Հուլիսի 11-ին վերսկսվել են Սոչի-Թբիլիսի-Սոչի ուղղությամբ թռիչքները, որոնք ընդհատվել էին 2019 թվականից։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը։
Սոչիի միջազգային օդանավակայանից առաջին ինքնաթիռն է թռել դեպի Վրաստան։ Թռիչքները սկսել է Red Wings-ը:
Երեքշաբթի ավելի վաղ Red Wings-ն իրականացրել է իր առաջին թռիչքը Մոսկվայից Քութայիսի, որտեղ նախօրեին օդանավակայանը հեղեղվել էր։
Ավիաընկերությունը դեպի Վրաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել մայիս ամսին, սակայն թռիչքների մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է:
Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանը պատրաստվում է տարբեր քաղաքներից Վրաստան չվերթերի թիվը հասցնել մինչև շաբաթական 300-ի։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր ստորագրեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։