Վրաստանի ներկայիս քաղաքական գործընթացների, այս գործընթացներում Սաակաշվիլիի ֆիգուրի, Գվարամիայի ազատ արձակման, քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների և շատ ավելիի մասին, Jnews-ը զրուցել է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր ու Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ։
Տարբեր գործիչներ երբեմն պնդում են, որ հաջորդ ընտրություններում (2024 թ.-ի խորհրդարանական ընտրություններ) «Վրացական երազանքը» հաղթելու ավելի քիչ շանսեր կունենա։ Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք:
– Դժվար է ասել, «Վրացական երազանք»-ի (ՎԵ) հանրաճանաչությունը, կարծում եմ, այնքան էլ մեծ չէ, բայց ընդդիմությունը նույնպես շատ դժվարություններ ունի։ Բացի հանրաճանաչությունից, ՎԵ-ն ունի արդյունքի հասնելու տարբեր այլ ուղիներ՝ այսպես կոչված վարչական ռեսուրս և այլն։ Ուստի այս փուլում շատ դժվար է կանխատեսել ընտրությունների արդյունքները, միանգամայն հնարավոր է, որ «Վրացական երազանքը» չկարողանա շարունակել իր դիրքն իշխանության մեջ, և հետո իշխանության գա կոալիցիոն կառավարություն, կամ չի կարելի բացառել, որ նա մնա իշխանությունում։
Ինչպե՞ս կգնահատեք ընդդիմության գործունեությունը Վրաստանում։ Մարզերում ընդդիմությունն ընդհանրապես չի երեւում, ինչո՞ւ է այդպես։
– Մարզերում ընդդիմությունն ակտիվ չէ, բայց ընդդիմությունը թույլ ռեսուրսներ ունի, նախ դա, այսինքն՝ ամենայն հավանականությամբ նրանք պատրաստվում են վերջին փուլին՝ նախընտրական փուլին, այսինքն՝ պատրաստվում են հաջորդ տարի ակտիվանալ, եւ ըստ երեւույթին ռեսուրսներ են խնայում։ Սա մի բան է, բայց ընդդիմադիր դաշտում ուժերի ակտիվ վերախմբավորում կա, քանի որ քաղաքական կուսակցությունները շատ են, բայց դրանցից մեկն ընդդիմադիր կուսակցություններից՝ ՄԱՇ-ն ունի խորհրդարան մտնելու երաշխիք։ Բայց, որպես ցածր վարկանիշ ունեցող կուսակցություն պետք է ինչ-որ ասոցիացիա ստեղծեն։ Հիմնականում պատրաստվում են այս ուղղությամբ, կան բանակցություններ, որոնց մասին մենք չգիտենք, բայց երբեմն գիտենք, ուստի ինչ-որ ներքին վերախմբավորումներ են լինում, բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ ձեր գնահատականի հետ, որ ընդդիմությունն այս փուլում համեմատաբար թույլ տեսք ունի։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կոնֆիգուրացիա կունենա ընդդիմությունը, և կա՞ արդյոք հստակ ընդդիմության առաջնորդ:
– Չեմ կարծում, որ ընդդիմության մեկ միասնական ցուցակ կլինի, և մանավանդ, որ ընդդիմության հստակ արտահայտված առաջնորդ կլինի, նման բան տեղի չի ունենա։ «Ազգային շարժման» շուրջ երեւի ինչ-որ միավորում կլինի, բայց էլի սուբյեկտներ կլինեն, միգուցե որոշ սուբյեկտներ առանձին հանդես գան կամ միավորումներ լինեն, մենք դա կտեսնենք։
Վերջերս բազմիցս հարձակումներ կամ ագրեսիվ գործողություններ են եղել ընդդիմության կոնկրետ առաջնորդների դեմ, ինչո՞ւ
– Ցավոք սրտի, Վրաստանում նման ավանդույթ կա, որ իշխանությունը խրախուսում է կամ ինքն է կազմակերպում բռնի գործողություններ իր քննադատների դեմ։ Երբեմն դրանք լրագրողներ են, երբեմն առանձին անհատներ, երբեմն քաղաքական գործիչներ։ Ընդհանրապես, դժվար է ասել, թե ինչու է այսինչ անձը, ինչ-որ գործիչը ընտրվում որպես բռնության առարկա, ինչ-որ մեկն ավելի շատ է նյարդայնացնում մարդկանց, քան մյուսները, ուստի ես դա որևէ կերպ չեմ կարող որոշել, բայց պարզ է, որ ՎԵ-ն իր կառավարման բոլոր ժամանակաշրջաններում քիչ թե շատ դիմել է բռնության, բայց դա միշտ ներկայացվել է որպես բռնություն անկախ խմբերի կողմից, բայց փաստացիորեն կասկածներ են եղել, որ այս բռնության հետևում իրոք կանգնած է «Վրացական երազանքը», քանի որ նման բռնությունը փաստացի պատժելի չի եղել կամ գրեթե չի պատժվել։ Ուստի, ՎԵ-ն միշտ դիմել է այս մեթոդին, բայց միշտ նախընտրական շրջանում, երբ քաղաքական կրքերի սրությունը մեծանում է, հատկապես, եթե ՎԵ-ն վախենում է պարտությունից, ապա բռնության դիմելու պատճառները կարող են ավելի շատ լինել։
Գվարամիա՝ նրան կտեսնե՞նք ընդդիմության առաջնորդների շարքերում և ո՞ր կուսակցությանն է նա անդամակցելու։
– Կարծում եմ՝ նա մտածում է այդ մասին, չգիտեմ՝ որոշել է, թե ոչ, ի վերջո նրա ազատ արձակումն անսպասելի էր, և դա տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում, ուստի հիմա ժամանակ ունի շուրջբոլորը նայելու և որոշելու՝ ինչ անել, բայց միանգամայն հնարավոր է, որ նրան տեսնենք որպես քաղաքական ֆիգուր։ Ես ոչինչ չեմ կարող ասել այն մասին, թե արդյոք նա կանդամակցի ՄԱՇ-ին, բայց ամեն ինչ հնարավոր է։
Որքանո՞վ է կարեւոր Սաակաշվիլիի անձը վրացական քաղաքականության մեջ գալիք ընտրությունների համատեքստում։ Արդյո՞ք դա կազդի արդյունքների վրա
– Նրա «ՄԱՇ» կուսակցությունը մնում է հիմնական ընդդիմադիր ուժը, իսկ Սաակաշվիլին ազդում է, և նա կարող է ազդել «Միացյալ ազգային շարժման» քաղաքականության վրա։ Այս առումով նա փաստացի մնում է կարևոր ֆիգուր, բայց բացի այդ, մնում է կարևոր սիմվոլիկ ֆիգուր, ինչ-որ մեկի համար բացասական, ինչ-որ մեկի համար՝ դրական, բայց ամեն դեպքում ընկալվում է որպես կարևոր քաղաքական խաղացող։
Ուկրաինական պատերազմը կարո՞ղ է ազդել Վրաստանի ընտրությունների արդյունքների վրա, և եթե այո, ապա ինչպե՞ս։
– Կարծում եմ՝ բոլոր քաղաքական խաղացողները մի աչքով են նայում պատերազմին, թե ինչպես է այն շարունակվելու։ ՎԵ-ն շատ առումներով խաղադրույք է կատարել Ռուսաստանի վրա, այսինքն՝ ենթադրում է, որ պատերազմը համեմատաբար հաջող կլինի Ռուսաստանի համար, և իր ռազմավարությունը կառուցում է հենց այս ենթադրության վրա։ Այսպիսով, եթե ընտրությունների (2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններ) ժամանակ հաղթող ճանաչվի Ռուսաստանը, նա կլինի հօգուտ իշխող կուսակցության, և հակառակը, եթե նա դիտարկվի ոպրես պարտվող կամ արդեն պարտվող կողմ լինի, ապա կլինի հօգուտ ընդդիմության։