Վրաստանում 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունը», չնայած տարբեր քաղաքական գնահատականներին, իրենից հետո ժառանգություն թողեց մի շարք շարժումների տեսքով, որոնք տարանջատվել էին «Միասնական ազգային շարժում»-ից՝ ապահովելով մեծ թվով արժանի այլընտրանքներ վերջին խորհրդարանական ընտրություններում: Հարևան Հայաստանում 2018 թվականի հեղափոխության արդյունքում իշխանությունը փոխվեց՝ թողնելով «նախկինների» և ներկայիս իշխանություն հասկացությունը։ Jnews-ը հայկական և վրացական քաղաքական բազմակարծության առանձնահատկությունների մասին զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, Երևանի Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ։
– Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո իշխանության եկած «ՄԱՇ» կուսակցությունից ծնվեցին բազմաթիվ այլ կուսակցություններ, որոնք ստեղծվեցին այն անդամների կողմից, ովքեր ինչ-որ կերպ համաձայն չէին կուսակցության կուրսի հետ: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում կա տարբեր շերտերի ընդդիմադիր կուսակցությունների բավականին լայն շրջանակ։ Հայաստանում, ինչպես տեսնում ենք, հեղափոխությունը հաստատեց, այսպես ասած, երկբևեռ քաղաքական համակարգ՝ քաղաքական սպեկտրը սահմանափակելով միայն «նախկիններով» և «նորերով»։ Ինչու՞ տեղի ունեցավ այդպես:
– Այն, որ Վրաստանում մի քանի այլ ընդդիմադիր ուժեր անջատվեցին Սաակաշվիլիի կուսակցությունից, դրա հիմնական պատճառն այն է, որ Սաակաշվիլիի կուսակցությունը 2012-ի ընտրություններում պարտություն կրեց, իսկ դրանից հետո իշխանության գալու հնարավորություն չունեցավ։ Ընդհանրապես, այն կուսակցությունները, որոնք եղել են իշխանությունում և տեղափոխվում են ընդդիմություն, հաճախ հակված են մասնատման. այնտեղ կան ինչպես ռեսուրսների առանց այն էլ սահմանափակ մասերի համար պայքարելու խնդիր՝ նյութական, ֆինանսական, մարդկային և այլն, այնպես էլ՝ մոտեցումների տարբերություններ։ Ընտրություններում պարտված կուսակցությունները կամ էլ ընդդիմությունում գտնվող կուսակցությունները, նրանց ներսում կուսակցական կարգապահությունը, այնուամենայնիվ, ավելի ցածր է, քան իշխանության մեջ գտնվող կուսակցություններինը: Հայաստանում այդպես չէ։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության է եկել 2018 թվականից և դրանից հետո հաղթել է բոլոր ընտրություններում։ Ըստ այդմ, պարզ է, որ այս առումով, բացառությամբ մի քանի առանձին քաղաքական գործիչների, այն մնում է իշխանության ղեկին և չի մասնատվում։ Սա մեկ:
Երկրորդ՝ հայաստանյան քաղաքական դաշտում գոյություն ունի հին ընդդիմություն: Սրանք երկու քաղաքական ուժեր են, որոնց թիկունքում, պայամանական ասած, երկու նախկին նախագահներն են՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Եվ որոշակի թվով այլ ընդդիմադիր ուժեր։ Բայց ամենակարևոր տարբերությունն այն է, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Սաակաշվիլիի կուսակցությունը պարտություն կրեց 2012 թվականին, իսկ Հայաստանում՝ ոչ ։ Դրա համար այս տարբերությունը նկատելի է։
– Եթե խոսենք Հայաստանում քաղաքական սպեկտրի մասին, Դուք նշեցիք, որ երկու ուժ չէ, այլ ավելին։ Կարո՞ղ եք վերլուծել, թե ներկայիս ինչ կուսակցություններ, ուժեր, ուղղություններ կան:
Սկզբունքորեն, կարելի է ասել, որ երկուսն էլ ադեկվատ ընդդիմադիր կուսակցություններ են խորհրդարանում։ Մեկը Քոչարյանինն է, մյուսը՝ Սարգսյանինը։ «Դաշնակցություն» կուսակցությունը բավական ամուր դիրքեր ունի քոչարյանականի մոտ: Սերժի կուսակցությունում մեծամասնություն են կազմում նախկին «Հանրապետական» կուսակցության հետ կապված ակտիվիստները։
– Քաղաքական գիտակցության մեջ, երևի թե Հայաստանի, թե այլ երկրների բնակչության, Քոչարյանն ու Սարգսյանն ընկալվում են որպես մեկ քաղաքական ուժ։ Բայց ի վերջո պարզում ենք, որ դա այդպես չէ։ Ինչպե՞ս կարող ենք բնութագրել դրանց օրակարգերի և ուղղությունների տարբերությունները: Ինչո՞վ են դրանք տարբեր: Կարո՞ղ են նրանք իրականում ներկայացնել երկու տարբեր ուժեր քաղաքական սպեկտրում:
– Երբ խոսքը գնում է իրենց համար գլոբալ որոշ խնդիրների մասին, այն է՝ միավորվել ընդդեմ իշխող կուսակցության, ապա նրանք ցույց տվեցին միավորվելու կարողությունը։ Կամ բոյկոտել կուսակցության որոշ քաղաքական խորհրդարանական նախաձեռնություններ Հայաստանի Ազգային ժողովում։ Նման դեպքերում նրանք համախմբվում են։
Բայց նորից վերադառնամ ասածիս, քանի որ ընդդիմադիր դաշտում ռեսուրսներ ձեռք բերելու հնարավորությունն ավելի քիչ է, ապա շատ հաճախ ընդդիմադիր ուժերի պայքարն իրար մեջ կարող է ավելի սուր լինել, քան իշխող կուսակցության հետ պայքարը։ Ըստ այդմ՝ նրանց միջև անձնային աճի, կուսակցական պայքարի, քաղաքական պայքարի հարց կա։
Սա դրսևորվում է տարբեր պահերում, ինչը մենք տեսանք, օրինակ, այս տարվա գարնանը արքեպիսկոպոս Գալաստանյանի կողմից սկսված քաղաքական գործողությունների ժամանակ։ Մենք տեսանք, որ ինչ-որ փուլում Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցների մոտեցումները որոշակիորեն բաժանվեցին, քանի որ այնտեղ նորից խոսք էր գնում այն մասին, որ քաղաքական ուժերը երբեմն ավելի շահագրգռված են կանխել մրցակից ընդդիմադիր ուժի կարողությունների և ազդեցության աճը, քան համախմբվել իշխանությունների դեմ:
-Այն, որ Փաշինյանի կուսակցությունից նոր կուսակցություններ չեն ծնվել, ըստ Ձեզ, պայմանավորված է նրանով, որ նրանք դեռ չեն պարտվել, նրանք դեռևս մնում են իշխանության ղեկին։ Բայց, չնայած սրան, եղել են ժամանակներ, երբ կառավարության քաղաքականությունը քննադատության ու հարձակման է ենթարկվել, երբ կուսակցական հակասություններ են եղել։ Ինչո՞ւ սա պառակտում չառաջացրեց:
Որովհետև իշխող կուսակցությունն իրեն ուժեղ և վստահ է զգում, իսկ այս նույն իշխող կուսակցությունը զգում է պետական բյուրոկրատիայի և անվտանգության ապարատի աջակցությունը։ Ըստ այդմ, սա չի նշանակում, որ վաղը ինչ-որ մեկը արթնանալու է, շարժում է սկսելու, և իշխող կուսակցությունը պետք է կազմալուծվի։
Իշխող կուսակցությունները կարող են փլուզվել, ինչպես եղավ 2018-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կոալիցիայի և նրա կոալիցիոն համակիրների հետ, որում ընդգրկված էին և Դաշնակները, Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը և այլն, երբ նրանք զգում են, որ ընդդիմադիր ուժն այնքան ուժեղ է, որ այն կարող է գալ իշխանության: Ուստի ոմանք փորձում են, ինչպես ասում են, արագ լքել խորտակվող նավը, ինչպես դա եղավ 2018 թվականին: «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում դա այդպես չէ: Իրավիճակն ընդհանուր առմամբ նրանց համար բավականին բարենպաստ է, բարենպաստ էր գարնանը, ավելի բարենպաստ է հիմա։ Համապատասխանաբար, եթե չկան գլոբալ արտաքին կամ ներքին ֆորսմաժորներ, ապա կուսակցությունը շատ մեծ շանսեր ունի ոչ միայն սպասելու 2026 թվականի հաջորդ խորհրդարանական ընտրություններին, այլ բավական լավ շանսեր ունի՝ ելնելով իր ներկայիս դիրքերից, հաջորդ ընտրություններում ևս հաղթելու։
Ամփոփելով՝ կարելի՞ է ընդհանրապես խոսել այն քաղաքական բազմակարծության մասին, որը ներկայումս առկա է Հայաստանում։ Այն գոյություն ունի՞։ Եթե ոչ, կա՞ արդյոք դրա ներուժը: Եթե այո, ապա բացի իշխանություններից, «հին իշխանություններից» (Քոչարյան և Սարգսյան), կա՞ն այլ ուժեր։ Ո՞վ է ներկայացնում այս բազմակարծությունը:
-Հայաստանը, քաղաքագիտական գնահատականներով, դասական հիբրիդային ժողովրդավարություն է կամ մեկուկես կուսակցական համակարգ ունեցող երկիր, ինչպիսին էլ և Վրաստանն է, Մոլդովան, իսկ մինչև 2022 թվականի պատերազմը Ուկրաինան էր։ Այս իրավիճակում կա իշխող կուսակցություն, որը վայելում է պետական բյուրոկրատական ռեսուրսի աջակցությունը, և կան մեծ թվով ընդդիմադիր ուժեր, որոնք, ընդհանուր առմամբ, վայելում են բավականին բարձր բազմակարծություն, կարծիքի ազատություն և այդ ամենը, բայց չեն կարողանում գալ իշխանության (որոշ բացառություններով, որոնք հանգեցնում են իշխանափոխության, ինչպես եղավ 2012 թ-ին)։
Ըստ այդմ, հասարակությունն ամբողջությամբ ազատ է, քաղաքական իրավունքները հարգվում են, բայց այսպես կոչված հիբրիդային համակարգերում իշխանության գալը շատ դժվար է։ Եվ պետք է նշել, որ Հայաստանն ու Վրաստանն այս առումով բացառություն չեն։ Հիբրիդային կամ դոմինանտ-կուսակցական համակարգերը շատ տարածված են, դրանք եղել են աշխարհի շատ երկրներում՝ սկսած Իտալիայից, Ճապոնիայից, Մեքսիկայից և այլն։ Սա հիբրիդային ժողովրդավարական երկրներում քաղաքական համակարգի զարգացման որոշակի շրջան է։
– Եթե վերադառնանք Վրաստան, չնայած քաղաքական դաշտում ավելի շատ կուսակցությունների ֆորմալ ներկայությանը, Վրաստանի դեպքում հնարավո՞ր է խոսել բազմակարծության և իշխող կուսակցությունից բացի այլընտրանքների առկայության և, այսպես ասած, Սաակաշվիլիի ժառանգության մասին։
-Ես հասկանում եմ, որ Վրաստանում նախընտրական և հետընտրական շրջանում շատ են քաղաքականացված և սուր գնահատականները։ Բայց կան նաև ինքնագնահատականներ միջազգային վարկանիշային կազմակերպություններից, այդ թվում՝ իրավունքների և ազատությունների հետ կապված։
Վրաստանը եղել և մնում է հետխորհրդային տարածքում ժողովրդավարության զարգացման առաջատար երկրներից մեկը։ Դա ոչ թե համախմբված ժողովրդավարություն է, այլ հիբրիդային՝ բավականին բարձր միավորներով։ Մյուս կողմից, կարծում եմ, շատերի համար ակնհայտ է նաև, որ քննադատությունը, որը դրսևորվում է, կապված է ոչ այնքան Վրաստանի ներսում գործող ընթացակարգերի, որքան վրացական կուսակցությունների հնարավոր այլ աշխարհաքաղաքական դիրքավորման գնահատականների հետ, ինչպես դա ընկալում են ոմանք Վրաստանի ներսում կամ Վրաստանից դուրս՝ Արևմուտքում։