Աբուլ գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղը գազիֆիկացված չէ և խնդրում են օգնել իրենց:
Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի հարավ-արևելքում՝ Աբուլ լեռան ստորոտին: Ախալքալաքից մինչև Աբուլ գյուղ հեռավորությունը մոտ 7 կմ է: Աբուլ գյուղում ապրում է 120 ընտանիք: Գյուղում բնական գազ ունենալը մարդկանց գլխավոր ցանկությունն է:
«Մեզ մոտ 8 ամիս ձմեռ է: Եթե նորմալ օգտագործենք, 300 լարին չի հերիքի մի ամսվա մեջ միայն գազի բալոնները լիցքավորելու համար: Մեկ բալոնն արժե 50 լարի և հերիքում է երկու անգամ ճաշ պատրաստման համար: Մենք արդեն փոխել ենք 7 պատգամավոր, բոլորը խոստանում են», – դժգոհում է Աբուլ գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, բայց հիմնականը ճանապարհներն են, գազամատակարարումը և խմելաջուրը:
Մեկ այլ բնակիչ դժգոհում է, որ իրենց գյուղը շրջանում ամենահետամնացն է:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, և գյուղում չկա գազ, ջուր, ճանապարհներ: Մնացած գյուղերում ամիսը 30 լարի են մուծում գազի համար, ներառյալ լողանալը, իսկ մենք միայն ճաշ պատրաստելու համար 250-300 լարի ենք ծախսում », – ասում է բնակիչը:
SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանն ասաց, որ Աբուլ գյուղի բնակիչները նամակով դիմել են, գազիֆիկացնել գյուղը, սակայն, թե ինչու այն չի գազաֆիկացվում, նա իրավասու չէ պատասխանել:
SJGC- ի հիմնադիրներից Արամ Սանոսյանն ասում է, որ մոտ ժամանակներս Աբուլ գյուղի գազաֆիկացում նախատեսված չի:
«Մենք երազում ենք, որ բոլոր գյուղերը գազիֆիկացվեն, սա է մեր նպատակը, բայց գյուղերի հետ կապված դժվարություններ կան, մենք ավարտել ենք գազիֆիկացման ծրագիրը: Մեր ծրագրում Աբուլ գյուղի գազիֆիկացումը ներառված չէ, քանի որ այն փոքր է և եկամտաբեր չի: Ինչ-որ մեկը պետք է փոխհատուցի մեր ծախսերը կամ նրանք, կամ պետությունը », – ասում է նա:
Ըստ շրջանների 2019-2021 թ.թ. գազիֆիկացման պետական ծրագրի, Ախալքալաքի մունիցիպալիտետում գազաֆիկացվելու են Պտենա և Չունչխա գյուղերը: Շրջանների գազիֆիկացման համար պետությունը կծախսի 209 միլիոն լարի: Կառավարությունն հայտարարում է, որ այս ծրագրի արդյունքում ողջ Վրաստանով բնակչության 85% -ը արդեն կապահովվի բնական գազով: