Այսօր Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերի երիտասարդ-ակտիվիստներ հավաքվել էին Վարչության շենքի մոտ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը Ախալքալաքի 17 գյուղերը Բորժոմի ընտրատարածքին միացնելու դեմ և պահանջեն հաշվի առնել իրենց կարծիքը:

Երիտասարդները հանդիպում ունեցան Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ՝ ներկայացնելով իրենց պահանջներն ու առաջարկները։

Նրանց անհանգստացնող հիմնական թեման՝ շրջանի թվով 17 գյուղի միացումն է Բորժոմի ընտրատարածքին, ինչից ելնելով էլ ներկայացրեցին իրենց պահանջը։ Ներկա ակտիվիստները բավականին վճռական էին տրամադրված և ինչ-որ չափով վիրավորված այն փաստից, որ տեղական իշխանությունը ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։

Հիշեցնենք, որ հունվարի 16 տեղական իշխանության ներկայացուցիչները հավաքվեցին և քննարկումներից հետո որոշեցին նամակով դիմել երկրի նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին, ներկայացնելով իրենց բողոքը Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքների միացման դեմ:

«Ես հասարակ գյուղացի եմ, բայց ներկայացնում եմ ամբողջ գյուղի կարծիքը։ Մենք դեմ ենք միանալ Բորժոմի շրջանին, որովհետև չենք ուզում ընտրել մեկին, ում չենք էլ ճանաչում, չենք ուզում մեր հարցերը ներկայացնելու համար անցնենք մի քանի ռայոն, և վերջապես ինչո՞ւ ադրբեջանցիները պետք է ունենան 2 պատգամավոր, իսկ հայերս՝ մեկ», – մեզ հետ զրույցում ասաց Էխտիլա գյուղի բնակիչ Չաուշ Սամվելյանը։

Բուռն քննարկումներ ընթացավ նաև կայանալիք ընտրությունների և այդ ընտրություններին ժողովրդի մասնակցության վերաբերյալ։ Ներկաները միաբերան ասում էին, որ եթե իշխանությունը մերժի իրենց պահաջները և կայանալիք ընտրությունները անցկացվեն նոր օրենքի համապատասխան, ապա նրանք չեն մասնակցի ընտրություններին։

«Հարգարժան ակտիվիստներ, եթե դուք դեմ եք ընտրատարածքների փոփոխման վերաբերյալ որոշմանը, կարող եք ձեր բողոքը ներկայացնել նաև այդ ձևով, սակայն միայն օրենքի շրջանակներում՝ այսինքն եթե դուք ուզում եք չմասնակցել ընտրություններին, դա ձեր իրավունքն է, բայց իրավունք չունեք մյուսներին արգելել կամ թույլ չտալ մասնակցելու», – ասաց Ախալքալաքի շրջանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ներկաները հետաքրքրվեցին նաև այն հարցով, թե ինչո՞ւ նամակը մինչև այսօր չեն ուղարկել, և թե արդյո՞ք կան պատգամավորներ ովքեր հրաժարվում են ստորագրել դիմում-նամակի ներքո։

Այնուամենայնիվ հավաքվածները հեռացան հուսալով, որ պետությունը դրական արձագանք կտա նամակին և կտրուկ քայլերի կարիք չի լինի։

Ջուլիետա Տոնականյան