Վրաստանի բռնցքամարտի առաջնությունում Ախալքալաքի մարզիկները նվաճել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Ինչպես նաև Ախալքալաքցի մարզիկը ճանաչվել է Վրաստանի 2016 թ-ի լավագույն բռնցքամարտիկ:
Դեկտեմբերի 6-ից մինչ 10-ը Թբիլիսիում կայացավ Վրաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 90 բռնցքամարտիկ Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Ախալքալաքից մասնակցեցին հինգ մարզիկներ տարբեր քաշային կարգերում՝ Արսեն Էլիզբարյանը, Արտյուշ Գոմցյանը, Օթար Երանոսյանը, Արմեն Գրիգորյանը, Պետրոս Ստեփանյանը: Նրանք բոլորն էլ մարզվում են Ախալքալաքի մարզահամալիրում, մարզիչն է՝ Ատոմ Էլիզբարյանը:
Բոլոր երեք մարտերում Օթար Երանոսյանը հաղթեց իր մրցակցին, իսկ եզրափակչում հաղթեց փոթեցի լավագույն մարզիկներից մեկին և դարձավ չեմպիոն:
Արտյուշ Գոմցյան երիտասարդ մարզիկ, նա այս տարի մտավ մեծահասակների կարգ: Նա զբաղեցրեց երկրորդ տեղը և դարձավ Վրաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:
Առաջնությունից հետո Օթար Երանոսյանին շնորհվեց Վրաստանի 2016 թ.-ի լավագույն մարզիկի կոչում: Օթար Երանոսյանը արդեն հինգերորդ տարին է դառնում է Վրաստանի չեմպիոն: Նա և Արտյուշ Գոմցյանը իրավունք ստացան մասնակցելու 22 տարեկանից բարձր բռնցքամարտիկների շարքում, 2017թ.-ի հունիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ըստ մարզիչ Ատոմ Էլիզբարյանի, չնայած մյուսները չզբաղեցրին մրցանակային տեղեր, սակայն նրանց պայքարը նույնպես գովասանքի է արժանի:
«Ես գոհ եմ: Նրանք պարտվել են լավագույն բռնցքամարտիկներին: Այնտեղ բոլոր մարզիկները մեծ փորձ ունեին, նրանք շատ են մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Մարզիչների հանդիպման ընթացքում ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ծիկլաուրին շատ լավ արտահայտվեց մեր մարզիկների մասին», – ասաց գլխավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:
Շուշան Շիրինյան