Հնգօրյա ճանաչողական այցով, փետրվարի 1-ից 5-ը Վրաստանում էր Հայաստանի հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Jnews-ը զրուցել է Հանձնակատարի հետ այցի մանրամասների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման պոտենցիալի մասին:
Պարոն Սինանյան, դուք 2017 թվականին, երբ Գլենդելի Քաղաքային խորհրդի անդամ էիք այցով եղաք Ջավախքում, այսօր արդեն Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնում եք այստեղ։ Ջավախքում ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում:
Մեծ իմաստով տարբերություններ չկան, խոսքը գնում է ինքնության պահպանման մասին, այսինքն՝ կրթություն, պատմություն, կրոն և այլն: Տարբերությունն այն է, որ 2017 թվականին վիրահայությունը և մասնավորապես Ջավախքի հայությունն իրեն լքված էր զգում: Այդ ժամանակ մարդիկ ինձ պատմում էին, որ տարիներ շարունակ չէին տեսել Վրաստանում ՀՀ դեսպանին և առհասարակ որևէ պաշտոնյայի, ապա հիմա դա այդպես չէ: Միակ պատճառը, որ քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում եկա Ջավախք, դա այն էր, որ ինձ իմ ջավախահայ բարեկամներն ասացին, որ որևէ պաշտոնյա Հայաստանից չի գալիս: Կարծում եմ և հուսով, որ մեր հայրենակիցները Ջավախքում հիմա զգում են Հայաստանի շունչը:
Ըստ Ձեզ, որակական ի՞նչ փուլում են այսօր հայ-վրացական հարաբերությունները:
– Այսօր հայ-վրացական հարաբերությունների որակն իրապես փոխվել է: Շատ ավելի սերտ ենք համագործակցում, շատ ավելի շփման եզրեր ունենք: Մեր պետական գաղափարախոսությունները ավելի նման են՝ ժողովրդավարություն, մարդակենտրոն պետություն ստեղծելու տեսլական և այլն: Ինձ թվում է ավելի լավ նախադրյալներ են ստեղծվում հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Ձեր այցի շրջանակներում շփվեցիք թե թիֆլիսահայութան, թե ջավախահայության հետ, ըստ ձեզ ինչով են առանձնանում նրանց խնդիրները և որոնք են այդ տարբերությունները:
– Անկեղծ ասած, միգուցե մանրուքների մեջ են տարբերվում, առանձնապես տարբերություն չկա, բայց մեծ իմաստով դրանք նույնն են: Թիֆլիսահայության խնդիրներն էլ կապված են ինքնության պահպանման հետ: Թիվ մեկ խնդիրը, որ մարդիկ բարձրաձայնում են, դա ուծացման խնդիրն է և Թիֆլիսում դա օրհասական է: Այստեղ՝ Ջավախքում ավելի մեծ խնդիր է արտագնա աշխատանքը և արտագաղթը, որոնք այնտեղ ակտուալ են:
Պարոն Սինանյան Ձեր այցի շրջանակներում տեղեկացաք բնակչությանը հուզող բազմաթիվ խնդիրների մասին, ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը:
– Այո, հանդիպումների ժամանակ լսեցինք խնդիրներ, որոնց մենք պետք է լուծում տանք, եթե ոչ անմիջական, ապա գոնե համոզվենք, որ այս խնդիրները օրակարգային են հայ-վրացական հարաբերություններում: Որոշ խնդիրներ, ինչպիսին են՝ ավելի ակտիվ շփում տեղական ինքնակառավարման մարմինների միջև, հարևան մարզպետարանների միջև, մարզպետների միջև: Մենք պետք է շարունակական աշխատանք տանենք, օրինակ. տնտեսական ծրագրերի մշակում, ներդրումներ և այլն, մեր վրաց գործընկերների հետ, որպեսզի այս բոլոր խնդիրներն իրենց լուծումն ստանան, ի շահս երկու հարևան երկրների՝ Վրաստանի և Հայաստանի:
Ի՞նչ տպավորություններով եք հեռանում Վրաստանից:
– Հեռանում եմ խառը զգացումներով, մի կողմից ոգևորություն, մյուս կողմից նաև անհանգստություն: Այն խնդիրները, որոնց մասին ես լսում եմ թեթև չեմ տանում, շատ լուրջ եմ ընդունում: Ցավում եմ դրանց համար, լիահույս եմ և լավատես ապագայի նկատմամբ, որովհետև կարծում եմ աշխատանքի միջոցով մենք կարող ենք հանգուցալուծում գտնել բոլոր խնդիրների համար: Պարզապես պետք է ավելի ակտիվ, մտածված և ծրագրավորված աշխատենք և այդ աշխատանքն անպայման իր արդյունքները կտա: