Պետական ծրագրին մասնակցող յուրաքանչյուր ֆերմեր, ամեն տարի՝ իր սեփականությունում գտնվող յուրաքանչյուր հեկտարի դիմաց, կստանա 150 լիտր վառելանյութ: Ախալքալաքի մունիցիպալիտետում 644 շահառու-ֆերմերներ (հողագործ), 207 համասեփականատերեր և 1 կազմակերպություն արդեն ստացել են դիզելային վառելիքի կտրոններ:
Վրաստանի կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագիրը գործարկվել է 2020 թվականի մայիսի 20-ին, որի համաձայն հողի սեփականատերերը կստանան դիզելային վառելիքի զեղչի կտրոններ և վաուչերներ` գյուղատնտեսական ապրանքներ գնելու համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետում, մայիսի 20-ից մինչ օրս դիզելային վառելիքի զեղչի կտրոններ ստացել են 644 ֆերմերներ (հողագործներ)` 182 570 լիտր վառելիք, 207 համասեփականատերեր` 17 460 լիտր վառելիք, 1 կազմակերպություն` 9250 լիտր վառելիք:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերների՝ ոմանք արդեն օգտվել են զեղչից, իսկ ոմանք դեռ չեն օգտագործել իրենց կտրոնները:
Կտրոնները կարելի է ստանալ Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության տեղեկա-խորհրդատվական կենտրոնում, ինչպես նաև Արդարադատության տանը:
Ֆերմերները դիզելային վառելիքը կարող են գնել զեղչված գներով միայն «SOCAR Georgia Petroleum»-ից: Համապատասխան համաձայնագիրը ձևակերպել են գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և «SOCAR Georgia Petroleum» ընկերության տնօրեն Լևան Գիորգաձեն: Այս ընկերությունը չունի իր սպասարկման կենտրոններն Ախալքալաքի մունիցիպալիտետում, ֆերմերները կտրոնն օգտագործելու համար պետք է գնան Ախալցիխե:
Վառելիքի զեղչի կտրոնները տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի (բացառությամբ արոտավայրերի) այն սեփականատերերին, որոնք ունեն Հանրային ռեեստրում 0.25 հեկտարից սկսած գրանցված հողատարածքներ: Դա կարող է լինել սեփականատերը, համասեփականատերը, իրավաբանական անձը կամ անհատը: Համասեփականատերերի դեպքում կտրոնի համար դիմողը պետք է ներկայացնի լիազորագիր այլ սեփականատերերից:
1 հա գրանցված հողատարածքի համար գյուղացին կստանա մեկ կտրոն` 150 լիտր վառելիքի զեղչով, 10 հեկտարի դեպքում` 1 500 լիտրի համար, իսկ առավելագույնը` 15000 լիտրի համար, եթե անձն ունի ավելի քան 100 հա տարածք: Այսինքն՝ ավելի քան 100 հեկտար տարածք ունեցող սեփականատերերը կկարողանան օգտվել դիզելային զեղչից ոչ ավելի, քան 15 000 լիտրի համար:
Եթե հողամասի սեփականատերը դեռ չի գրանցել սեփականությունը Հանրային ռեեստրում, ապա նա կարող է գրանցել այն, ապա դիմել իր կտրոնի համար: Կտրոնը հնարավոր է օգտագործել մինչև 2020 թվականի ավարտը:
Բրատիսլավ Իգիթխանյան