Ախալքալաքի մունիցիպալիտետի «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում կատարվող աշխատանքներն ավարտական փուլում են։ Աշխատանքների 80%-ն արդեն ընդունվել և վճարվել է, 15%-ը գնահատման և ընդունման փուլում է, և միայն Գոման գյուղում դեռ աշխատանքները չեն ավարտվել։
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետի պաշտոնակատար Արա Մովսիսյանի, ծրագրով նախատեսված գումարների 80%-ն արդեն փոխանցվել է ընկերություններին, ինչը նշանակում է, որ նրանց աշխատանքն արդեն ընդունվել է քաղաքապետարանի հանձնաժողովի կողմից։ Աշխատանքների 95%-ն արդեն ավարտված է, սակայն 15%-ը դեռ գնահատման և ընդունման փուլում է։ Բոլոր գյուղերը, բացի Գոման գյուղից, արդեն ավարտել են իրենց աշխատանքները։ Գոմանում կառուցում են հասարակական զուգարան:
«Մնացած գյուղերում աշխատանքներն ավարտված են, ընթանում է փաստաթղթերի հետ կապված գործընթաց: Աշխատանքի ընթացքում որևէ խնդիր չի եղել: Մենք ժամկետների մեջ տեղավորվում ենք, որը մինչև դեկտեմբերի վերջն է»,- ասաց Արա Մովսիսյանը։
ՕԳԾ-ի աշխատանքների ընթացքում երեք գյուղ փոխել են իրենց առաջնահերթությունները, դրանք Բարալեթ, Մերենիա և Տրկնա գյուղերն են։ Եվս երեք գյուղ մինչ աշխատանքի մեկնարկն են փոխել իրենց առաջնահերթությունները, դրանք Ղադոլար, Սիրկվա, Բալխո գյուղերն են։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի, ինչպես և նախորդ տարի, ՕԳԾ-ի շրջանակներում, ստացել է 922 000 լարի: Ամենից հաճախ գյուղերն այս տարի ընտրել են սպորտային ենթակառուցվածքների վերականգնում-կառուցում կամ մարզագույքի գնում, լուսավորության անցկացում, ոռոգման համակարգի, խմելու ջրի վերականգնում և այլն:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի: Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։