Ղարաբաղի պատերազմը առիթ էր, որպեսզի Ջավախքում երիտասարդները մեկ օրում ինքնակազմակերպվեին և հիմնաքարը դնեին «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի, որը պատերազմի ընթացքում հումանիտար բեռ և դրամական միջոցներ էր ուղարկում Հայաստան: «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամ. ո՞վքեր են ներկայացուցիչները և ի՞նչ ծրագրեր ունեն:
Կարեն Պապիկյան. Հաց ցրողից մինչև հիմնադրամի նախագահ
Կարեն Պապիկյան՝ «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի նախագահ
Մինչ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Կարենն Ախալքալաքում իր գործն էր անում՝ լավաշի փուռ ու խանութ ուներ, մինչև օրվա առաջին կեսը քաղաքի ու գյուղերի խանութներին թարմ լավաշ էր մատակարարում, իսկ երկրորդ կեսին՝ խանութի գործերը կարգավորում:
Մասնագիտությամբ իրավաբան է, 37 տարեկան, ամուսնացած է, ունի երկու որդի:
«Մեքենայով անցնում էի, նկատեցի, որ Վարդանի խանութի դիմաց մեքենաներ են հավաքված: Մեքենայից իջա ու հարցրեցի՝ ի՞նչ եք անում, ասացին՝ Ղարաբաղ օգնություն ենք ուղարկում: Մեքենայում լավաշ ունեի, ասացի՝ սա էլ մեր կողմից: Ամեն ինչ այդտեղից սկսվեց»,- պատմում է Կարենը:
Մեկ տարում պատերազմի հիմնադրած՝ «Ջավախքը հայի կողքին» կառույցը, 50 զոհվածի ընտանիքի 1000-ական ԱՄՆ դոլար գումար է փոխանցում, աջակցում 37 վիրավոր զինվորի, օգնության ձեռք մեկնում Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ավելի քան 10 000 ընտանիքի, 270 000 ԱՄՆ դոլար փոխանցում Հայաստան Համահայկական հիմնադրամին:
Կարենը պատկերացնել անգամ չէր կարող, որ իր կյանքը մեկ օրում կարող է այդքան շրջադարձային փոխվել: Դժվարությամբ է խոսում պատերազմի օրերի ու հետպատերազմյան շրջանի մասին:
«Ղարաբաղի պատերազմն իմ աչքերը բացեց, կյանքը արդեն ուրիշ է, մինչև կռիվը ես երևի ռոմանտիկ հայացքով էի նայում աշխարհին: Կյանքը ցավալի դաս տվեց, բայց կարևոր շրջափուլ անցա, տեսա դավաճանություն, խաբեբայություն, սառնասրտություն, բայց նաև նվիրվածություն ու միասնականություն: Պատերազմն ինձանից տարավ առողջությունս, բիզնեսս ահագին վարի գնաց, բայց այսօր էլ վստահ ասում եմ՝ մի վայրկյան անգամ չեմ փոշմանել, ես մարդկանց եմ օգնել, եղել իմ հայրենիքի կողքին»:
Հոկտեմբերի կեսերին Կարենը ընկերների որոշմամբ իր գործնեությունը շարունակում է Երևանում, պայմանավորված սահմանը հատելու դժվարություններով:
Լուսանկարում «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Կարեն Պապիկյանն ու Վարդան Չոլախյանն են, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Ջավախքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ
Քանի որ վերջինս Երևանում էր, նորաստեղծ հիմնադրամի նախագահ է ընտրվում:
Այնուհետև, Ջավախքում խոսակցություններ են տարածվում, որ հիմնադրամի հավաքած գումարը նպատակային չի ծախսվում: Չնայած Կարենը դրանից շատ էր նեղվում, բայց շնորհիվ հաստատակամ ընկերների ու բարի մարդկանց, իր մեջ ուժ է գտնում շարունակելու իր գործը:
«Մի անգամ քաղաքում հաց էի ցրում, խանութում երկու կին ինձ տեսնելուց հետո սկսեցին քննարկել՝ նայիր հիմնադրամի տղան է՝ նախագահը, բայց հաց է բաժանում: Մոտեցա ու ասացի՝ հա մորաքույր ես եմ, բայց դրանում ոչ մի վատ բան չկա, այդ կինը մոտեցավ ու ճակատս համբուրեց: Դրանից հետո ոչ մի խոսակցության ուշադրություն չեմ դարձնում»:
«Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի երիտասարդներն են՝ Կարեն Պապիկյանը, Աշոտ Նահատակյանը, Զոյա Թաթարյանը, Արտաշես Ուզունյանը, Գեղամ Ղարիբյանը, Վարդան Չոլախյանը, Լյուսի Ունանյանը և այլոք: Նրանց հաջողության պատմությունը սկսվում է ֆեսյբուքյան ուղիղ եթերում: Սեպտեմբերի 28-ին երիտասարդները արագ ֆեյսբուքյան էջ են ստեղծում և ամեն գյուղի ու անհատի դրամական հանգանակությունը ուղիղ եթերում ցուցադրում, ինչպես նաև մարդկանց ոգևորվում ծափահարություններով:
«Մի անգամ պահեստում էինք, հերթական մեքենան կայանեց, մի կին իջավ, հետևից մի քանի արկղ պահածո իջեցրին: Մոտեցավ ինձ ու ասաց՝ բալա ջան, ինչքան կուզեք նորից կուտամ, միայն թե բանկաներս հետո հետ բերեք: Այդ պահին մտածում էի, այս կինը ադեկվատ չի, բայց հիմա եմ հասկանում ինչ խորհուրդ ու իմաստ կար առաջին հայացքից ծիծաղելի պատմության մեջ»:
Աշոտ Նահատակյան. շախմատ խաղացող ազգը պարտվեց
Աշոտը ևս հիմնադրամի երիտասարդներից է, ամուսնացած է, ունի մեկ որդի: Աշխատում է Ախալքալաքի քաղաքապետարանում: Նրա հետ մեր զրույցն անցնում է հաճախ ընդհատվող լռությամբ:
«Ամեն ինչ այլ ընթացք ունեցավ, չէինք պատկերացնում ինչ բան է կռիվը, հիմա արդեն մեր մաշկի վրա զգացինք: Մինչև ամսի 9-ը ուրիշ տրամադրվածություն ունեինք, լավատեսությունն էր մեր ուղեկիցը, ամեն օր մտածում էինք, որ այսօր կամ վաղը լավ է լինելու: Մենք շախմատ խաղացող ագզ ենք, տեսնես ի՞նչ են մտածել և այլն»:
Սեպտեմբերի 28-ին՝ Ախալքալաքում երիտասարդները միավորվելով դրամահավաք են նախաձեռնում և Աշոտի անունով բանկային հաշվեհամար բացում: Դրամահավաքի առաջին փուլում հավաքվում է 270 000 ԱՄՆ դոլար, որը փոխանցվում է Հայաստան Համահայկական հիմնադրամին, իսկ երկրորդ փուլի ամբողջ գումարն ուղղվում է Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ընտանիքներին, արմատներով ջավախքցի զոհված ու վիրավոր զինծառայողներին: Հիմնադրամն այսօր իր պարտքն է համարում 24 զոհված ջավախքցու ընտանիքներին 1000-ական ԱՄՆ դոլար հատկացնել: Սակայն այս պահին միջոցներ չունի, քանի որ հրադադարից հետո հանգանակություններն անհամեմատ նվազում են:
«Ամբողջ սփյուռքում աջակցության ակցիաներ էին լինում, մենք ևս ուզեցանք աշխարհին մեր ձայնն ուղղել, որ Հայաստանը, Ղարաբաղը պատերազմի մեջ է, ամբողջ աշխարհի դեմ էինք կռվում, բայց 44 օր աշխարհը լռեց, սա մտածելու տեղիք է տալիս: Եվ հոկտեմբերի 6-ին Ախալքալաքում բազմահազարանոց հավաք կազմակերպեցինք»:
Լուսանկարը՝ հոկտեմբերի 6-ին Ախալքալաքում կայացած բազմահազարանոց հանրահավաքից
Աշոտը չի հիշում կոնկրետ ով է առաջարկել հիմնադրամի անվանումն ընտրել «Ջավախքը հայի կողքին», բայց երկար չեն մտածել, մեկն առաջարկել է, որը բոլորի համար պարզ և ընդունելի տարբերակ է եղել:
«Ցույց տվինք, որ ամեն ինչ կարող ենք, միմյանց հասնող ու թասիբով ենք: Ինձ համար բացահայտում էր, որ 10-12 տարեկան երեխան կարող էր մեշոկով կարտոֆիլ շալակել ու չտրտնջալ, հակառակը՝ այնպիսի ոգևորվածությամբ էին անում, որ քո մոտ զարմանք էր առաջացնում»:
Նոյեմբերի 9-ից հետո Աշոտին ապրելու ու իր գործը շարունակելու ուժ է տվել Գնել Ֆիդանյանի վերջին խոսքերը. «Երբեք չեմ մոռանա, տղաները պատմեցին, որ մեր ջավախքցի Գնելը ծանր վիրավորում է ստանում, նրան տեղափոխում են հիվանդանոց, ճանապարհին ասում է՝ ինձ թողեք, գնացեք 18 տարեկաններին փրկեք»:
Զոյա Թաթարյան. Հիմնադրամի աղջիկը
Զոյան Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի է: Սոցոլոգիա է ուսումնասիրում: Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը սովորական ուսանող էր, ով որևէ առանձնահատուկ բան չէր անում:
Կռիվն սկսվելուց հետո ընկերների հետ որոշում է դեղորայք ու հագուստ հավաքել Հայաստան ուղարկելու համար:
«Իմանալով կռվի մասին առաջինը մտածել եմ գնալ Հայաստան, բայց դա հնարավոր չէր, որոշեցինք ընկերներով դեղորայք հավաքել ու այդպես էլ արեցինք: Կարենը եկավ ու հագուստ բերեց, այդտեղ ծանոթացանք, վերջում պարզվեց նույնիսկ բարեկամներ ենք: Այդպես միացա հիմնադրամի տղաներին: Տղաները որոշեցին, որ ես եմ նստելու ու գրելու, ինձ շատ ջերմ ընդունեցին, ինչպես իմ մեծ եղբայրները»:
Այդ օրերին Ջավախքի տարբեր անկյուններում մարդիկ Հայաստանին օգնելու տարբեր նախաձեռնություններ էին անում: Գյուղերում երիտասարդները տնետուն անցնելով կարտոֆիլ էին հավաքում, մյուսները՝ դեղորայք ու հագուստ: Տատիկները բրդյա նասկիներ էին գործում, իսկ Հայ եկեղեցին դրամահավաք կազմակերպում: Անմասն չէին նաև բժիշկները, նրանք բժշկական սարքավորումներ էին ձեռք բերում և ուղարկում, որոնց կարիքը կար Հայաստանում: Կարծախ գյուղում երիտասարդները վրաց-թուրքական միջպետական ճանապարհն էին փակում՝ ի նշան բողոքի, մյուսները՝ կամավորագրում կռիվ գնալու համար: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Պատերազմի առաջին օրերին այս ամենը տարերային բնույթ էր կրում, որը հետագայում համակարգվում ու կոնկրետացվում է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի կողմից:
Զոյան 44 օր շարունակ, առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ն, ցրտին ու շոգին նստած Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում ցուցակագրում է, թե ո՞վ և ո՞րքան հանգանակություն է կատարում հիմնադրամին: Իսկ ժամը 18:00-ից հետո պահեստ է գնում՝ հավաքված հագուստն ու սնունդը տեսակավորելու:
Վարդան Չոլախյան. սեպտեմբերի 28-ի գիշերը Ջավախքի երիտասադրությունը ցույց տվեց իր կամքը
33-ամյա Վարդանն անհատ ձեռներեց է, շինարարությամբ է զբաղվում: Ախալքալաքում և շրջանի գյուղերում դպրոցներ ու նախակրթարաններ է կառուցում: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Պատերազմը Վարդանին սովորեցնում է ներողամիտ լինել:
«Ես նախկինում ուրիշ կերպ էի վերաբերվում մարդկանց: Օրինակ. կարող էի մեքենայի կայանած ձևի համար վիճել դիմացինի հետ, հիմա հակառակն է: Հասկացա, որ այդպես չի կարելի, մենք իրոք ուրիշ ենք»:
Եթե մի տարի առաջ Վարդանը 100 եղևնի էր տնկում, որ զբոսաշրջային փոքրիկ ու գրավիչ հանգստի գոտի ստեղծեր Ջավախքում, ապա այսօր ոչինչ չի ուզում անել:
«Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչները, թե պատերազմի օրերին, թե հրադադարից հետո, պարբերաբար ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաշվետվություն էին ներկայացնում ծախսած միջոցների և կատարած աշխատանքների վերաբերյալ: Հերթական հաշվետվության ժամանակ էլ առաջարկ է հնչում մնացած սննդամթերքը բաժանել Ջավախքում կարիքավոր ընտանիքներին, քանի որ Հայաստանի սահմանը հատելիս պետք էր ամբողջ բեռը մաքսազերծել:
«Ինչ ասես արել ենք, որևէ գործ կոնկրետ մեկինը չի եղել, կարող էինք սահման գնալ և մինչև առավոտ մնալ, հետ գալ ու մի ուրիշ գործ անել»:
Վարդանը վստահ է, որ սեպտեմբերի 28-ի գիշերը Ջավախքի երիտասադրությունը ցույց է տալիս իր կամքը, որը բեկումնային է լինում հիմնադրամի համար, որը պետք է ավելի ուշ կազմավորվեր:
«Այդ ժամանակ սահմանը կորոնավիրուսի պատճառով փակ էր, նույնիսկ շտապօգնության մեքենա չէին թողնում: Չհասած անցակետ իրավապահ մարմինները մեզ շրջափակեցին, որ սահմանը փակ է, և այլն, բայց մենք ասացինք՝ գնալու ենք, ուրիշ տարբերակ չկա, ի վերջո նրանք տեղի տվին մեր համառությանը և թույլատրեցին: Նրանք մեր մեջ անընդհատ կազմակերպիչ էին փնտրում, ինչ-որ մեկին, որպեսզի ճնշելով նրան կարողանային ընդհանուրի ձայնը լռեցնել»:
Լուսանկարը՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի գիշերվանից, երբ երիտասարդները առաջին հումանիտար օգնությունն են ուղարկում Հայաստան
Լյուսի Ունանյան. դիմացինի օգնությունն ինձ կյանք է տալիս
Լյուսին հիմնադրամին է միանում հոկտեմբերի 20-ից հետո, շատ պատահական, եկեղեցու բակում տեսնում է Զոյային միայնակ նստած ու հարցնում՝ ինչով կարող եմ օգնել ու այդպիսով միանում թիմին: Նա օրվա մեծ մասն անցկացնում է պահեստում:
«Պատերազմը ինձ տվեց պարզ ու անկեղծ ընկերներ, պատկերացում ու գիտակցում, որ մարդը միայնակ ոչինչ չի կարող անել, միավորված պետք է լինել, և երրորդ՝ դիմացինի օգնությունը ինձ կյանք է տալիս»:
Լյուսին հիմա Երևանում է, համակարգում է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի երևանյան գրասենյակի աշխատանքը:
Հիշում է, որ այդ օրերին աշխատանքը շատ է եղել, հոգնում էր, բայց լռում այդ մասին:
«Շատ էի հոգնում, բայց ինքս ինձ հորդորում, ուժ էի տալիս, որ դու պետք է շարունակես, որ այդ հագուստի կամ սնունդի կարիքն ունեն հազարավոր մարդիկ, ու դու իրավունք չունես թևաթափ լինելու: Հետո մեր հողերը հանձնեցին, բոլորիս պատեց դատարկության զգացումը, բարդ է այդ ծավալի սթրեսը մարսել»:
2020 թվականի հոկտեմբերին Ախալքալաքում ամենուր կարելի էր նման գրություններ տեսնել
2021 թվականի սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հիմնադրամի նախաձեռնությամբ խաչքար է տեղադրվում նվիրված Ղարաբաղյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Այսօր հիմնադրամը ակտիվ գործնեություն չի ծավալում, ինչպես տղաներն են ասում՝ դադար է հարկավոր, նոր ծրագրեր իրականացնելու համար: Կարեն Պապիկյանը վստահեցում է՝ հիմնադրամը կշարունակի իր ստանձնած առաքելությունը, գործնեության ուղղությունը փոխելով դեպի Ջավախք: Բանն այն է, որ բարերարները պատրաստակամություն են հայտնում ֆինանսավորել Ջավախքի զարգացմանն ու երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը
Երիտասարդներից յուրաքանչյուրի կյանքում շատ բան է փոխվում պատերազմից հետո։ Եթե մինչ դա նրանք աշխատում էին, որովհետեւ սիրում էին իրենց աշխատանքը, դա իրենց ապրուստի միջոցն էր, ապա հիմա աշխատում են, որովհետեւ ոտքի կանգնելու պատասխանատվություն ունեն: Նրանցից ոմանք կռվից մեկ տարի անց դեռ չեն հաղթահարել պատերազմի հետտրավմատիկ ազդեցությունը, բայց այսօր հստակ գիտակցում են իրենց անելիքները: