Ո՞րն է Լեռնային Ղարաբաղի մեկ ամսից ավելի տեւող արգելափակման նպատակը, ինչո՞ւ է այն ուղեկցվում միջազգային դերակատարների հարաբերական անգործությամբ, ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի քաղաքականության վրա, որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության այլընտրանքները և հեռանկարները։ ԼՂ հիմնախնդրի լուծման և շատ ավելիի մասին Jnews-ը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
– Ինչպե՞ս կարող եք բացատրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ինչու՞ է դա տեղի ունենում 21-րդ դարում, եւ ոչ ոք չի կարողանում դա կասեցնել
– Այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ, անուղղակիորեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու ուղիներից մեկն է։ Ադրբեջանը ճնշումների տարբեր մեթոդներ է կիրառում: Նախ՝ սրանք, այսպես ասենք, դիսկուրսիվ ձևեր են, երբ ասում են՝ Ղարաբաղ գոյություն չունի, Ղարաբաղի հարցը լուծված է, «Լեռնային» բառը չգիտես ինչու չի կարելի արտասանել և այլն։ Երկրորդ՝ ճնշման դիվանագիտական միջոցները, որոնք գործադրվում են երրորդ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Եվրոպայի միջոցով, քանի որ Ադրբեջանն ուղղակի դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ։ Երրորդ՝ սրանք սրացումներն են, ուղղակի ասած՝ կրակոցները, սրացումներ եղել են սեպտեմբերին, դրանից առաջ՝ օգոստոսին, մարտին և այլն։ Եվ չորրորդը՝ ճնշման այս նոր մեթոդն է՝ արգելափակումը։ Ինչու՞ է դա անում Ադրբեջանը։ Քանի որ նա դա կարող է: Նա նման հնարավորություն ունի։ Ինչո՞ւ աշխարհը պատշաճ ուշադրություն չի դարձնում սրան։ Տարբեր պատճառներով:
Եթե խոսենք Ռուսաստանի և այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, որոնք ստորագրել են, ապա Ռուսաստանը բավականին զբաղված է մեկ այլ տեղում՝ Ուկրաինայում, նրա ուշադրությունը կենտրոնացած է այնտեղ՝ Արևմուտքի հետ հակամարտության վրա, իսկ Հարավային Կովկասը իր հետաքրքրությունների կենտրոնում չէ։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ես նկատի ունեմ և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին, կրկին ուժեղ կենտրոնացում կա այն ամենի վրա, ինչ կատարվում է Ուկրաինայում, և երկրորդ՝ Ադրբեջանը, ինչ-որ իմաստով, պետք է Արևմուտքին։ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների գորշ ձևերն անցնում են Ադրբեջանով։ Սա ուղղակիորեն ռուսական գազը չէ դեպի Եվրոպա, Ադրբեջանն իր գազը մատակարարում է Եվրոպա, իսկ Ռուսաստանը լրացնում է այդ գազը Ադրբեջանին։
Բացի այդ, այստեղ նշանակություն ունի Թուրքիան. սա մի երկիր է, որը կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար, և Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին։
– Դուք ասացիք, որ Ադրբեջանը «պետք է» Արեւմուտքին։ Ռուսաստանի պարագայում կա արդյո՞ք նման գործոն։ Այսինքն՝ կա՞ Ռուսաստանի կողմից որևիցե հետաքրքվածություն Ադրբեջանի հանդեպ:
– Այո, առանց որևէ կասկածի: Նախ, Ռուսաստանի ողջ արևմտյան սահմանը Եվրոպայի հետ փակ է ոչ միայն աշխարհագրական, այլ նաև քաղաքական իմաստով։ Չինաստանը շատ հեռու է, մյուս կողմում է, Ասիա է։ Ըստ այդմ, հաղորդակցության միակ ուղղությունը Երիտասարդ Կովկասն է՝ Ադրբեջան, Թուրքիա։ Հայաստանը նույնպես, բայց Ադրբեջանը ևս, և Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէ խախտել այս կոնֆիգուրացիան։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում ռուսական գործողությունների կառուցվածքը պետք է ապահովի, որ իրավիճակը քիչ թե շատ մնա այնպիսին, ինչպիսին կա, որպեսզի մեծ պատերազմ չլինի, և այլ պատճառներով պաշտոնական Մոսկվան փորձում է քաղաքական և դիվանագիտական մեթոդներ կիրառել՝ դրանք պայմանավորվածություններն են, դրանք նոտերն են, ինչ-որ բանակցային գործընթացը, բայց դրանք բավարար չեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Պաշտոնական Բաքուն՝ Ալիեւը, տեսնում է, որ իր վրա ազդելու միջոցներ չկան, ուստի շարունակում է անել այն, ինչ անում է։
Նույնը կարող եմ ասել Արևմուտքի մասին։ Եվ Փարիզից, և Բրյուսելից, և Վաշինգտոնից շատ ճիշտ խոսքեր են հնչում, բայց այս քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը բավարար չէ։
– Եթե Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, ապա որո՞նք են ներկայիս արգելափակման նպատակները։ Սրանով ինչի՞ է ուզում հասնել։
– Այն, ինչ նա պնդում է, ճնշման ձև է, սա ասում են քաղաքական գործիչները, ոչ թե քաղաքագետները։ Ադրբեջանը շատ նպատակներ ունի, կա նվազագույն ծրագիր, առավելագույն ծրագիր, բայց գերնպատակը Ղարաբաղն է առանց հայերի։ Սա վերահսկողություն է ԼՂՀ տարածքի նկատմամբ, որը շարունակում է մնալ ղարաբաղի հայերի վերահսկողության տակ։ Սա է վերջնական նպատակը, բայց և այնպես շատ են, դա օրինակ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է Ադրբեջանի ձևակերպմամբ, որովհետև Հայաստանը պատրաստ է, և պատրաստ է բանակցել ճանապարհների և հաղորդակցությունների վերաբերյալ, և առավել եւս՝ բանակցություններ է վարել: Բայց ադրբեջանցիներն ուզում են հենց նախկին տարածքային միջանցքը։ Արդեն հետո այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է, կրկին այսպես կոչված, քանի որ սկզբունքորեն խոսել պայմանագրի մասին կարելի է, և հայկական կողմերը համաձայն են դրան, բայց Ադրբեջանը փորձում է դա իրականացնել այն ձևակերպմամբ, որը ձեռնտու է իրեն։ Այն, ինչ հիմա փորձում են անել՝ ճանապարհի վրա անցակետ տեղադրելն է, 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն՝ այս ճանապարհով պետք է ապահովվի մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը։ Չնայած դրան, Ադրբեջանը ցանկանում է, որ այս տեղաշարժը վերահսկվի ոչ թե ռուսների, այլ ադրբեջանցիների կողմից։
– Եթե խոսենք ԼՂ հակամարտության փուլերի մասին, ապա առաջինը եղել է 90-ականներին, հետո հակամարտությունն անցել է սառեցված վիճակի, իսկ ի՞նչը կարելի է համարել հակամարտության երկրորդ՝ ներկայիս փուլի սկիզբ։
– Ղարաբաղյան հակամարտության գոտում կոնֆիգուրացիաների կտրուկ փոփոխությունը դա պատերազմ է, դա 2020 թվականն է: Մինչ այդ իրավիճակը փոխվում էր, դանդաղ, մոտավորապես 2000-ականների կեսերից՝ 2005-2006 թթ.: Նկատի ունեմ նավթի գների բարձրացումը և ադրբեջանական նավթի մատակարարումների ավելացումը դեպի Արևմուտք։ Այսինքն՝ դա փողի կուտակումն է, բանակի թարմացումն ու սպառազինումը, բանակի պատրաստվածությունը, ռազմավարական, ռազմական ոլորտում Թուրքիայի հետ դաշինքի տեղաշարժը։ Սրանք համապատասխան դիսկուրսներ են երկրի ներսում, այսինքն՝ էթնոֆոբիայի հրահրումը հայերի նկատմամբ՝ որպես էթնիկ խմբի, ընդդիմության լվացումը, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կարող էին այլ կերպ մտածել՝ ոմանք բանտ ընկան, որոշները հեռացան։ Սա պատերազմին աստիճանական նախապատրաստումն է, 2020 թվականին եղավ պատերազմ, և դրանից հետո կոնֆիգուրացիաները բոլորովին այլ են։
– Ինչպե՞ս նպաստեց դրան 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը:
– Կարելի է ասել, որ Ադրբեջանը սկսել է այս պատերազմը, քանի որ ինչ-որ մեկը սխալ է ասել կամ գործել է 2018-ից 2020 թվականներին, բայց դա այնքան էլ տեղին չէ իրավիճակին։ Սա կարող է կատալիզատոր լինել՝ այն, որ կար որոշակի ֆորմատ, որը հին իշխանությունները ինչ-որ կերպ իրականացրեցին, դա ոչ մի բանի չհանգեցրեց, բայց ինչ-որ կերպ միևնույն է ընթացավ, իսկ 2018 թվականից հետո այն կործանվեց։ Նոր իշխանությունները փորձեցին սկսել զրոյից և, իհարկե, բազմաթիվ սխալներ թույլ տվեցին։ Բայց այս 2 տարիների վրա այդ ամենը բարդել բացարձակապես անհնար է, քանի որ, կրկնում եմ, Ադրբեջանն այս պատերազմին պատրաստվում էր դեռ 2000-ականների կեսերից։ Պատերազմները սկսվում են նրանից, որ ինչ-որ մեկը սխալ բան է ասել, միայն վեպերում, բայց այստեղ ակնհայտորեն սահուն նախապատրաստություն է եղել, վաղուց պլաններ են կազմվել։ Այսպիսով, բանակ փոխելը, թուրքերի հետ փոխազդեցություն ստեղծելը, վերազինումը, այս ամենը հնարավոր չէ անել 2 տարում։
– Ինչպե՞ս է այս իրավիճակը ազդում Հայաստանի և նրա աշխարհաքաղաքական շահերի վրա։
– Շատ ուժեղ է ազդում։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի սուբյեկտիվությունը կտրուկ նվազեց: Այն, ինչ հիմա կատարվում է, 2020 թվականի պատերազմի հետևանք է, այն, որ ճանապարհը փակ է, 2020 թվականի պատերազմի հետևանք է։ Պատերազմը կտրուկ նվազեցրեց Հայաստանի և, իհարկե, ԼՂՀ-ի սուբյեկտիվությունը, և այժմ Ադրբեջանը բոլորովին այլ տեղ ունի տարածաշրջանում։ Կոպիտ ասած՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխվել են տեղերով։ Մի բան է, երբ շփման գիծը Հորադիզում է, մեկ այլ բան է, երբ այն Կապանում է, Հորադիզից Կապան 100 կմ է, ինչը բավականին նշանակալից է մեր տարածաշրջանի համար։
– Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուսամետ ուղու ընտրության և արևմտամետ ուղու ընտրության դեպքում:
– Չեմ կարծում, որ ընտրությունը կլինի մեկի կամ մյուսի միջև այդ կերպ։ Հայաստանը մի կողմից փորձում է շփվել Արևմուտքի հետ, սա կարելի է մաթեմատիկորեն հաշվարկել՝ ելնելով այցելություններից, շփումներից և այլն, մյուս կողմից՝ Ռուսաստանը չափազանց մեծ երկիր է, որը մոտ է, Ռուսաստանը մեր տարածաշրջանում մեծ խաղացող է, ոչ թե չեզոք բրոքեր, այլ խաղացողներից մեկը, և նրա շահերը բոլոր դեպքերում անհնար կլինի անտեսել։
Ուստի Հայաստանը, ինչպես վարչապետն էր ասել իշխանության առաջին տարիներին, փորձելու է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և կփորձի բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ։ Թե որքանով կստացվի, դա այլ հարց է, բայց այնպիսի պարզունակ ձևով ընտրություն կատարելը, որ «կամ կամ»՝ դժվար թե դա լինի, պարզապես դա այնքան էլ հնարավոր չէ տարածաշրջանի կոնֆիգուրացիայի պատճառով։ Քաղաքականության մեջ, առհասարակ, բոլոր ժամանակների համար միանշանակ, միանգամյա որոշումներ չի լինում։ Ընտրությունը դա այն է, ինչ անում է քաղաքական սուբյեկտն ամեն օր՝ ելնելով տվյալ օրը ստեղծված իրավիճակից։ Քաղաքակրթական ընտրության մասին այս խոսակցությունն այնքան էլ պրոֆեսիոնալ չէ։
– Այդ դեպքում ինչպե՞ս պետք է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կառուցեն իրենց ապագա քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գան այս իրավիճակից։
– Հայաստանը պետք է բարձրացնի իր սուբյեկտիվությունը, այսինքն՝ եթե դու խնդիրներ ունես, և այդ խնդիրների հիմքը տնտեսության թուլությունն է, իմիջը, բանակը, սահմանները, դիվանագիտական վարքագիծը և այլն, ապա պետք է ուժեղացնել այս ամենը, պետք է զբաղվել նրանով, ինչով, օրինակ, Ադրբեջանը զբաղվել է 1994 և 2020 թվականների միջև:
Երկրի սուբյեկտիվության բարձրացումը կհանգեցնի նրան, որ նա կկարողանա բանակցային սեղանին կամ ցանկացած այլ վայրում ունենալ սեփական խաղաքարտերը և պաշտպանել իր շահերը։ Սա կոչվում է երկրի զարգացում, տնտեսության մեջ, բարեփոխումներում, ինստիտուցիոնալ, անվտանգության ոլորտում։
– ԼՂ հիմնախնդրի լուծման ի՞նչ հեռանկարներ կան, և ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը դրանում։
– Ես այսօր ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկար չեմ տեսնում, խոսքն այն մասին է, որ այս հակամարտությունը կալաշնիկովների թիկունքում լուծելու տարբերակից վերածվի բանակցային սեղանի շուրջ տարբերակի, կոնսենսուսի, որոշակի զիջումների: Բայց դրան անցնելու համար՝ դադարեցնել կրակելը, դադարեցնել ճնշումը, վերջնագրերով խոսելը, ահաբեկելը, հարկավոր է անցնել երկար ճանապարհ, և Հայաստանը, իհարկե, կարող է և պետք է մեծ դերակատարում ունենա դրանում։