Այն մասին, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ կապված, ինչին է ձգտում Վրաստանի հյուսիսային հարևանը, հնարավո՞ր է արդյոք պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և շատ ավելիի մասին կասրող եք իմանալ Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ Գիորգի Բիլանիշվիլիի Jnews-ին տված հարցազրույցից։
Այն, որ Ռուսաստանը զորքերի առաջխաղացում է իրագործում դեպի ուկրաինական սահման՝ դա ահաբեկման ակտ է, թե՞ լայնածավալ պատերազմի նախապատրաստում:
Ուկրաինայի սահմանին մոտիկ զորքերի առաջբերումը չի կարելի համարել միայն ահաբեկման ակտ, քանի որ շատ վստահելի աղբյուրներ՝ ինչպես ուկրաինական աղբյուրներն, այնպես էլ օտարերկրյա հետախուզական ծառայությունները, բազմիցս հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմի Ռուսաստանի նախապատրաստման մասին: Դեռ պարզ չէ՝ Ռուսաստանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, թե ռազմական գործողության՝ Ուկրաինայի որոշ տարածքներ գրավելու նպատակով։ Ամեն դեպքում, ռուսական նոր ռազմական արկածախնդրության հետևանքները հղի են լինելու ոչ միայն Ուկրաինայի համար և Արևելյան Եվրոպայում անվտանգության, այլև՝ Ռուսաստանի համար։ Այսօրվա դրությամբ, Ուկրաինան ավելի պատրաստված է ռուսական ռազմական ագրեսիային, և Վաշինգտոնում արդեն հայտարարել են աննախադեպ պատժամիջոցների մասին, որոնք ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կկիրառեն Ռուսաստանի դեմ։
Ի՞նչ արդյունքներ տվեցին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունները։
Առայժմ, ցավոք, չարժե խոսել որևէ դրական արդյունքների մասին, քանի որ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Ուկրաինայի դեմ և իր ռազմական ներկայությունն ուժեղացնում է ուկրաինական սահմանին։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը մեծ նշանակություն ունի, քանի որ այն Մոսկվայի վրա ազդելու մեխանիզմներից մեկն է հանդիսանում։
Հետխորհրդային տարածքում հակամարտությունների բռնկման ինտենսիվությունը մեծացել է, վերջին մեկուկես տարվա ընթացքում հասունանում է երկրորդ զինված հակամարտությունը, ի՞նչ կարող է դա նշանակել։
Ոչ միայն այն գործոնները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում, այլև նախկինում տեղի ունեցածներից շատերը, այդ թվում՝ 2008 թվականի օգոստոսին Վրաստանի դեմ ռուսական ագրեսիան, վկայում են այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը հետխորհրդային տարածքում՝ ի վնաս իր հարեւանների ինքնիշխանության։ Ռուսաստանի վերջնական նպատակը հետխորհրդային տարածքը Մոսկվայի բացառիկ ազդեցության գոտի հայտարարելն է։ Բարեբախտաբար, մեր արևմտյան գործընկերները շատ հստակ դիրքորոշում ունեն, որ ոչ ոք չի պատրաստվում համակերպվել Մոսկվայի ագրեսիվ մտադրությունների հետ և, օգտագործելով Ռուսաստանի վրա ճնշման տարբեր լծակներ, փորձում է կանխել իրադարձությունների նման զարգացումը։
Պատերազմ սկսելու Ռուսաստանի սպառնալիքները կարելի՞ է համարել շանտաժ։
Այո, իսկապես, Ռուսաստանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին նրանով, որ եթե իր պայմանները չկատարվեն, նա նոր պատերազմ կսկսի Ուկրաինայի դեմ։ Առայժմ Արեւմուտքը չի տրվում այդ շանտաժին, եւ Ռուսաստանին պատասխանում է ռացիոնալ քաղաքականություն վարելով, այդ թվում՝ Մոսկվային ներգրավելով բանակցային գործընթացում։
Արևմուտք-Ռուսաստան առճակատման պահին Ղազախստանում բախումներ ծավալվեցին, ի՞նչ էր դա։
Ղազախստանում սոցիալական հողի վրա սկսված բողոքի ակցիաները շուտով վերածվեցին իշխանության համար պայքարի՝ Ղազախստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների միջև։ Մասնավորապես՝ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի եւ նրա նախորդող Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ։ Այս պայքարի արդյունքում Ռուսաստանի աջակցությամբ Տոկաեւը ամրապնդեց իր դիրքերը, քանի որ իշխանությունից հեռացրեց հենց Նազարբաեւին, ով զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։ Նաև Նազարբաևի շատ համախոհներ հեռացվեցին իշխանությունից, իսկ մի քանիսը ձերբակալվեցին և գտնվում են կալանքի տակ։
Կար արդյո՞ք ՀԱՊԿ երկրներից զորք մտցնելու իրական անհրաժեշտություն:
Դժվար է դատել այն, թե իրականում կա՞ր արդյոք ՀԱՊԿ երկրների զորքերի Ղազախստան մտցնելու անհրաժեշտություն։ Սրանով Ռուսաստանը շատ վտանգավոր նախադեպ է ստեղծել հետխորհրդային տարածքում ավտորիտար ռեժիմին ռազմական ուժով աջակցելու համար։ Հետագայում, եթե ՀԱՊԿ անդամ երկրում նման գործընթացներ տեղի ունենան, Ռուսաստանի կողմից նմանատիպ միջոցներ ձեռնարկելու պահանջը մեծ կլինի, և նա կարող է հայտնվել ծանր իրավիճակում։
Գիորգի Բիլանիշվիլին 2018 թվականի մարտից Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի գիտաշխատող է։ Նա անվտանգության, միջազգային քաղաքականության և վերլուծական քաղաքականության ոլորտում 18 տարվա փորձ ունի։ 2014-2017 թվականներին Բիլանիշվիլին աշխատել է Պետական անվտանգության խորհրդի և ճգնաժամային կառավարման գրասենյակում՝ որպես արտաքին անվտանգության վարչության տնօրեն։ Մինչ այդ՝ 1999-2014 թվականներին, նա աշխատել է Վրաստանի հետախուզական ծառայության վերլուծական բաժնում։
Նա Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում (2006-2008թթ.) ունի, ինչպես նաև հանդիսանում է «Ազգային անվտանգության և հանրային քաղաքականության» ծրագրի շրջանավարտ(GFSIS, 2011-2012):
Քրիստինե Մարաբյան