Քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մարտի 29-ին Ախալքալաք քաղաքում և շրջանի գյուղերում կանցկացվի շաբաթօրյակ, որի ընթացքում պատշաճ տեսքի կբերվեն քաղաքի բակերն ու փողոցները, այգիները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
Համընդհանուր շաբաթօրյակին կներգրավվեն Ախալքալաքի քաղաքապետարանի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Գրեթե յուրաքանչյուր քայլափոխի թղթեր են, քամուց օդում պարող պոլիէթիլենային պարկեր, դատարկ շշեր ու ամենատարբեր կենցաղային մնացորդներ և ինքնաբուխ աղբավայրեր: Այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի աղտոտվածությունը ամենացավոտ ու ամենատեսանելի խնդիրներից մեկն է Ախալքալաքի շրջանում: Խնդրի լուծման ուղղությամբ Ախալքալաքի տեղական իշխանությունները համընդհանուր շաբաթօրյակ են նախաձեռնում:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր բնակիչ ինքն է պատասխանատու իր քաղաքի ու փողոցի մաքրության համար և պետք է հետևի իր ապրելավայրը մաքուր պահելու տարրական կանոններին։
«Շրջանի մասշտաբով կազմակերպում ենք շաբաթօրյակ, ոչ միայն քաղաքում այլև գյուղերում: Գոնե 80-90 տոկոսով մաքրենք մեր շրջակա միջավայրը: Ինչով կարող ենք՝ կօգենք, որպեսզի իրականացվի ընդանուր աղբահավաքությունը: Մեզ նման մաքրասեր ժողովուրդ քիչ կա, յուրաքանչյուրիս տունը մաքրությունից փայլում է, բայց որ դուրս ենք գալիս փողոց, մեր շեմից երկու մետր այն կողմ, արդեն այն չէ: Մենք կարող ենք մաքրել, սա առաջին շաբաթօրյակն է, անընդհատ անելու ենք, որ շրջանը հիմնական աղբից մաքրենք»,- Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Յուրի Ունանյանը:
Քաղաքապետը գյուղերի լիազորներին ու մասնագետներին առաջարկեց շաբաթօրյակին գյուղերում ինչ-որ մի տեղ հավաքել աղբը, հետո քաղաքապետարանը մեքենաներ կտրամադրի և մոտավոր մեկ շաբաթվա ընթացքում հավաքված աղբը կտանեն աղբավայր:
Բոլորին հայտնի է, ու տեսանելի Ախալքալաքի գյուղերի մատույցներին ապօրինի աղբավայրերի գոյությունը: Քաղաքապետարանի նախաձեռնած շաբաթօրյակի շրջանակներում կմաքրվեն նաև այդ աղբավայրերը:
Աղունիկ Այվազյան