Հասմիկ Սաղաթելյանի «Կտորմ Կարին» նախագիծը Awesome foundation javakhk-ի չորրորդ փուլի հաղթող է ճանաչվել: Նախագիծը կիրականացվի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում՝ Ջիվանու տուն-թանգարանում:

Նախագծի անվանումը Հասմիկը պատահական չի ընտրել: Ջավախքցիների մեծ մասը Արևմտյան Հայաստանի Կարին նահանգից են եկել:

««Կտորմ Կարին» անվանումը կապված է Կարին քաղաքի հետ, որտեղից եկել են ներկայիս ջավախքցիների նախնիները: Այսինքն մի փոքր պատառիկ Կարինից, Կարինի մշակույթից, որը պետք է պահպանենք, զարգացնեքն և ինչ-որ չափով նաև տարածենք», – ասում է նախագծի հեղինակը:

Հասմիկը 2016 թվականից աշխատում է Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարանում: Նա թանգարանի տնօրեն գիդ-համակարգողն է: Թանգարանի զարգացումը Հասմիկի համար միշտ էլ առաջնահերթություն է եղել, և միշտ ուղիներ է փնտրել, որոնք կնպաստեն թանգարանի զարգացմանն ու հանրայնացմանը, իսկ այդ հնարավորությունը նրան այսօր ընձեռնել է «Awesome foundation javakhk» հիմնադրամը:

«Միշտ էլ մտածել եմ թանգարանի զարգացման մասին, ավելի մեծ թվով այցելուներ ունենալու և հանրության շրջանում թանգարանի մասին տեղեկատվության բարձրացման մասին: «Awesome foundation javakhk» ծրագրի մասին իմացա ՋԱՀ-ի աշխատակիցներից և որոշեցի ներկայացնել իմ նախագիծը: Առաջին փորձից չստացվեց, որոշեցի երկրոդ անգամ մասնակցել և երկրորդ փորձից իմ նախագիծը հաղթեց», – կիսվում է Հասմիկ Սաղաթելյանը:

«Կտրոմ Կարին» նախագծի շրջանակներում ազգային տարազներ կկարվեն, ինչպես նաև Հասմիկը ձեռք կբերի բարձր որակի լուսանկարչական ապարատ, որով Ջիվանու տուն թանգարանի հուշային հատվածներում կիրականացվեն լուսանկարահանումներ՝ ազգային տարազով: Թանգարանի գիդ-համակարգողի կարծիքով, այս նախաձեռնության շնորհիվ այցելուների թիվը թանգարան կաճի:

Հասմիկ Սաղաթելյանը ուրախ է, որ ընդամենը 1000 ԱՄՆ դոլլարով կկարողանա նպաստել իր համայնքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրվել 2016 թվականի «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի կողմից:

Կարդացեք նաև՝

«Հզոր համայնքը Ջավախքում»

Կուլիկամում տեղի ունեցավ «Ողջ տիեզերքը մի սենյակում» նախագծի բացումը

«Երազանքները թույլերին չեն սիրում». 17-ամյա աղջիկը գրադարան է բացել

Գրիշա Մկրտչյան