Ախալքալաքի Շրջանային վարչությունում տեղի ունեցավ իշխանությունների ներկայացուցիչների հանդիպում տեղի բնակիչների հետ, հանդիպման նպատակը Եվրաինտեգրումն էր:
Հանդիպումը տեղի ունեցավ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ժամանել էին միանգամից Վրաստանի 3 նախարարի տեղակալներ` Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի տեղակալ Պետրե Կանկավան, Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետական նախարարի առաջին տեղակալ Արչիլ Կարաուլիշվիլին: Ներկա էր նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ և «Արտադրված է Վրաստանում» պետական ծրագրի ներկայացուցիչը:
Հանդիպումը տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Հրավիրված էին ոչ պետական կազմակերպություններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ և ֆերմերներ:
Հանդիպման հիմնական թեման Վրաստանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունն էր, գյուղատնտեսության զարգացումը և նորարարությունները:
Հանդիպումն սկսվեց ողջույնի խոսքերով, որից հետո Պետրե Կանկավան ներկայացրեց ծրագրերի դրական արդյունքները, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին: Դա Զուրաբ Ժվանիայի անվան պետական լեզվի ուսուցման դպրոցն է, ուսանողների համար 1+4 ծրագիրը, ԲՈՒՀ-երի ուսանողների համար ստաժավորման ծրագիրը: Ինչպես նաև այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու Թբիլիսիի թեմը, ցանկություն է հայտնել սովորել վրացերեն:
Հետո ամեն նախարարություն ներկայացրեց իր ձեռքբերումները, նպատակներն ու առավելությունները: Խոսեցին Եվրամիությանն անդամակցելու մասին, 500 մլն-անոց ԵՄ շուկայի, կրթության, մուտքի արտոնագրերի ազատականացման ռեժիմի, այլ ծրագրերի և դրամաշնորհների մասին: Ինչպես նաև խոսեցին Վրաստանի և ԵվրաՄիության միջև Ասոցացման համաձայնագրի, Վրաստանում բարեփոխումների, տնտեսական զարգացման, կայունության, հանցագործության և կոռուպցիայի բացակայության, սննդի անվտանգության և Եվրամիության աջակցության մասին:
Քրիստինե Մարաբյան