Հասարակություն 5 Հունիսի, 2019 • Շենքը վերջապես պատրաստ է, բայց մանկապարտեզը Կուլիկամում չի գործում

Կուլիկամ գյուղում չորս տարի տևած մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտված է, սակայն Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրինությունից հայտնում են, որ նախակրթարանի գործնեության համար նախատեսված գումար չունեն:

Ամենայն հավանականությամբ, նոր մանկապարտեզը կգործի 2020 թվականից:

Դեռ 2016 թվականին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում սկսվեց մանկապարտեզի նոր շենքի կառուցումը, որն ավարտին հասցվեց միայն այս տարի:

Նախակրթական տարիքի երեխաների ծնողները պահանջում են նորմալ մանկապարտեզ՝ ալտերնատիվի փոխարեն: Այս պահի դրությամբ գյուղում գործող ալտերնատիվ մանկապարտեզ է հաճախում 13 երեխա, իսկ ավելի քան 30 երեխա քաղաքի մանկապարտեզներ:

Թե մանուկների ծնողները, թե Մանկապարտեզների միավորման տնօրենն այս ամենի պատճառը համարում են ալտերնատիվ մանկապարտեզի շենքային պայմանները:

Պայմաններն այսպիսին են՝ վարձակալած տուն, առանց լուսավորության հնարավորության, առանց զուգարանի, իսկ ջեռուցումը՝ փայտե վառարանով: Հատակին փռված հնամաշ գորգերը ծնողներն են բերել իրենց երեխաների համար:

Ախալքալաքի Մանկապարտեզների միավորումը Կուլիկամում ալտերնատիվ մանկապարտեզի շենքի համար ամեն ամիս 200 լարի վարձակալության գումար է տալիս, ավելացրած՝ 2 դայակի, 2 դաստիարակի և այլնի համար:

Գյուղում մանկապարտեզի տարիքի երեխաներ շատ կան, իսկ ինչի՞ չեն հաճախում գյուղի մանկապարտեզ հարցը շատ պարզ պատասխան ունի, որովհետև պայմաններ չկան:

«Յուրաքանչյուր ծնող աշխատում է, ամեն ինչ անում է, որ իր երեխան ավելի լավ մանկապարտեզ հաճախի: Ես իմ երեխային քաղաք եմ տանում, որովհետև այստեղ ահավոր է: Մի տարի ուղարկեցի ալտերնատիվ, հետո տեղափոխեցի քաղաք, չնայած, որ տեղափոխությունը հավելյալ միջոցներ ու ժամանակ է պահանջում ինձանից: Բայց մեկ տարվա մեջ իմ երեխան մի անգիր նույնիսկ չէր սովորել, ուտելիք չկար, ոչ մի բան չկար», – պատմում է մի ծնող, ով վստահեցնում է, եթե գյուղում նոր մանկապարտեզը նորմալ գործի և երեխաների հետ աշխատեն մասնագետ մանկավարժներ, միայն այդ դեպքում իր երեխային քաղաքից գյուղ կբերի:

Արդեն 7 տարի է Կուլիկամի ալտերնատիվ մանկապարտեզը գործում է նույն պայմաններով: Ճիշտ է, դաստիարակներն ու դայակները տարիների ընթացքում փոխվել են, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ վերապատրաստման ոչ մի կուրս չի անցել:

Չորս տարի առաջ սկսված նոր շենքի կառուցումն ավարտված է, բայց հիմա էլ մեկ այլ խնդիր կա: Պարզվում է Մանկապարտեզների միավորման տարեկան բյուջեում նոր նախակրթարանի գործնեության ու շենքի կահավորման համար նախատեսված գումար չկա:

«Կուլիկամի մանկապարտեզի շինարարությունն ավարտվել է, բայց գումար չկա նախատեսված՝ ոչ կահույքի, ոչ աշխատավարձի, ոչ ուտելիքի համար: Դրա համար այս տարի չի բացվի»,- Jnews-ին հայտնեց Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Վերջինս մեկ ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնին: Տեղյակ չէ, թե ինչու՞ տարեկան բյուջեում նախատեսված գումար չկա այս մանկապարտեզի համար: Նա ընդամենը երկու օր առաջ շրջայց է կատարել Կուլիկամ և Կարտիկամ գյուղերում գործող ալտերանտիվ մանկապարտեզներում:

«Ներս եմ մտել ժամը 15:30-ին, ոչ մի երեխա չկար, իսկ աշխատողները մաքրում էին, որ տուն գնային: Ես ի վիճակի չեմ այդպես մանկապարտեզ պահել: Առավոտյան 9-ից 6-ն իմ դայակը քաղաքում ստանում է նույն փողը, իսկ իրենց երկու դայակն ու դաստիարակը մեկ ժամ են գնում և ստանում նույն գումարը: Սա ֆինանսական խախտում է, եթե իրենք ուզում են երկու խումբ աշխատի, ես այդպես կանեմ, կթողնեմ մեկ հաստիք, որը կկիսեմ երկուսի մեջ: Բայց ամենակարևոր խնդիրն այստեղ այն է, որ մանկապարտեզում երեխա չկար: Ինչի պետք է երկրորդ հերթափոխ լինի, եթե երեխա չկա: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ եմ անելու, բայց այս հարցին լուծում է պետք: Երևի նոր կառուցված շենք կտեղափոխեմ իրենց ունեցած կահույքով ու խաղալիքներով, բայց ավել բան չեմ կարող անել»,- ասաց Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Իսկ, թե կոնկրետ երբ կգործի Կուլիկամ գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքը անհայտ է: Ծնողներին ու մանուկներին մնում է սպասել …

Աղունիկ Այվազյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝