Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը վերանորոգումից երկու տարի անց սկսել է քանդվել։ Աղմաշենեբելի փողոցում արդեն հայտնվել են ճանապարհափոսեր:
Ճանապարհի ասֆալտամատման աշխատանքների իրականացման պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ-ն ընկած 16 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, այսինքն` Ախալքալաք քաղաքից մինչև Նինոծմինդա քաղաք:
Էլեկտրոնային մրցույթը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցել են չորս ընկերություններ՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»: «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով հաղթել էր էլ. մրցույթը, սակայն վերակառուցումն իրականացնում էր «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է:
Ինչպես տեղեկացանք «Ճանապարհաշինության N1 վարչություն» ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեից, վերանորոգման աշխատանքների երաշխիքի ավարտին դեռ 4 ամիս կա՝ մինչև այս տարվա հուլիս ամիս։
Նա նաև նշեց, որ եղանակների տաքանալուն պես կգան կշրջեն և կնայեն թե ինչ աշխատանքներ է պետք տանել։
Քանդվել է նաև «վստրեչա» կոչվող տարածքը, որն անցած տարի վերանորոգեցին։ Ինչպես ասում են վարորդները, նրանք այդ ճանապարհը նորոգված տեսել են միայն նորոգման օրը։ Հիմա արդեն փոսեր են հայտնվել, որոնք անձրևի ժամանակ «վտանգ» են հանդիսանում վարորդների համար, քանի որ ջրով են լցվում և իրական խորությունը գնահատելը դժվար է։
Գայանե Ակոջյան