցակներում: Բացի այդ, 2 նախաձեռնող խումբ առաջադրել է իրենց թեկնածուներին:
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել գործող պատգամավոր Հենզել Մկոյանին Նինոծմինդայից, ով 2012 թ.-ին ընտրվել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից: «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով թեկնածու է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Սամվել Մանուկյանը: Նա ցուցակներում զբաղեցնում է 23-րդ տեղը: «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ը ընտրություններին մասնակցում է 41 համարի ներքո:
«Պաատա Բուրչուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկից Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածուն Շաքրո Այվազյանն է Նինոծմինդայից, ով նախկինում հայտնի չէր քաղաքականության մեջ: Ըստ համամասնական ցուցակի, բլոկի թեկնածուն Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Մելքոն Մակարյանն է: Նա ցուցակում զբաղեցնում է 18-րդ տեղը: Բլոկը մասնակցում է ընտրություններին համար 1 թվի ներքո:
«Միացյալ ազգային շարժման» բլոկից Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածուն Նինոծմինդայի ոստիկանության նախկին պետ Արսեն Կարապետյանն է: Նա առաջադրված է նաև ցուցակներով և զբաղեցնում է 31-ը տեղը: «Միացյալ ազգային շարժում» բլոկը ընտրություններին մասնակցում է համար 5 թվի ներքո:
«Հանրապետական կուսակցությունը» մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Աշոտ Սահարյանին: Այս կուսակցությունը իր ցուցակներում Ջավախքից ներկայացուցիչներ չունի: «Հանրապետական կուսակցությունը» ընտրություններին կմասնակցի 6 թվի ներքո:
«Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն»-ը մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի նախկին աշխատակից Մերուժան Կարախանյանին: Այս բլոկը ևս իր ցուցակներում Ջավախքից ներկայացուցիչներ չունի: «Վրաստանի հայրենասերների դաշինք» բլոկի համարը թիվ 8-ն է:
«Ազգային ֆորում» կուսակցությունը մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Գումբուրդո գյուղի դպրոցի վրաց լեզվի ուսուցիչ՝ ծագումով Ասպինձացի Արմենակ Փոլորչյանին: Այս կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 26 համարի ներքո:
Նախաձեռնող խմբերից անկախ թեկնածուներն են՝ Ախալքալաքի սոցիալական ծառայությունների նախկին ղեկավար Արտաշես Փալանջյանը (ընտրության համարն է 42-ը), և Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանը (ընտրության համարն է 43-ը):
Շուշան Շիրինյան