Ախալցիխեից 17-ամյա Լենա Թաթևոսյանը բացել է «Թևունց»՝ հայերեն գրքերի ցանցային գրադարանը։ Այս գաղափարն իրականացնելու համար նա դրամաշնորհ է ստացել, որին հասել է իր հաստատակամության ու նպատակասլացության շնորհիվ։

Facebook սոցիալական ցանցի տիրույթում նոր էջ է հայտնվել, որում ասվում է.

«Բարի գալուստ Թևունց։ Մենք առաջին Հայալեզու ցանցային գրադարանն ենք Ջավախքում, որը նպատակ ունի նոր որակ բերել Ջավախքին։
Օգտվելով մեր գրադարանից դուք կկարողանաք գտնել և ընթերցել ձեր ցանկալի գիրքը Ջավախքի յուրաքանչյուր կետում` հետ վերադարձնելու նպատակով։

Հիշիր` մենք բաղկացած ենք այն ամենից, ինչ կարդում ենք»։

Գրադարանը դեռ կտեղակայվի Ախալցիխեի «ԱրՄաթ»-ի գրասենյակում, իսկ Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում շուտով կբացվի փոքրաթիվ գրքերով մասնաճյուղ։ Բոլորը կկարողանան գրքեր վերցնել, կարդալ, այնուհետև՝ վերադարձնել։

«Թևունց» ցանցային գրադարանի ստեղծողն ասում է, որ վերջերս Ջավախքի երիտասարդության շրջանում ավելի ու ավելի հաճախ դեռահասները, և ոչ միայն նրանք, չեն կարողանում գտնել իրենց անհրաժեշտ գրքերը, որոնք փնտրում են, ինչի արդյունքում էլ նրա մոտ առաջացել է գրադարան ստեղծելու գաղափարը։

«Ես ինքս մի քանի անգամ գրքեր եմ փոխանակել, և հրաշալի կլիներ, որ այս ամենը կազմակերպվեր և իրականացվեր ցանցային գրադարանի տեսքով։ Ցանցային գրադարանների գաղափարն արդեն լայն տարածում ունի եվրոպական քաղաքներում, ինչի շնորհիվ երիտասարդները սկսում են սիրել գրքերը։ Ջավախքում հայերեն գրքերի պակաս ունենք, ինչը մեզ համար ցավալի փաստ է։

Գրադարանի բնույթն այնպիսին է, որ Ջավախքի բնակիչները հնարավորություն կունենան գրքեր կարդալ և քննարկել դրանք թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում։ Նախնական փուլում գրադարանը տեղակայվելու է «ԱրՄաթ»-ներում, ինչը միաժամանակ երիտասարդների համար մոտիվացիա է դառնալու այս կենտրոններ այցելելու համար»,- ասում է Լենան։

Լենան սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, դեռ վրացերենի ուսուցման ծրագրով, սակայն ուսումը կշարունակի ծրագրավորման ոլորտում։ Զուգահեռաբար աշխատում է ՋԱՀ-ում, Ախալցիխեի «ԱրՄաթ»-ի խմբավարն է, ինչպես նաև կամավոր աշխատում է տարբեր հասարակական կազմակերպություններում։

2022 թվականի ապրիլին Լենան իմացել է «Awesome Foundation Javakhk»-ի դրամաշնորհային ծրագրի մասին և անմիջապես դիմել է Ջավախքում առաջին հայալեզու գրադարանը բացելու գաղափարով։ Այդ ժամանակ նա հասավ մինչև եզրափակիչ փուլ, բայց դրամաշնորհը չստացավ։ Սակայն Լենան չհանձնվեց և երկրորդ անգամ դիմեց, սակայն նորից չստացվեց։

«Ես կրկին չհանձնվեցի և ասացի՝ երազանքները թույլերին չեն սիրում», – կիսվում է Լենան:

Համառ փորձերից հետո Լենան վերջապես երրորդ անգամ հասավ իր նպատակին և դարձավ դրամաշնորհային մրցույթի հաղթող՝ շահելով 1000 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհի ողջ գումարն ուղղվել է գրադարանի համար գրքեր ձեռք բերելուն։ Խոսելով իր գրադարանի մասին՝ նա նշում է, որ «Թևունցը պայքարի և անզիջողականության ժամանակ բացված գրադարան է»։

Լենան ցանկանում է շնորհակալություն հայտնել «Awesome Foundation Javakhk»-ին ֆինանսավորման և ՋԱՀ-ին՝ տարածք տրամադրելու համար: Նա նաև հայտնում է, որ բոլորը կարող են աջակցել ծրագրին` գրադարանին գրքեր նվիրելով:

«Սովորաբար ամենամեծ փոփոխությունները սկսվում են ամենափոքր քայլերից»,- եզրափակում է Լենա Թաթևոսյանը։