Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղի բնակիչները դժգոհ են, որ բազում բողոքներից հետո նրանց ոչ մի խնդիր դեռևս լուծված չէ: Գյուղը չունի բնական գազ, չունի նորմալ ճանապարհներ և ամենակարևորը` խմելու ջուր:
Գյուղացիները բողոքում են, որ արդեն մի քանի տարի աշխատանքներ են տարվում Աբուլի ջրամատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն, նրանք դեռևս ջուր չունեն: Աբուլում ապրում է մոտ 120 ընտանիք, այստեղ կան մի քանի աղբյուրներ, բնակիչները ամեն օր մի քանի անգամ ջուր են կրում դույլերով:
Գյուղացիների պնդմամբ՝ վերջերս ջրամատակարարման գծի որոշ մասերում խողովակները փոխվել են, բայց դա չի լուծել գյուղում ջրամատակարարման խնդիրը: Գյուղի բնակիչ Արա Խոցանյանի խոսքով՝ անհրաժեշտ է փոխել բոլոր խողովակները, որպեսզի խնդիրը լուծվի:
«Խողովակի մեջ մթնոլորտային ճնշումը չի համապատասխանում ջրի ճնշմանը, ուստի խողովակները պայթում են», – ասում է Արա Խոցանյանը:
Ինչպե՞ս և երբ կլուծվի այս հարցը, մենք փորձեցինք պարզել Աբուլում քաղաքապետի ներկայացուցչից՝ Սամվել Կարախրխզյանից:
«Խողովակները արդեն բերել են, և շուտով դրանք կսկսեն վերանորոգվել», – ասում է վերջինս:
Գյուղի բնակիչ Անասա Յորդանյանի խոսքով՝ գյուղում բազմաթիվ բողոքներից հետո ոչինչ չի փոխվել: «Ասում են, որ շուտով ջրի խնդիրը կլուծվի, տեսնենք, թե ե՞րբ: Դեռ ոչ մի նման բան չի արվում», – ասում է նա:
Ինչպես ասում են գյուղացիները, իրենց միշտ վստահեցնում են, որ շուտով ամեն ինչ կհարթվի, բայց գյուղում դեռևս խմելու ջուր չկա:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ գյուղում ջրավազան էր կառուցվել, տեղադրվել էին պոմպեր: Գյուղի համար ջրամբարը կառուցվել էր բարձրադիր վայրում: Այնուհետև կառուցել էին բաշխիչ համակարգը, մինչև բնակիչների տներ էին հասցրել, ջրի խողովակները պայթել էին:
Բրատիսլավ Իգիթխանյան