Հռիփսիմե Օվանօղլյանն այն կանանցից է, ում հաջողվում է համատեղել ընտանիքը, ուսումը, կարիերան, ինչպես նաև անընդհատ զբաղվել ինքնազարգացմամբ և միևնույն ժամանակ մնալ կանացի։ Երեւանում կրթություն ստանալուց հետո հաստատվել է Վրաստանում՝ որպես ֆինանսների ոլորտի առաջատար մասնագետ։ 2022 թվականին Հռիփսիմեն ստացել է Մեծահասակների համար կրթության կենտրոնի ցանցի լավագույն դասընթացավարի կոչումը, սակայն վերջինս կանգ չի առնում գրանցած միայն այս հաջողության վրա։

Հռիփսիմեն տնտեսագետ է, ֆինանսների գծով մասնագետ, հաշվապահ։ Նա միանգամից չի կայացրել իր մասնագիտության ընտրությունը:

«Սկզբում ես ուզում էի ընդունվել բժշկական, բայց 9-րդ դասարանում մտափոխվեցի, քանի որ զգացի, որ ավելի շատ սիրում եմ մաթեմատիկան և լեզուները։ Այսպիսով, ես ընտրեցի տնտեսագիտությունը և ընդունվեցի Երևանի պետական համալսարան»։

Բակալավրիատն ավարտելուց հետո նա վերադարձել է Ահալաքալաք եւ սկսել աշխատել բանկում, միաժամանակ հեռակա կարգով ընդունվել մագիստրատուրա։ Թեև աշխատանքն ու ուսումը միակ բանը չէ, որ նա ստիպված է եղել համատեղել այդ ընթացքում՝ մնացած ամենին ավելացել է ընտանիքը։

«Երբ ես ամուսնացա, այդ ժամանակ աշխատում էի բանկում, բոլորն էլ հասկանում են, թե այնտեղ ինչ ռեժիմ է, ես տուն էի վերադառնում շատ ուշ, գումարած՝ սովորում էի մագիստրատուրայում, հետո ամուսնացա, հղի վիճակով գնում էի դասերի, հետո աշխատում էի երեխայի հետ»։

Այսօր Հռիփսիմեն երկու երեխա ունի:

ripsime2

Հռիփսիմեն իր փորձով ցույց է տալիս, որ աշխատանքն ու ընտանիքը միմյանց չեն խանգարում, իսկ երիտասարդներին այսպիսի խորհուրդ է տալիս՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, գլխավորը ցանկությունն ու նպատակասլացությունն է։

Դժվար էր երեխաների հետ համատեղել անկանոն գրաֆիկն ու բանկում ծանրաբեռնվածությունը։ Այդժամ մեր հերոսուհին սկսեց սովորել հաշվապահական հաշվառում և խորացավ ֆինանսների մեջ, քանի որ բանկում բազմաթիվ հաճախորդներից էր լսում, որ լավ հաշվապահի կարիք ունեն, բայց նրանք ոչ մեկին չեն կարողանում գտնել:

«Սովորեցի Քութաիսիի բիզնես ակադեմիայում։ Այնտեղ կան վճարովի դասընթացներ, 3 մակարդակ, որոնք ընդհանուր առմամբ տևում են մեկուկես տարի։ Այնուհետև հեռացա բանկից և սկսեցի աշխատել քաղաքապետարանում՝ որպես հաշվապահական հաշվառման բաժնի ավագ մասնագետ, աշխատեցի 3 տարի և այնտեղից հեռացա արդեն որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասում է Հռիփսիմե Օվանօղլյանը:

Պետական հատվածից Հռիփսիմեն տեղափոխվեց մասնավոր հատված՝ անցնելով աշխատանքի գազաբաշխիչ «SJGC» ընկերություն։ Մասնավոր ընկերությունում աշխատելը նրան հնարավորություն տվեց միաժամանակ աշխատել այլ հաճախորդների հետ էլ, որոնց թվում հագուստի և մթերային խանութներն էին, գործարանները և այլն:

2018 թվականից Հռիփսիմեն ֆինանսներ է դասավանդում Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում։ Անցյալ տարի նա ընտրվել է լավագույն դասընթացավար։ Մրցույթն անցկացվել է Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների միջև։

«Ոչ մի տեղ չէի դիմել, ինձ զանգահարեցին ու ասացին, որ տարվա լավագույն դասընթացավար եմ ընտրվել»։

ripsime3

Միշտ կոմպետենտ մնալու համար Հռիփսիմեն պարբերաբար անցնում է թրեյնինգներ, այդ թվում՝ վճարովի։ Մասնագիտական զարգացման համար նա խորհուրդ է տալիս. «Պետք է կարդալ բոլոր նամակները, որոնք գալիս են rs.ge-ում, ես ֆեյսբուքի տարբեր խմբերին և ֆորումներին անդամակցված են, բոլոր ֆինանսիստներն այնտեղ տեղեկատվություն են տարածում, ինչպես նաև պետք է լինել ուշադիր, քանի որ մենք աշխատում ենք թվերի և փողի հետ, պետք է պատասխանատու լինել»:

Հռիփսիմեին ժամանակը չի բավարարում կողմնակի նախասիրությունների համար, քանի որ նա ամբողջ ժամանակն անցկացնում է աշխատավայրում, սակայն զուգահեռ գրում է գիտական հոդվածներ, որոնցից երկուսն արդեն հրապարակyl են։ Նա ցրում է այն առասպելը, թե հայկական կրթությամբ հնարավոր չէ աշխատանք գտնել Վրաստանում, մասնավորապես՝ Ախալքալաքում։

«Երբ համալսարանից եկա Ախալքալաք, վրացերեն ընդհանրապես չգիտեի, բանկում աշխատելու ընթացքում սովորեցի։ Ես եկա և անմիջապես աշխատանքի ընդունվեցի։ Փոքր քաղաքում ևս կարող են լինել մեծ հնարավորություններ»,- կիսվում է նա: