Դեկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել: Ցուցարարնեը պահանջել են ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»։ Խոսքը Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի մասին է, որը դեկտեմբերի 12-ից սկսած արգելափակված է Ադրբեջանի բնակիչների կողմից, ովքեր իրենց անվանում են բնապահպան ակտիվիստներ։ Ղարաբաղի ոստիկանության տվյալներով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել է մոտ 50 հազար մարդ։

Հանրահավաքի մասնակիցները պահանջել են, որ «որպես էկոլոգ ներկայացող ադրբեջանցիները բացեն կյանքի ճանապարհը»։ Ելույթ ունեցողներից շատերը դիմել են միջազգային հանրությանը, խոսել Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։

«Վերածննդի հրապարակը տարիներ շարունակ եղել է մեր հույսերի, մտահոգությունների, երազանքների, պայքարի ու հաղթանակների խորհրդանիշը։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ լսելու բոլորովին ոչ ականջահաճո ելույթներ, հավաքվել ենք իրար աչքերի մեջ նայելու, անկեղծ խոսելու և որոշելու, չնայած բոլոր փակ ճանապարհներին, թե ինչ ճանապարհ ենք բացելու մեզ համար, ինչի ենք պատրաստ մեզ բաժին ընկած փորձությունները հաղթահարելու համար»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է լրագրող Ծովինար Բարխուդարյանը։

Բազմահազարանոց հանրահավաքին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի թե՛ ներկա, թե՛ նախկին նախագահները, սակայն նրանք ելույթ չեն ունեցել։ Հանրահավաքի մասնակիցներին իր խոսքն է ուղղել միայն պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ասել է, որ իրավիճակի հանգուցալուծման երեք ճանապարհ կա.

«Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը [հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել ԼՂ] կայացրել եմ սեպտեմբերի երկուսին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Մենք պետք է պայքարենք»։

Նա ընդգծել է, որ Ղարաբաղի հայերը չպետք է հրաշքի սպասեն, քանի որ դա տեղի չի ունենալու:

«Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքը իմաստը մեր հողի վրա ապրելն է, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները խոսել են այն մասին, որ Ադրբեջանին բնավ չեն հետաքրքրում բնապահպանական խնդիրները, հիշեցրել են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, գտնվում են շրջափակման մեջ՝ հումանիտար աղետի եզրին։ Սնունդը, դեղորայքն ու վառելիքը սպառվում են։