Աշխատանքի տեսչական ծառայությունը տեղեկություն է տարածում, որ 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվել է բժիշկների և բուժքույրերի նվազագույն ժամավճար։

Ըստ այդմ՝ բժիշկների նվազագույն աշխատավարձը ժամում 7 լարի է (այսինքն ամսական առնվազն 1260 լարի է), իսկ բուժքույրերինը՝ ժամում 4,4 լարի (ամսական առնվազն 792 լարի): Նոր կանոնակարգի համաձայն՝ աշխատավարձերի բարձրացումը կվերաբերի մինչև 9000 բժիշկների և ավելի քան 8000 բուժքույրերի։

Այս փոփոխությունը վերաբերում է նաև Ախալքալաքի հոսպիտալի աշխատակազմին, սակայն դեռ վերջնական տեղեկություն չկա, թե ինչպես է սահմանվելու ժամավճարները։ Հիմա հոսպիտալը զբաղված է այդ հարցով, որպեսզի վերջնական իմի բերեն բոլոր մանրամասնությունները1

Հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է՝ երբ վերջնական տեղեկություն ունենան, տեղյակ կպահեն։

Բարեփոխման արդյունքում համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր կլինիկաները պարտավոր կլինեն որոշել բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության ներկայացրած նվազագույն շեմը։

Աշխատանքի տեսչական ծառայությունն իրավասու է լիարժեք ստուգումներ իրականացնել բուժհաստատություններում՝ ինչպես աշխատանքային իրավունքների պաշտպանության, այնպես էլ բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի հետ կապված հարցերով։

Աշխատանքի տեսչական ծառայության Facebook-յան էջում հայտարարված է.

«Օրենսդրությունը հստակ սահմանում է բժշկի և բուժքրոջ գործառույթներն ու պարտականությունները, հետևաբար, եթե ստուգման ընթացքում պարզվի, որ նվազագույն աշխատավարձի վճարումից խուսափելու համար, բժշկին կամ բուժքրոջը նշանակվում են ավելի ցածր աստիճանի կամ այլ մասնագիտության գործառույթներ, այդ հանգամանքը Աշխատանքի տեսչական ծառայության կողմից կհամարվի խախտում, որը կհանգեցնի տուգանքի: Բացի տուգանքից բժշկակակն հաստատությունից կպահանջվի նաև վճարել բժշկի/բուժքրոջ լրիվ աշխատավարձը։

Աշխատանքի տեսչական ծառայությունը գործատուների կողմից ձեռնարկվող ցանկացած անբարեխիղճ գործողության նկատմամբ կունենա համապատասխան, խիստ արձագանք, և բոլոր աշխատողների իրավունքները կպաշտպանվեն օրենքով սահմանված կարգով»։