Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներն այսօր մեկնաբանել են Ռուսաստանի դեմ ուղղակի պատժամիջոցներ կիրառելու ընդդիմության պահանջները և հայտնել, որ ռուսների առևտրի և մուտքի սահմանափակումն անդառնալի վնաս կհասցնի Վրաստանի տնտեսությանը։

«Մենք հիշում ենք, թե ինչպես ընդդիմությունը և առանձին քաղաքացիական ակտիվիստներ աղմուկ բարձրացրին՝ Վրաստանի սահմանները փակելու, առանց մուտքի արտոնագրի ռեժիմ մտցնելու, առևտուրը դադարեցնելու կոչերով… Վերջերս հրապարակվեց վերլուծություն, որը ցույց է տալիս, եթե դա աներ Վրաստանի կառավարությունը, ապա Վրաստանն այսօր ոչ թե աճ կունենար, այլև տնտեսական աճը 10%-ով կնվազեր»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանի իշխանությունները չեն կարող թույլ տալ տնտեսության փլուզում, գների կտրուկ աճ և ձեռնարկությունների փակում, քանի որ այն «չունի ԵՄ տնտեսական համերաշխության հովանոցը, որն այս դեպքում կպաշտպաներ տարբեր սուբսիդիաներով»։

Պապուաշվիլին բոլորին հորդորել է «մտածել, թե ուր են տանում վրացական ընդդիմությունը և որոշ հասարակական կազմակերպությունները»։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ Վրաստանը պահպանում է միջազգային պատժամիջոցները և «մինչև վերջ կպահպանի այդ խոստումը»։

Փաստացի, նույն բանն է ասել ֆինանսների փոխնախարար Միխայիլ Դունդուան։

Նրա խոսքով, Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ուղղակի պատժամիջոցների կիրառումը՝ իրենց իսկ դեմ պատժամիջոցների կիրառում է։

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Վրաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել: Հեշտ է հասկանալ, որ Վրաստանը չի կարող այնպիսի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք էական բացասական ազդեցություն կունենան նրա վրա»,- ասել է Դունդուան «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ ԱՄՀ-ն 2022 թվականին Վրաստանի համար կանխատեսել էր զրոյական տնտեսական աճ երեք եռամսյակում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, սակայն այդ ցուցանիշն ի վերջո կազմել էր տարեկան 10,1%։