Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կուլիկամ գյուղում տեղի ունեցավ «Ողջ տիեզերքը մի սենյակում» նախագծի բացման հանդիսավոր արարողությունը: Նախաձեռնության հեղինակները երեք երիտասարդներ են Կուլիկամ գյուղից, ովքեր համախմբվելով մեկ գաղափարի շուրջ կարողացել են կարճ ժամանակահատվածում այն իրագործել, որը աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի ընդգրկուն և համապարփակ տեղեկատվություն ստանալ աստղագիտության վերաբերյալ:

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով: Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը օրհնության կարգ կատարեց, որից հետո նախագծի հեղինակները կտրեցին կարմիր ժապավենը և մուտք գործեցին «Ողջ տիեզերքը մեկ սենյակում» սենյակ: Բացմանը ներկա էր նաև ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը:

himnadram

«Ողջ տիրեզերքը մի սենյակում» նախագծի հեղինակները՝ Մարգարիտա Մարաբյանը, Ալբերտ Մկոյանը և Արմինե Քոսյանը: Նրանք Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ են: Տեղեկանալով Awesome Foundation Javakhk-ի մասին թիմ են կազմում և որոշում դիմել դրամաշնորհի համար:

«Մենք երեքս անդամ ենք ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովի, այդտեղ իմացել ենք Awesome Foundation Javakhk-ի մասին, թիմ ենք կազմել և որոշել գրանտի համար դիմել: Անցել ենք մի քանի փուլով և հասել եզրափակիչ: Արդյունքում այսօր ունենք այս սենյակը, որը այցելուներին հնարավորություն կտա առավել խորը գտելիքներ ձեռք բերել տիեզերքի մասին»,- ասում է «Ողջ տիրեզերքը մի սենյակում» նախագծի հեղինակներից Արմինե Քոսյանը:

Նախագծի հեղինակ և ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Մկոյանի սպասելիքները շատ են այս նախաձեռնությունից:

«Քանի որ մենք՝ երեքս էլ Կուլիկամից ենք ուզեցանք մեր գյուղում ինչ-որ մի բան անել: Awesome Foundation Javakhk-ը պատճառ հանդիսացավ, որ այս գաղափարը ոչ միայն ծնվեր, այլև իրականություն դառնար: Ակնկալիքները շատ են, եղածով չենք բավարարվում և ուզում ենք տիեզերական այս սենյակը վերածել կինոթատրոնի, որտեղ մարդիկ կարող են տարբեր գյուղերից գալ և ֆիլմ դիտել: Այս սենյակին կից գործելու է նաև գրադարան, որտեղ լինելու են տարբեր ժանրերի գրքեր՝ հայերեն և վրացերեն լեզուներով: Սրանով մենք ուզում ենք նաև զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի մեր գյուղ», – ասում է Ալբերտ Մկոյանը:

Albert Mkoyan

«Ողջ տիեզերքը մեկ սենյակում» նախագծի նպատակն է երեխաներին և երիտասարդությանը կրթել և ավելի մոտ բերել տիեզերքին՝ տալով տարբեր աշխարհագրական, աստղադիտական գիտելիքներ։

«Այս սենյակը մեզ գիտելիք կտա տիեզերքի մասին, այն ավելի շատ դպրոցահասակ երեխաների համար է: Նրանք կարող են գալ այստեղ և գիտելիքներ ստանալ տիրեզերքի մասին: Մենք անընդհատ փորձելու այս սենյակը համալրել, որպեսզի մշտապես այն հետաքրքիր լինի այցելուների համար: Ամեն օր բաց է լինելու, կարող են այցելել ցանկացած տարիքի և նախասիրության տեր մարդիկ», – ասում է «Ողջ տիրեզերքը մի սենյակում» նախագծի հեղինակներից Մարգարիտա Մարաբյանը:

Senyak

Awesome Foundation Javakhk-ի համահիմնադիր Դավիթ Մկոյանն ասում է՝ հիմնադրամի միտքը շատ պարզ է, հավաքվում են տարբեր մարդկանցով, ովքեր որոշակի գումար են տալիս, արդյունքում երկու ամիսը մեկ 1000 դոլարի չափով դրամաշնորհ է ձևավորվում: Այն տրվում է ցանկացած ուղղվածությամբ, չկա որևէ սահմանափակում, միտքը պետք է հետաքրքիր և կրեատիվ լինի, որ գյուղական համայնքում հետաքրքրություն բերի:

«Առաջինը Դամալայում էր, դրամաշնորհը տվեցինք հակակաֆե-ին, հիմա Կուլիկամում ենք բացում «Ողջ տիեզերքը մեկ սենյակում», իսկ վաղը՝ Ախալցիխեում կբացենք «Թևունց» ցանցային գրադարան: Ամեն մի միտք որոշակի սերմ է տալիս հետաքրքիր մի գաղափարի: Մեր ցանկությունն է, որ մարդիկ հետ գան իրենց համայնքներ: Այսօրվա մեր այս սենյակի նպատակն է՝ հետաքրքրություն առաջացնել դեպի աշխարհագրությունը, ֆիզիկան, տիեզերքը, մեծ հաշվով դեպի գիտությունը, որը ենթադրում է կրթության նկատմամբ հետաքրքրություն, որն անպայման իր տրամաբանական պտուղներն է տալու որոշ ժամանակ անցւ», – նշում է Դավիթ Մկոյանը:

«Ողջ տիեզերքը մեկ սենյակում» սենյակի ցուցադրությունից հետո ՋԱՀ-ի ուսանողական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Մկոյանը շնորհակալագրեր հանձնեց կամավորական աշխատանքների մասնակիցներին, ովքեր նախաձեռնության հեղինակների կողքին են եղել ամենասկզբից և կատարել տարբեր կամավորական աշխատանքներ:

Shnorhakalagir

Այնուհետև հյուրերը այցելեցին Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցի, Հին ջրաղաց և Աբլարում գտնվող Սուրբ Ելենա եկեղեցի։