Աշխարհի ավելի քան 60 երկիր կոչ է արել հնարավորություն տալ Աֆղանստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին անվտանգ լքել այդ երկրի տարածքը։ Այդ մասին նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն օգոստոսի 15-ի երեկոյան տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Նրանք, որոնք իշխանություն և իրավասություններ ունեն Աֆղանստանում, պատասխանատվություն են կրում կյանքերի և սեփականության պաշտպանության, ինչպես նաև անվտանգության և քաղաքացիական կարգուկանոնի վերականգնման համար։ Աֆղանները արժանի են ապրել անվտանգության և արժանապատվության մեջ։ Միջազգային հանրությունը պատրաստ Է օգնել նրանց»,- նշվում է հայտարարության մեջ։

Երկրները կոչ են արել բաց պահել ճանապարհները, օդանավակայանները և սահմանային անցակետերը, ինչպես նաև աջակցել Աֆղանստանում խաղաղ իրավիճակին։ Հայտարարության տակ ստորագրած երկրների թվում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Քաթարը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ճապոնիան և այլն։ Հայաստանը չկա այդ ցուցակում։

Օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժումը հայտարարել էր Աֆղանստանում պատերազմի ավարտի մասին այն բանից հետո, երբ գրոհայինները վերահսկողության տակ էին առել մայրաքաղաք Քաբուլը։ Թալիբները վերահսկում են երկրի ողջ տարածքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրն անհայտ ուղղությամբ։ Օգոստոսի 15-ի երեկոյան գրոհայիններն զբաղեցրել են նախագահական նստավայրը։ Մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ սկսել են տարհանել իրենց աշխատակիցներին։

«Թալիբան»-ը վերահսկում է Աֆղանստանի բոլոր ցամաքային անցակետերը։ Երկիրը հնարավոր է լքել միայն Քաբուլի միջազգային օդանավակայանով։ Այնտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք փորձել են մեկնել երկրից՝ գրոհելով ինքնաթիռները։ Օդանավակայանում դադարեցվել են կոմերցիոն բոլոր թռիչքները։