նորություններ 19 Օգոստոսի, 2026 • Ջիվանու տուն-թանգարանը՝ Կարծախի սրտում, բայց ճանապարհից մեկուսացած (Photo)

Աշուղ Ջիվանու անունը Ջավախքի համար պարզապես մեծ արվեստագետի անուն չէ։ Այն մի ամբողջ մշակութային ժառանգություն է՝ ծնված Կարծախում և տարածված աշխարհով մեկ։ Սակայն այսօր մեծն աշուղի ծննդավայրում գործող տուն-թանգարանը կանգնած է մի խնդրի առաջ, որը, առաջին հայացքից, կարող է թվալ ընդամենը ճանապարհի խնդիր, բայց իրականում վտանգում է մշակութային կարևոր օջախի աշխուժությունը՝ այցելուների խիստ պակասը։

Կարծախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարանն արդեն շուրջ տասը տարի է՝ իր դռներն է բացում այցելուների առաջ։ Այն ստեղծվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի՝ ՋԱՀ-ի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել մեծանուն աշուղի հիշատակը, ներկայացնել նրա ստեղծագործական ժառանգությունն ու Կարծախը դարձնել Ջիվանու մշակութային ժառանգությանը ծանոթանալու կարևոր վայր։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 27-ին։

jiv3

Սակայն այսօր այս մշակութային օջախը, որի ստեղծման համար տարիներ շարունակ մեծ աշխատանք ու ջանք է ներդրվել, պայքարում է այցելուների հոսքի նվազման դեմ։

Աշուղ Ջիվանին՝ Սերովբե Ստեփանի Լևոնյանը, ծնվել է 1846 թվականին Ջավախքի Կարծախ գյուղում։ Նա վաղ տարիքից է կապվել աշուղական արվեստի հետ։ Ութ տարեկանում կորցրել է հորը և մնացել հորեղբոր խնամքին։ Հետագայում աշակերտել է հայտնի աշուղ Ղարա-Ղազարին՝ Սիային, նրանից սովորելով աշուղական արվեստի կանոնները, քյամանչա և ջութակ նվագելը։

Երիտասարդ տարիներին Ջիվանու ճանապարհը Կարծախից տարավ Թիֆլիս, ապա՝ Ալեքսանդրապոլ։ 1868-1895 թվականներին նա ապրել է Ալեքսանդրապոլում՝ դառնալով քաղաքի աշուղական կյանքի կարևոր դեմքերից մեկը։ Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը։

Ջիվանու արվեստի ուժը միայն երաժշտության մեջ չէր։ Նրա երգերում խոսում էին հայրենիքը, մարդը, արդարությունը, սերը, բարությունն ու հասարակական խնդիրները։ Նրա ստեղծագործությունները դարձան այն մշակութային ժառանգությունից մեկը, որը սերունդներ շարունակ փոխանցվեց հայ ժողովրդին։

Ու հենց այդ պատճառով Ջիվանու ծննդավայրում նրա տուն-թանգարանը պարզապես ցուցասրահ չէ։ Այն հիշողության տուն է։

Թանգարանը ստեղծվել է Ջիվանու հայրական տան հիմքի վրա։ Ջիվանու հայրական տունը թանգարան դարձնելու նպատակով նվիրաբերել էր Կարծախի բնակիչ Սպարտակ Բանգոյանը։ Նախագծային աշխատանքները իրականացվել են ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ։

jiv4

Թանգարանում պահպանվում են Ջիվանու կյանքի ու ստեղծագործության հետ կապված բազմաթիվ նյութեր։ Ցուցասրահում ներկայացված են մոտ 100 ցուցանմուշ՝ ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, հոդվածներ, երգերի ու հեքիաթների հրատարակություններ, երաժշտական գործիքներ և այլ արժեքավոր նյութեր։ Առանձին հատվածներում ներկայացված են Ջիվանու մանկությունը, ընտանիքը, ալեքսանդրապոլյան և թիֆլիսյան տարիները, նրա ժառանգներն ու ստեղծագործությունների կատարողները։

jiv5

Թանգարանի ամենատպավորիչ հատվածներից է հուշային մասը, որտեղ պահպանվել են 19-20-րդ դարերի տարածաշրջանին բնորոշ ավանդական բնակարանի առանձնահատկությունները։ Այն համալրվել է Կարծախից և հարակից գյուղերից հավաքված կենցաղային իրերով։

Այսինքն՝ այցելուն այստեղ միայն Ջիվանու մասին չի լսում։ Նա հնարավորություն է ստանում պատկերացնելու այն միջավայրը, որտեղ մեծացել է ապագա աշուղը։

Սակայն այս ամենը տեսնելու համար նախ պետք է հասնել Կարծախ։ Եվ հենց այստեղ է թանգարանի ամենամեծ խնդիրներից մեկը։

Ախալքալաքից Կարծախ տանող ճանապարհի ներկայիս վիճակը դժվարացնում է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների այցելությունը։ Կարծախը նաև հեռու է հիմնական տուրիստական երթուղիներից, ինչի պատճառով գործող տուրիստական ծրագրերում գյուղը ներառելը հեշտ չէ։

Թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը JNEWS-ի հետ զրույցում նշում է, որ անցած տարի այցելուների թիվը բավականին մեծ էր, մինչդեռ այս տարի ճանապարհների վիճակը լուրջ ազդեցություն է ունեցել այցելությունների վրա։

«Անցած տարի բավականին շատ այցելուներ ունեցել ենք մեր թանգարանում, սակայն այս տարի ճանապարհները քանդեցին ու թողեցին և մեր թանգարանը շատ քիչ այցելուներ ունեցավ։ Ստացել ենք շատ զանգեր Ռուսաստանից եկած մեր հայրենակիցների կողմից, ովքեր հայտնել են ցանկություն թանգարան այցելելու, սակայն ճանապարհների մասին լսելուց հետո չեն եկել»։

jiv1

Մարդիկ ցանկանում են գալ։ Նրանք հետաքրքրված են Ջիվանիով։ Սփյուռքում ապրող հայրենակիցները ցանկանում են տեսնել այն տունը, որտեղ ծնվել է մեծն աշուղը։ Բայց ճանապարհը դառնում է այն վերջին պատնեշը, որը նրանց կանգնեցնում է։

jiv6

Կարծախ տանող բարեկարգ ճանապարհը միայն գյուղի բնակիչների առօրյա խնդիրը լուծող ենթակառուցվածք չէ։ Այն կարող է դառնալ մշակույթի ճանապարհ։ Բարեկարգ ճանապարհի դեպքում Կարծախը հնարավոր կլինի ավելի հեշտ ներառել Ջավախքի զբոսաշրջային երթուղիներում՝ Ախալքալաքի և տարածաշրջանի այլ տեսարժան վայրերի հետ միասին։ Այդ դեպքում Ջիվանու տուն-թանգարան այցելությունը կարող է դառնալ ոչ թե առանձին նպատակակետ, այլ ամբողջական զբոսաշրջային ծրագրի կարևոր հատված։ Իսկ թանգարանը դրա համար անհրաժեշտ ներուժն ունի։

jiv7

Տարիներ առաջ տուն-թանգարանն արդեն կարողացել է աշխուժացնել Կարծախի մշակութային կյանքը։ Ամեն տարի Կարծախում մեծ շուքով նշվում է Աշուղ Ջիվանու օրը։ Այս տարի առանձնահատուկ տարի է Ջիվանու ծննդավայրի համար․ լրանում է մեծն աշուղի ծննդյան 180-ամյակը։

Կարծախում Ջիվանու օրը, ըստ Հասմիկ Սաղաթելյանի, անպայման կանցկացվի։ Թեև միջոցառման օրը դեռ հստակեցված չէ, հոբելյանական տարեդարձը նշվելու է։

«Այս տարի Ջիվանու 180-ամյակն է ու այն անպայման կանցկացվի, պարզապես դեռևս օրը հստակեցված չէ»։

180-ամյակը կարող է դառնալ ոչ միայն հիշատակի հերթական միջոցառում, այլև հնարավորություն՝ նորից ուշադրություն հրավիրելու Կարծախի, Ջիվանու տուն-թանգարանի և գյուղ տանող ճանապարհի խնդրի վրա։ Կան մշակութային արժեքներ, որոնք հնարավոր է տեղափոխել, թվայնացնել կամ այլ վայրերում ներկայացնել։ Բայց Ջիվանու դեպքում կա մի բան, որը ոչ մի այլ վայրում հնարավոր չէ կրկնել՝ տունը, որտեղ նա ծնվել է։ Այստեղ է մեծացել այն երեխան, որը հետագայում դարձավ հայ աշուղական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Այստեղից է սկսվել նրա ճանապարհը։

jiv3

Յուրաքանչյուր ջավախքցու համար Ջիվանին պարզապես անցյալի մեծություն չէ։ Նա մեր հողի ձայնն է։ Եվ այդ ձայնը լսելու համար երբեմն բավական է պարզապես ճանապարհ բացել։

Ճանապարհ՝ դեպի Կարծախ։

Ճանապարհ՝ դեպի Ջիվանի։

Ճանապարհ՝ դեպի մեր հիշողություն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝