2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխությունները: «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասուլիսում ներկայացնելով փոփոխությունները, նշել է, որ դրանք վերաբերում են աշխատող միգրանտներին, այդ թվում՝ հայերին: Փոխանցում է News.am-ը:
Առաջին փոփոխությունն այն է, որ այսուհետև ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների հարկերը բարձրանալու են։ Նրա խոսքով՝ մինչև հունվարի 1-ն աշխատանքային միգրանտները վճարում էին ավելի քիչ հարկեր, քան ՌԴ քաղաքացիները։ Այժմ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար դրանք հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին։
«ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հարկերը կազմում էին աշխատավարձի 37.5%-ը, այժմ նրանք կվճարեն 43% հարկ։ Դրա մեջ ներառված է եկամտային հարկը, կենսաթոշակային վճարը, պարտադիր բժշկական ապահովագրություն և այլն»,- նշում է նա։
Տաթևիկ Բեժանյանը նաև ասել է, որ հաճախ գործատուները հարկեր չվճարելու համար խուսափում են պայմանագիր կնքելուց, իսկ հիմա հատկապես նրանց ձեռնտու չէ պայմանագիր կնքել, քանի որ ավելի շատ հարկ են վճարելու։
«Մեր քաղաքացիներին ուզում եմ զգուշացնել՝ հիմա գործատուները նրանց կհամոզեն, որ աշխատեն առանց աշխատանքային պայմանագրի։ Ի գիտություն քաղաքացիների, նրանք իրենց մոտ պարտադիր պետք է ունենան աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, որպեսզի կարողանան 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի տարածքում և աշխատանքային գործունեություն ծավալել։ Դրա համար պետք է պարտադիր կնքել աշխատանքային պայմանագիր, որ կարողանան նաև հետագայում երկարացնել միգրացիոն հաշվառումը»,- ասում է Տաթևիկ Բեժանյանը։
Հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած օտարերկրացին ցանկանում է այնտեղ տանել իր ընտանիքի անդամներին, ապա հիմա պարտադիր պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ ունի բավարար եկամուտներ և կարող է ապահովել նրանց կենսապահովման նվազագույն չափը: Այն, ըստ փորձագետի, Մոսկվայում յուրաքանչյուր անձի համար կազմում է 20 589 ռուբլի:
«Օրինակ՝ եթե անձը ՌԴ է տանում կնոջն ու երկու երեխաներին, նշանակում է չորս հոգանոց ընտանիքի համար պետք է ունենալ շուրջ 82 հազար ռուբլի: Դա հնարավորություն կտա երկարացնել իրենց հարազատների միգրացիոն հաշվառումը ՌԴ-ում։ Նույնը վերաբերում է կացության կարգավիճակ ունեցողներին»,- նշում է նա։
Տաթևիկ Բեժանյանը նաև հայտնում է, որ անձը պետք է միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում եթե բացահայտվի, որ կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, նրան սպառնում է տուգանք կամ մինչև մեկ տարվա ազատազրկում, քանի որ, ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, համարվում է, որ նա պետությանը միտումնավոր տվել է իր գտնվելու մասին սուտ տեղեկություն։
Փորձագետը նշում է, որ կա մեկ դրական փոփոխություն: Այսպիսով, եթե նախկինում աշխատանքի համար ՌԴ մեկնողները պարտավոր էին միգրացիոն քարտում «Այցի նպատակը» դաշտում նշել «աշխատանք», իսկ եթե նշում էին այլ բան, ապա չէին կարողանում օրինական աշխատել և երկարացնել միգրացիոն հաշվառումը, և ստիպված էին լինում սահմանը հատել, նորից մուտք գործել երկիր և քարտում նշել՝ աշխատանք։
«2023 թվականի հունվարի 1-ից միայն ԵԱՏՄ քաղաքացիներին թույլատրվում է միգրացիոն քարտում աշխատանքից բացի այլ նպատակ նշած լինելու դեպքում գնալ իրենց հաշվառման տարածքային միգրացիոն բաժին և փոխել միգրացիոն քարտը»,- ասում է Տաթևիկ Բեժանյանը:
Կարդացեք նաև՝
Ռոսստատ. Ամենաշատը Ռուսաստանից հայերն են հեռացել
Միգրանտները Ռուսաստանից կվտարվեն ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար