նորություններ 24 Օգոստոսի, 2026 • Արմատներով ախալքալաքցի Ֆլորա Բիչախչյանը հաղթել է «Նոր ալիք — 2026» միջազգային մրցույթում

Ախալքալաքցի երգչուհի Ֆլորա Բիչախչյանը, որը «Նոր ալիք — 2026» միջազգային մրցույթում ներկայացնում էր Հայաստանը, դարձել է մրցույթի հաղթողը։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Կազանում։

Այս տարի Ֆլորան «Նոր ալիք» մրցույթի ընտրական փուլը հաղթահարել է ավելի քան 6 հազար հայտերի շարքում։ Եզրափակիչ փուլ են անցել 13 մասնակից, իսկ հաղթողի կոչման համար պայքարը շարունակել են 12 կատարող։ Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանը կարողացել է գրավել ժյուրիի անդամների ուշադրությունը և արժանանալ մրցույթի գլխավոր մրցանակին՝ ստանալով 4 միլիոն ռուբլի։

Մրցույթի ժյուրիի կազմում էին ռուսական երաժշտական աշխարհի հայտնի ներկայացուցիչներ՝ Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Լոլիտան, Ալսուն և այլք։ Մասնակիցների ելույթները ժյուրին գնահատել է 10-բալանոց համակարգով։

Ֆլորա Բիչախչյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 25-ին Ախալքալաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք, սակայն նրա երաժշտական ճանապարհը սկսվել է հենց հայրենի Ախալքալաքում։

Ֆլորան երգում է չորս տարեկանից։ Դեռ փոքր տարիքում նա հաճախել է Ախալքալաքի Մշակույթի տուն, որտեղ առաջին իսկ լսումից մանկավարժները նկատել են նրա ձայնային ու երաժշտական ունակությունները։ Հետագայում նա ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ էստրադային և ջազային վոկալի բաժինը։

Այսօր Ֆլորան ոչ միայն բեմում է հանդես գալիս, այլև գրում է երգեր, վոկալ է դասավանդում և մասնակցում տարբեր երաժշտական նախագծերի։ Նրա երաժշտության մեջ միախառնվում են ջազը, սոուլը, R&B-ն, էթնիկ երաժշտությունն ու հիփ-հոփը։

Ֆլորա Բիչախչյանին լայն ճանաչում բերեց նաև նրա մասնակցությունը հայտնի հեռուստատեսային երաժշտական նախագծերին։ 2021 թվականին նա մասնակցեց «Ձայն» նախագծի 10-րդ եթերաշրջանին։ «Կույր լսումներ» փուլում Ֆլորան կատարեց «Բրավո» խմբի «Старый отель» («Հին հյուրանոց») երգը և հայտնվեց Դիմա Բիլանի թիմում։

Երգչուհին բազմիցս մասնակցել է նաև «Ну-ка, все вместе!» երաժշտական շոուին։ 2024 թվականին նա հասավ նախագծի եզրափակիչ և զբաղեցրեց 4-րդ տեղը։ 2025 թվականին Ֆլորա Բիչախչյանը «Prayer» երգով մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրությանը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝