Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղը մունիցիպալիտետի ամենալեռնային և հեռավոր գյուղերից է, որը գտնվում է ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Գյուղում վաղուց գազիֆիկացման, ճանապարհների ասֆալտապատման, ջրամատակարարման և շատ այլ խնդիրներ կան։ Ջեռուցման հերթական սեզոնը Աբուլ գյուղում սկսվեց վառարաններով, վառելափայտով ու աթարով։

Աբուլ գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղում ոչ մի խնդիր չի լուծվում։ Առավել հրատապ, հատկապես ձմռան գալուստի հետ միասին, գյուղում զգացվում է բնական գազի բացակայությունը։

«Վառարանն արդեն 2 ամիս է դրած է: Ընդհանուր առմամբ տունը տաքացնում ենք մոտ 7 ամիս: Սեզոնին գնում ենք 2-3 շարք վառելափայտ, ինչպես նաև աթար ենք վառում»,- ասում է գյուղի բնակիչներից Խոցանյանը։

Նրա խոսքով, ջեռուցման սեզոնն ընտանիքի վրա նստում է միջինը 1500-2000 լարի։

«Մենք չենք հասկանում, թե ինչու են կողքի գյուղերը գազաֆիկացված, իսկ մերը` ոչ: Նույն վիճակն է ասֆալտի դեպքում, մեր մոտից մինչև Կարտիկամ 6 կմ է, բայց Կարտիկամի ճանապարհն ասֆալտապատված է, իսկ մեր` ոչ»,- դժգոհում է Խոցանյանի կինը:

Աբուլ գյուղի դպրոցը վերանորոգվել է 2020 թվականին, սակայն այնտեղ դասասենյակները դեռ ստիպված են ջեռուցել վառարաններով։

«Տեսե՛ք, 21-րդ դարում մենք տաքանում ենք վառարաններով: Քանի անգամ է արդեն այս հարցը բարձրացվել, ոչ մի օգուտ չկա, մեզ ոչ ոք չի ուզում լսել»,- ասում է Արարատ Երիցյանը։

Աբուլ գյուղը մունիցիպալիտետում ամենախնդրահարույց գյուղերից է։ Այստեղ, բացի գազի բացի, չկա նաև նորմալ ճանապարհ, դժվար է գյուղից քաղաք հասնելը, կա նաև ջրամատակարարման խնդիր, և այս ամենը երկար տարիներ է լուծում չի ստանում։ Աբուլցիները դժգոհում են, որ ոչ ոք չի մտածում իրենց մասին։

Աբուլ գյուղի խնդիրները, ինչպես կային, այնպես էլ չլուծված մնացել են

Աբուլ գյուղում ծորակներից դարչնագույն ջուր է հոսում

Աբուլ գյուղում երազում են բնական գազ ունենալ

Աբուլ գյուղում բազմամյա ջրամատակարարման ծրագիրը չի աշխատում

Աբուլ գյուղի առօրյան (ֆոտոպատմություն)