Օսմանյան Թուրքիայի կատարած ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, թե ինչքանով է այդ ոճրագործությունը ճանաչված միջազգային հանրության կողմից, ինչ հակազդող պատճառներ կան և ինչ կտա հայերին Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, այս և այլ հարցերի շուրջ jnews.ge լրատվական կայքը հարցազրույց ունեցավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս՝ Աշոտ Մելքոնյանի հետ:
-Սույն թվականի ապրիլի 12-ին Վատիկանում Ձեր ներկայությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դա հայերի ցեղասպանությունն է: Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման տեսակետից ինչպե՞ս կգնահատեք այդ հայտարարությունը:
Երևանում հարցազրույցների ժամանակ ասել եմ այս խոսքը և ուզում եմ կրկնել: Իմ բանավոր խոսքի մեջ ես աշխատում եմ երբեք օտար բառեր չգործածել, բայց այս իրադարձությանը որ ականատես եղա, համապատասխան բառ չէի կարողանում գտնել և «գրանդիոզ» բառն էր գալիս միշտ լեզվիս, և իսկապես սա վիթխարի իրադարձություն էր: Հռոմի Պապի նման վերաբերմունքը հայոց ողբերգության նկատմամբ աննախադեպ էր, պատմական և այդ տեսակետից կարող ենք ասել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը միանգամայն նոր հանգրվանի հասավ: Եվ որից հետո, թերևս, խոսել ճանաչման մասին այլևս ավելորդ է, որովհետև Հռոմի Պապի անձնավորության կողմից ի սփյուռ աշխարհի ցեղասպանության մասին խոսելը արդեն փաստում է, որ ճանաչման գործընթացը ավարտվեց:
-Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր միջազգային հանրության դիրքորոշումը այս հարցի շուրջ: Ի՞նչ կարող էին անել հայերը և ի՞նչ չարեցին:
Կարող եմ ասել, որ ինչ տեղի ունեցավ ապրիլի 12-ին «Սուրբ Պետրոս» տաճարում իր մեջ խտացված տարբերակով ավելի շատ ձեռքբերումներ էր պարունակում, քան գուցե և մի քանի տասնամյակների ընթացքում միջազգային ճանաչման ուղղությամբ մեր պայքարը, և ես Ձեզ հավատացնում եմ, Եվրոխորհրդարանի այս վերջին որոշումը ուղղակիորեն Պապի ելույթի արձագանքն էր, և Չեխիայի նման կաթոլիկ երկիրը, որը ցեղասպանության ճանաչման հարցում միշտ կարծր դիրքորոշում էր որդեգրել, տեսաք, անմիջապես փափկեց և հաջորդ քայլը չեխիայի կողմից, գոնե մի հանձնաժաղովի մակարդակով անմիջապես ցեղասպանությունը ճանաչվեց:
-Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ և Թուրքիայի դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման հարցում:
Դա շղթայական ռեակցիա է լինելու, և շատ ու շատ երկրներ ցեղասպանությունը ճանաչելու են: Իմ խորին համոզմամբ, այսօր ամենաանհարմար վիճակում գտնվում են ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան, որոնք շարունակում են չճանաչել ցեղասպանությունը, որովհետև նրանք հայտնվել են ծիծաղելի վիճակում, երբ 1 մլրդ 300 մլն հավատացյալներ ունեցող Հռոմի Պապը ճանաչել է ցեղասպանությունը, Միացյալ նահանգների 44 նահանգներ ճանաչել են ցեղասպանությունը, Անգլիայի առանձին քաղաքներ ճանաչել են, և նրանց առաջին դեմքերը շարունակում են մերժողական կեցվածք որդեգրել: Նույնը կարող եմ ասել Էրդողանի համար, որը որ ընդգծված ծիծաղելի վիճակում է հայտնվել, այն տեսանկյունից, որ երբ թուրք հասարակությունը այսօր սկսել է ներքին ապաշխարհելու ձգտումով թելադրված փորձել ճանաչել ցեղասպանության իրողությունը, նրանք պետական մակարդակով շարունակում են մերժողական կեցվածք ընդունել:
–Որն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը, երբ ավարտվեն Հայոց Ցեղասպանության նշման 100-ամյա միջոցառումները:
Ճանաչման գործընթացից հետո, բնականաբար, պետք է լինի խնդրի շատ սահուն տեղափոխումը դեպի իրավաքաղաքական դաշտ: Որովհետև, եթե տեղի է ունեցել հանցագործություն և մեղադրյալը, թեպետ չի ընդունում իր մեղքը, դատական գործընթացի արդյունքում, երբ որ ապացուցվեց նրա մեղքը, բնականաբար, պետք է գա նաև հատուցման գործընթացը: Թուրքական կողմի մերժողական կեցվածքը միանշանակ պայմանավորված է հատուցման հանգամանքից խուսափելու ձգտմամբ, որովհետև թուրքական կողմը շատ լավ գիտի, որ կա արդեն նախադեպ՝ 1948թ դեկտեմբերի 9-ի ցեղասպանության բանաձևի ուժով: 1952թ.-ից սկսած Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Կոնրադ Ադենաուերից մինչև Անգելա Մերկել շարունակում են հատուցել տեղի ունեցածի համար: Գերմանիան հատուցում է Իսրայել պետությանը և ֆինանսավորում է 7 ծրագիր: Ես պետք է ասեմ ֆանտաստիկ մի թիվ, մինչև հիմա, 1952թ.-ից մինչև 2015թ.-ը Գերմանիան Իսրայելին հատուցել է 1 տրիլիոն 300 մլրդ դոլլար ռազմատուգանք: Դուք պատկերացրեք, երբ թուրքական կողմին փորձում ես բաղդատել Գերմանիայի հետ, ինչպիսի ահռելի տարբերություն: Թուրքերը ոչ միայն պատրաստ չեն հատուցման, այլև շարունակում են մեզ մեղադրել ցեղասպանության մեջ, երբ որ անզեն, հպատակ ժողովուրդը բացառվում էր, որ որևէ հակազդելու գործողություն իրականացներ, որին մենք ականատես եղանք 1915թ:
-Կմեղմանա արդյոք թուրքերի մեղքը, երբ պաշտոնապես ճանաչեն ցեղասպանության փաստը:
Շատ պարզ ձևով ասեմ, երբ որ մեղադրյալը իր մեղքը ընդունում է դատարանում, դա միայն մեղմացուցիչ հանգամանք է, նրան դատարանի դահլիճից ազատ չեն արձակում: Այսինքն, եթե դու մեղքը ընդունում ես, իրավահաջորդի ուժով քո հաջորդը պարտավոր է հատուցել քո արածի համար, որովհետև գոյությում ունի ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի Կազմակերպություն) 1968 թ նոյենբերի 26-ի կոնվենցիան, որը ասում է հետևյալը. հաշվի առնելով, որ ցեղասպանությունը մարդկության և մարդկայնության ամենամասշտաբային հանցագործությունն է, վաղեմության ժամկետ չսահմանել: Սա նշանակում է, որ որքան տարի էլ անցնի երիտթուրքերի իրավահաջորդները պիտի հատուցեն հայ ժողավրդին: Ահա սա է հարցերի մեխը, որ Թուրքիան շարունակում է ծիծաղելի վիճակով մերժողական կեցվածք ընդունել: Քանի որ, այսօր Թուրքիան ունի մերժողական կեցվածք և փորձում է իր նախորդին պաշտպանել, դա ինքնին նշանակում է, որ մի նոր մեղք է վերցնում իր վրա, որովհետև եթե դու հանցագործության ականատես ես եղել և թաքցրել ես, բնականաբար մեղքը տարածվում է նաև քեզ վրա: Նույն ձևով այսօրվա Թուրքիայի ղեկավարությունը հանցավոր կեցվածքում է գտնվում:
Շուշան Շիրինյան