Արդեն երրորդ օրն է, ինչ Վերին Լարսով երթևեկությունն արգելափակված է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մաքսային ծրագրերի վրա հաքերային հարձակման պատճառով։ Տեխնիկական խնդիրների պատճառով սահմանը կարողանում էին հատել միայն ռուսական պետհամարանիշներով մեքենաները, իսկ օտարերկրյա և տրանզիտային համարներով մեքենաները կանգնած էին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին, ահռելի հերթում։

Այսօր առավոտյան ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վերին Լարսի անցակետում աշխատանքը մասամբ վերականգնվել է, սակայն ականատեսները հայտնել են, որ արտասահմանյան և տրանզիտային համարանիշներով մեքենաները դեռ չեն կարողանում հատել սահմանը։

«Հարավային և Հյուսիսային Կովկասում մաքսային մարմինների միասնական տեղեկատվական համակարգի աշխատանքը հիմնականում վերականգնված է: Էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնների աշխատանքը վերսկսվել է: Գործում են ավտոգրանցումը և ավտոանցումը։

Ապրիլի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ, Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունում գրանցվել է ապրանքների 70 հայտարարագիր, թողարկվել է՝ 48-ը: Սա համապատասխանում է աշխատանքի միջին ցուցանիշներին։ Անցակետերում մաքսային գործողություններն իրականացվում են էլեկտրոնային և մասնակի թղթային եղանակով»,- հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը։

Jnews-ի հետ զրույցում Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր փոխադրումներով զբաղվող վարորդները նշել են, որ ժամը 18:00-ի դրությամբ մաքսատան աշխատողները սկսել են օտարերկրյա համարանիշներով մեքենաներին թույլ տալ հատել սահմանը։