Ախալքալաքի շրջանի գյուղերում ծառացած խնդիրներից է աղբահանությունը։ Տարբեր գյուղերի մուտքերին և ելքերին մեծ աղբատեղիներ են գոյացել։ Վերջին տարիներին շրջանի գյուղերում աղբամաններ են տեղադրվում, հիմնականում այն գյուղերում, որտեղ ճանապարհը ասֆալտապատ է: Բուռնաշեթն այն գյուղերից է, որտեղ բնակչությունն ասֆալտապատումից հետո սպասում է աղբամանների, սակայն դրանք այդպես էլ չեն տեղադրվում:
Բուռնաշեթ գյուղի մասնագետ Զոհրաբ Կոչոյանն ասում է՝ տևական ժամանակ է դիմել է աղբաման տեղադրելու համար:
«Ես արդեն երկու տարի է դիմում եմ, որ աղբաման տեղադրեն, քանի որ գյուղում դրա պահանջը կա: Գյուղացիներն աղբը թափելու համար գնում են հարևան՝ Ազավրեթ, Լոմատուրցխ գյուղեր, կամ գյուղում որևիցե մի տեղ թափում են։ Դիմեցի, ասացին, որ տենդեր են հայտարարել, հենց աղբամանները ստանան, մեր գյուղ էլ կբերեն։ Արդեն մի քանի տարի է չենք կարող լուծել 4-5 աղբամանի հարցը», – ասում է Կոչոյանը։
2022 թվականի հուլիս ամսին Բուռնաշեթի ճանապարհն արդեն ասֆալտապատ էր, և, քանի որ աղբաման տեղադրվում է այն ճանապարհին, որն ասֆալտապատ է, այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Բուռնաշեթում չեն տեղադրել աղբաման:
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը պարզաբանում է. «Իհարկե, չեմ ուզում շտապել, բայց մոտ օրերս մենք կստանանք աղբամաններ և կլուծենք Բուռնաշեթի աղբամանների հարցը։ Էլեկտրոնային մրցույթ էր հայտարարված, որի շրջանակներում կստանանք 70 նոր աղբաման։ Կտեղադրվի Բուռնաշեթում և ևս մի քանի գյուղում»:
Ինչպես հայտնում է Սպասարկման կենտրոնի տնօրենը, նոր աղբամաններ ստանալուն պես դրանց քանակը կավելացվեն Դիլիսկա և Լոմատուրցխ գյուղերում:
«Անցած տարվա տենդերը աղբամանների համար հայտարաված էր ամբողջ Վրաստանի համար, այսինքն՝ մեր քաղաքապետարանի հետ կապ չունի, 70 հատ էր, շատ շուտով կստանանք: Իսկ այս տարվա տենդերը, որը հայտարարել է քաղաքապետարանը կլինի ավելի շուտ և մոտ 300 նոր աղբաման կունենանք», – ավելացնում է Մխիթար Ռստակյանը:
Վերջինս բնակչությանը հորդորում է հոգատար լինել և չվնասել աղբամանները: Աղբամանները պլաստմասից են, հեշտությամբ ջարդվում են: