Դեկտեմբերի 16-ին, Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի մահացած բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի ընտանիքի անդամներն ու փաստաբանները, ծանոթացել են Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից պատրաստված զեկույցին, որտեղ նշված է, որ բուժքրոջ մահվան պատճառն անաֆիլակտիկ շոկն է եղել։
Ընտանիքի փաստաբան Նինո Ամագլոբելիի խոսքով՝ դատախազությունն իրենց չի փոխանցել ցեկույցը, թեպետ փաստաթղթին կարճ ժամանակով ծանոթացել են տեղում։ Եզրակացության համաձայն՝ Մեգի Բաքրաձեն մահացել է անաֆիլակտիկ շոկից: Այս մասին հայտնում է sknews.ge-ն։
Թե ինչի՞ց է առաջացել անաֆիլակտիկ շոկը, հայտնի կդառնա հաջորդ շաբաթ՝ զեկույցը փաստաբաններին հանձնելուց հետո։
Հիշեցնենք, որ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի բուժքույր Մեգի Բաքրաձեն վատացել էր 2021 թվականի մարտի 18-ին՝ AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութը ստանալուց հետո։ Նույն օրը բուժքրոջը տեղափոխել էին Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա, սակայն բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը։ Երիտասարդ կինը մահացել է մարտի 19-ին: