Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը Ջիվանու տուն-թանգարանում կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված Ջիվանուն: Կենտրոնի սաները հանդես եկան բեմականացված դրվագներով, որտեղ մանրամասն ներկայացրին մեծանուն աշուղի կյանքն ու սետղծագործական ուղին:
Բաց դասը նպատակ ուներ ծանոթացնել Ջիվանու աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:
Դասն սկսվեց կենտրոնի սաների թատերական ներկայացմամբ և շարունակվեց Ջիվանու երգերի կատարումներով: Բաց-դասը եզրափակվեց աշուղի տուն թանգարանում ճանաչողական էքսկուրսիայով:
«Մեր հերթական միջոցառումը նվիրել էինք աշուղ Ջիվանուն, որպես մեր երկրացի, որպես ազգային երգի մեր երախտավոր: Սկսեցինք Ջիվանուն նվիրված բաց դասով, որը նպատակաուղղված էր կազմակերպել հենց Ջիվանու տուն-թանգարանում: Նպատակն էր, որ աշակերտները ևս լինեն թանգարանում, տեսնեն որտեղ է ծնվել ու մեծացել աշուղը և ցուցասրահում ծանոթանային նրա ստեղծագործական ժառանգությանը: Մենք պատասխանատություն ենք կրում Ջավախքյան մշակությային ժառանգությունը ոչ միայն պահպանելու, այլև փոխանցելու հաջորդ սերունդներին»,- ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:
Ջիվանուն նվիրված միջոցառումների շարքն այսքանով չավարտվեց: Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաները բացառիկ հնարավորություն ունեցան լսելու ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանի հեռավար դասախոսությունը՝ նվիրված Ջիվանուն:
Մոտ երկու ժամ Թովմաս Պողոսյանը պատմում էր Ջիվանու մասին, պատասխանում կենտրոնի սաներին հետաքրքրող հարցերին, որն ուղեկցվում էր Ջիվանու հայտնի ու անհայտ ստեղծագործությունների կատարմամբ: