Վերջերս առաջին և ճանաչողական այցով Ջավախքում էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը: JNEWS-ը զրուցել է դեսպանի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցելության, տպավորությունների և առաջիկա անելիքների մասին:
– Պարոն Սմբատյան, դեկտեմբերի կեսին կայացավ Ձեր` դեսպանի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Ջավախք: Ինչպիսի՞ն էին տպավորությունները: Արդյոք Ձեր սպասելիքները համապատասխանո՞ւմ էին իրականությանը:
– Առաջին տպավորություններս շատ դրական էին: Բնականաբար, այցից առաջ ես պատրաստվել էի, ծանոթացել էի հարցերին, եթե այդպիսիք կան, և իհարկե ընդհանուր առմամբ՝ մարզին: Կարող եմ ասել, որ տպավորված եմ, ստացա դրական լիցքեր:
Առաջին հանդիպումը, բնականաբար, ունեցել եմ Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ: Շատ ջերմ, աշխատանքային, իհարկե, նաև ճանաչողական հանդիպում եմ ունեցել: Իրականում ես նրան ճանաչել եմ երկու ամիս առաջ: Հանդիպել էինք թե՛ Թբիլիսիում, թե՛ Նինոծմինդայում: Մեր հանդիպումը շատ ավելի տեղեկատվական բնույթի էր, բայց նաև քննարկեցինք որոշակի հարցեր: Հանդիպմանը ներկա էր Ախալցիխեի սակրեբուլոյի ղեկավարը, քաղաքապետը և նրանց տեղակալները: Ախալցիխեից զատ այցելեցի նաև Ախալքալաք, Նինոծմինդա և իհարկե յուրօրինակ մշակութային նշանակություն ունեցող Կարծախ և Գանձա գյուղեր:
Իմ կարծիքով ընդհանուր պատկերը դրական է: Դրական է այն առումով, որ երկու ժողովուրդների մեջ կա վստահություն, ջերմ հարաբերութուններ, այսինքն՝ այն պատմական և մշակութային խորը հարաբերությունները, որ կան մեր երկու ժողովուրդների միջև, կարծես թե այսօրվա սերունդները դրա իրական կրողներն ու շարունակողներն են:
Բնականաբար, միջպետական հարաբերությունների մասով նույնպես ակնկալիքներ ունենք մեր սիրելի հայրենակիցներից, որովհետև նրանք պետք է լինեն այդ միջպետական հարաբերությունների լավագույն կամուրջներից մեկը:
– Հարգելի դեսպան, Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ հետաքրքիր միտք եք արտահայտել՝ ավելի պակաս Հայաստան կա Վրաստանում, ավելի պակաս Վրաստան՝ Հայաստանում: Ի՞նչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ այս միտքը զարգացնելու համար:
– Առաջին հերթին մենք՝ դեսպանությունը, կենտրոնացված և համակարգված աշխատանք պետք է իրականացնենք քաղաքական Թբիլիսիի հետ: Երբ ասում եմ քաղաքական Թբիլիսի, նկատի ունեմ Վրաստանի իշխանությանը, իսկ դա նշանակում է բոլոր ոլորտներում՝ քաղաքական երկխոսություն, կրթություն, մշակույթ, տնտեսական, միջհասարակական, միջեկեղեցական կապեր, ակտիվ աշխատանք իրականացնել:
– Ի՞նչ դեր կարող են ունենալ այս հարցում ջավախահայերը:
– Ես ցանկանում եմ, որ ջավախահայերը, լինելով այս երկրի լիարժեք քաղաքացիներ, առաջինը նրանք լինեն երկու մշակույթների իրական կրողը: Երբ ասում ենք մշակույթների կրող, նշանակում է` մենք պետք է փայլուն տիրապետենք երկու լեզուներին, քանզի լեզուն կապող միջոց է, ինչն իր հերթին կապահովի այդ կրթությունը, վաղ հասակից ապրել երկու մշակույթով: Իրականում նրանք այդ ամուր կամուրջը կլինեն մեր երկու ժողովուրդների միջև՝ իրենց օրինակով ցույց կտան հայի կերպարը: Հայի կերպարը ցույց տալ Վրաստանում նշանակում է նաև վրաց ժողովրդի համար դեպի Հայաստան նոր դռներ բացել` սկսած դպրոցական համագործակցությունից` վերջացրած բուհական, մշակութային և այլն: Երբ խոսում ենք միջհասարակական, ուղղակի մարդկանց, ընտանիքների միջև կապերի զարգացման մասին, սա հնարավորություն է տալիս, որ մենք իրար ավելի լավ ճանաչենք, որովհետև չպետք է մոռանանք, որ մեր համատեղ անցյալի մաս են կազմել թե՛ մեր բազմադարյա, մշակույթով լի համատեղ պատմությունը, թե՛
խորհրդային 70 տարիները, և թե՛ վերջին 30 տարիների միջպետական հարաբերությունները։ Եվ այդ 30 տարիները ոչ միայն մեզ համար են եղել բարդ, այլ նաև եղբայրական Վրաստանի համար: Կարծեք թե անցել ենք ծանր փուլեր, և ժամանակն է, որ էլ ավելի խորացնենք և ակտիվացնենք մեր համագործակցությունը:
– Քաղաքական ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ ջավախահայութունը Ձեզանից:
– Վստահ եմ, որ նորից կայցելեմ Ջավախք և իմ այցելութունները կփորձեմ կապել նաև Ջավախքի մշակութային խոշոր կամ հոբելյանական միջոցառումների հետ: Ես եղա Տերյանի, Ջիվանու տուն-թանգարաններում, շատ տպավորված եմ և կարծում եմ, որ այս բացառիկ խորհրդանիշներն ունեն նաև համախմբող նշանակություն: Ինչպես գիտեք, գալիք տարում Արամ Խաչատրյանի 130-ամյակն է, Արամյանցի 180-ամյակը: Մենք պետք է այս հոբելյանները հավուր պատշաճի տոնենք՝ իհարկե ծրագրերում ընդգրկելով նաև եղբայրական Վրաստանի ժողովրդին, որպեսզի դա լինի իրապես համատեղ։
– Պարոն դեսպան, առջևում Ամանոր է: Ի՞նչ կմաղթեք ջավախահայությանը:
– Առիթից օգտվելով` սրտանց ցանկանում եմ շնորհավորել գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր հայրենակիցներին, տարածաշրջանի բնակիչներին, մաղթել, որ ապրեն խաղաղ երկնքի տակ, ապրեն և համագոյակցեն միմյանց հետ ջերմ և բարեկամաբար: Լինեն արարող, ստեղծարար, որպեսզի նոր սերունդներին թողնեն միայն հարուստ ժառանգություն, իսկ սերունդները կարողանան իրենց ստացածով հպարտանալ: