«Եթե չուտեմ, ուրեմն հերիքում է: Ձմռանն ավելի դժվար է, գազ եմ վառում, ամսական 50-60 լարի գազի փող եմ տալիս, շատ դժվար է: 54 լարի սոցօգնություն էին տալիս դա էլ կտրեցին, ինձ գումարն այդքան էլ չի հետաքրքրում, ինչքան իմանալ, թե ինչու՞ կտրեցին»,- ասում է 80-ամյա միայնակ թոշակառու Սանդրիկ Ավետիսյանը: Նա ամսական 250 լարի կենսաթոշակ է ստանում:

Սանդրիկ Ավետիսյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Կումուրդո (հեղ. Գումբուրդո) գյուղում: Կնոջ մահվանից հետո, արդեն տարի ու կես է նա միայնակ է ապրում: Միակ աղջիկն ամուսնացել է և ընտանիքով տեղափոխվել ապրելու Ռուսաստան: Եվ սոցիալական պայմաններից ելնելով դուստրը չի կարողանում հաճախակի հորը տեսության գալ:

Avetisyan3

«Իմ կնոջ՝ Նազիկի մահվանից հետո միայնակ եմ ապրում: Դժվար է, շատ դժվար, գոնե օգնությունս չկտրեին: 5-6 տարի սոցօգնություն ստացա, բայց չգիտես ինչու կտրեցին, ասում են՝ բալերդ շատ են եկել: Ասում են՝ տունդ շատ բան ունես, բայց ինչ ունե՞մ, ես եմ ու իմ կատուն», – պատմում է միայնակ ծերունին:

Բանն այն է, որ հերթական ստուգումների արդյունքում, երկու տարի առաջ Սոցիալական ծառայության աշխատակիցները հաշվել են Սանդրիկ Ավետիսյանի սոցիալական բալերը, որի արդյունքում կտրել են նրա սոցօգնությունը: 2019 թվականի դեկտեմբերին Սոցիալական ծառայության աշխատակիցները նորից են հաշվել և գրանցել սոցիալական բալերը, և հիմա Սանդրիկ պապը հույսով սպասում է, որ կվերականգնեն սոցօգնությունը:

«Ասացին՝ սպասեք, աշխատողն ինքը զարմացավ, թե ինչի են կտրել օգնությունը», – ասում է կենսաթոշակառուն:

Avetisyan4

Ըստ 80-ամյա Սանդրիկ Ավետիսյանի՝ պետությունն ուշադրություն չի դարձնում կենսաթոշակառուներին:

«Ասում են 240 լարիով ապրի, ոնց ուզում ես, ապրի: Ապրեցիր, ուրեմն հերոս ես: Հետո էլ ասում, թե մինչև հիմա ոնց ես յոլա գնացել այդ գումարով, որ հիմա էլ դժգոհում ես: Եվրոպայում իմ տարիքի մարդիկ ճամփորդում են, աշխարհ տեսնում, իսկ մենք գյուղից քաղաք հասնելու համար փող չունենք, որ գնանք դեղորայք գնենք կամ 1 կգ միրգ»:

Սանդրիկ պապիկը հիվանդ է, աչքերն արդեն չեն տեսնում, տարիքն իրենն ասում է, ճնշում ունի, հոդացավ և այլն: Հիվանդանոցում հերթական ստուգումներն անցնելուց հետո բժիշկը դեղեր է նշանակել, դեղատանը հաշվել են և գումարը կազմել է 90 լարի: 80-ամյա Սանդրիկ Ավետիսյանի ունեցած գումարը չի բավականացրել, վերջինս ստիպված դեղորայքի կեսն է գնել:

«Մի ամիս պետք է ցամաք հաց ու պանիր ուտեմ, ուրիշ տարբերակ չկա, որ դեղի գումար ունենամ»,- նշում է Սանդրիկ պապիկը:

«Աչքս չի տեսնում, խնդիրներ ունեմ, հիվանդանոցում հերթագրվել էի, մի ամիս առաջ զանգեցին, թե արի վիրահատենք, 26-ին նշանակված է վիրահատությունը, բայց ինչպես գնամ վիրահատվեմ, ո՞վ է ինձ ճաշ պատրաստելու, խնամելու, ո՞վ է աչքիս մեջ դեղ կաթեցնելու… ո՞վ…»,- խոնավ աչքերով պատմում է Սանդրիկ պապիկը:

Avetisyan8

Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայությունից հայտնում են, որ Սանդրիկ Ավետիսյանը քաղաքապետարանից տարի մեկ անգամ 100 լարի սոցիալական օգնություն է ստանում: