նորություններ 26 Օգոստոսի, 2026 • Բրդի սեզոնը Ջավախքում․ ավանդույթ, աշխատանք ու կանացի ձեռքերի պատմություն (Photo)

Ամառը Ջավախքում միայն խոտհունձի, բերքահավաքի ու երկար աշխատանքային օրերի ժամանակը չէ։ Ամառը նաև բրդի սեզոնն է՝ այն շրջանը, երբ Ջավախքի գյուղերի բակերում, տների պատշգամբներին ու նույնիսկ Ախալքալաքի փողոցներում կարելի է տեսնել արևի տակ փռված, լվացած ու մաքուր բուրդ։

Այս տեսարանը առաջին հայացքից սովորական կենցաղային պատկեր է թվում, սակայն Ջավախքի համար այն շատ ավելին է։ Այն մի ամբողջ մշակույթի, կանանց աշխատանքի, համառության ու սերնդեսերունդ փոխանցված կենցաղային գիտելիքի մի մասն է։

Ջավախքում վերջին տարիներին ակտիվ միտում է նկատվում բրդյա անկողինների փոխարինումը սինտեպոնների։

Տիկին Լուսյան այսօր իր տան բակում մաքուր սպիտակ բուրդ է չորացնում։ Այն հարցին, թե արդյոք դժվար չէ բրդյա անկողնու խնամքը, տիկին Լուսյան պատասխանեց․

1000055021

«Երբ փոքր էի, մայրս մեծ սիրով էր լվանում բուրդը, ես էլ հաճույքով խառնվում էի, և օգնում էի նրան։ Ամուսնացա և սիրով շարունակեցի բրդյա անկողիններ կարել ու օգտագործել։ Ինձ համար բրդյա անկողինն անփոխարինելի է, իսկ այն ամառները լվալը և թարմացնելը մաքրության նշան է»։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն երևույթին, որ այսօր շատերը բրդյա անկողինները հանում են տնից և օգտագործում են սինտեպոնից կամ ուղտի բրդից կարված անկողիններ, տիկին Լուսյան պատասխանեց․

«Այո, հիմա երիտասարդները չեն սիրում բուրդ լվանալ, մեծահասակներից էլ շատերը ձգտում են հեշտ ապրել, բայց բրդյա անկողին ունենալը դժվարություն չէ, այն լվանալն էլ արարողակարգ է, որը յուրահատուկ ավանդույթի է վերածվել մեր ընտանիքում»։

1000055009

Այս աշխատանքը հեշտ չէ։ Բուրդը ծանր է, խնամքը՝ երկարատև, իսկ ամբողջ գործընթացը պահանջում է համբերություն և ֆիզիկական աշխատանք։ Բայց հենց այդ դժվարության մեջ էլ կարելի է տեսնել ջավախքցի կնոջ համառ բնավորությունը։

Ջավախքում տան մաքրությունն ու խնամքը պարզապես կենցաղային պարտականություն չեն եղել։ Դրանք ընտանիքի նկատմամբ հոգատարության և կնոջ աշխատանքի կարևոր դրսևորումներից են։

Բրդյա անկողինը դրա ամենախոսուն օրինակներից մեկն է։ Այն պետք է մաքուր լինի, խնամված, ժամանակին լվացված ու օդափոխված։ Տան անկողինը, սպիտակեղենը, գորգերը, բուրդը՝ այս ամենի խնամքը ձևավորել է մի կենցաղային մշակույթ, որտեղ մաքրությունը նաև արժանապատվության հարց է համարվում։

Բուրդն արևի տակ փռելու տեսարանը հենց այդ մշակույթի փոքրիկ, բայց շատ խոսուն պատառիկն է։ Սպիտակ բուրդն արևի տակ կարծես պատմում է տան ներսում ապրող մարդկանց մասին՝ նրանց կարգապահության, մաքրասիրության ու տան հանդեպ հոգատարության մասին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝