«Ryanair» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Իտալիա, Իտալիայից այլ երկրներ և երկրի ներսում մինչև ապրիլի 8-ը բոլոր չվերթերի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ավիաընկերության պաշտոնական կայքէջը։ Պատճառն իտալական իշխանությունների՝ երկրի ողջ տարածքում կարանտինի հայտարարումն է, որն արվել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին:

Հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 11-ից ապրիլի 8-ն ավիաընկերությունը կդադարեցնի Իտալիայի ներսում իրականացվող բոլոր չվերթերը, իսկ մարտի 13-ից ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա և Իտալիայից այլ երկրներ չվերթերը։

Բոլոր շահառու ուղևորներն արդեն իսկ ստացել են ծանուցումներ չվերթերի չեղարկման վերաբերյալ։ Փոխհատուցում ցանկացող ուղևորները կարող են անվճար տեղափոխել իրենց թռիչքը՝ փոխարինելով մինչև մարտի 13-ն իրականացվելիք ցանկացած չվերթով։ Բոլոր ուղևորները կկարողանան նաև ամբողջությամբ հետ ստանալ տոմսերի համար կատարած վճարումները կամ կուտակել դրանք ճանապարհորդական քարտի վրա, որը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում օգտագործել գումարը՝ «Ryanair»-ի մեկ այլ չվերթի համար։

Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ պարբերաբար իր ուղևորներին կծանուցի հնարավոր փոփոխությունների կամ այլ թռիչքների չեղարկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի վարակի պատճառով մարտի 10-ից հայտարարել են կարանտինի ռեժիմ երկրի ողջ տարածքում, արգելված են զանգվածային միջոցառումները, խիստ սահմանափակվել է նաև մարդկանց տեղաշարժը: