Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո՝ վերակենդանացման բաժանմունք տեղափոխված բուժքրոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԹՊԲՀ Առաջին համալսարանական կլինիկայի կլինիկական տնօրեն Լալի Թուրձելաձեն:

«COVID-19»-ի դեմ պատվաստումից հետո առաջին լուրջ բարդությունը Վրաստանում գրանցվել է մարտի 18-ին: «AstraZeneca» պատվաստանյութի ներարկումից հետո, ենթադրվում է, որ Ախալցիխե քաղաքից 27-ամյա բուժքրոջ մոտ զարգացել է անաֆիլակտիկ շոկ: Նախորդ գիշերը նրան ռեանոմոբիլով տեղափոխել են Թբիլիսի:

Թուրձելաձեի փոխանցմամբ՝ փորձագետները հետևում են դինամիկային: Միայն այսօր առավոտյան է նրա վիճակը հաջողվել կայունացնել:

«Այս փուլում պացիենտի վիճակը կայուն է: Այժմ անցկացվում է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնց արդյունքները հաշվի կառնվեն բուժման անհրաժեշտ մարտավարության մշակման համար», – ասել է Թուրձելաձեն «Formula» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

Առաջին համալսարանական կլինիկայի բժիշկների խորհուրդը նախօրեին քննարկել էր բուժքրոջ բուժման մարտավարությունը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն և նրա տեղակալ Թամար Գաբունիան:

Վրաստանի առողջապահության նախարարությանն առընթեր Կարգավորող գործակալությունը սկսել է այս միջադեպի հետաքննությունը: Տիկարաձեն հավաստիացրել է, որ փաստը մանրակրկիտ կուսումնասիրվի:

Վրաստանում «COVID-19»-ի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Առողջապահության նախարարության որոշմամբ՝ «AstraZeneca» պատվաստանյութը կշարունակի օգտագործվել բժշկական անձնակազմին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար՝ չնայած Ախալցիխեում գրանցված ծանր ռեակցիայի զարգացմանը: