Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում գտնվող գեղեցկության սրահը, որը բացվել է 2020 թվականին Եվրամիության կողմից ֆինանսավորվող ENPARD-2 ծրագրի շրջանակներում, սահմանափակ է գործում։ Այսօր այնտեղ ջեռուցում չկա։ Նախագիծը շահած Զեմֆիրա Մկոյանը դեռ չի փակել նախագծում իր ներդրման համար վերցրած վարկը։
Զեմֆիրա Մկոյանը, Խուլգումոյում գեղեցկության սրահ բացելու համար, մասնակցել է LAG -ի մրցույթին և շահել դրամաշնորհ։ Նա 26 հազար լարիի դրամաշնորհ է ստացել իր բիզնեսը ստեղծելու համար և ևս 23 հազար լարի, վերցնելով բանկային վարկ, նախագծում ներդրել է ինքը։ Այսօր բիզնեսը չի ծաղկում, վարկը նա մեկ տարուց կփակի, բայց այն փակում է ոչ թե սրահի եկամուտից, այլ իր հիմնական աշխատավարձից։
Խուլգումո գյուղի գեղեցկության սրահը բացվում է միայն այն ժամանակ, երբ հաճախորդները զանգահարում են և ցանկանում են վարսահարդարվել: Սրահում երկու հոգի է աշխատում՝ վարսահարդարը և ինքը՝ սրահի սեփականատերը, ով մատնահարդար է, նաև շտկում է հոնքերը։ Զեմֆիրա Մկոյանը, եթե հաճախորդներ են լինում, նրանց սպասարկում է իր տանը, որը մոտ է, իր աշխատասեղանը տարել է տուն։ Իսկ եթե վարսավիրանոցում հաճախորդ կա, ապա սրահը ժամանակավորապես տաքացնում են էլեկտրական վառարաններով։ Ջեռուցման համակարգ գեղեցկության սրահում անցկացված է, սակայն գազը միացված չէ։ Զեմֆիրան ասում է, որ արդեն երկու տարի է դիմում են գրել գազի ընկերությանը և սպասում են միացմանը։
«Բիզնեսը զարգացնելու մտադրություն դեռ չկա, ես ուրիշ աշխատանք ունեմ, վարսավիրն էլ քաղաքում է աշխատում, 2 օր էնտեղ է աշխատում, 2 օր նա տանն է»,- ասում է Զեմֆիրա Մկոյանը։
Նրա խոսքով, հաճախորդները քիչ են և հիմնականում գյուղի բնակիչներն են, շատ հաճախորդներ եղել են, ինչպես ինքն է ասում, Օրջա գյուղից, իր ծանոթներն են գալիս նաև Կուլիկամ գյուղից։
Զեմֆիրան պատմում է, որ երեք ամիս անընդմեջ իրենք անընդհատ սրահը բացել են, հետո սրահում նաև դիմահարդար է եղել, աշխատողները միշտ եկել են, բայց հաճախորդներն այդքան էլ շատ չեն եղել, ուստի վարսավիրն այլ աշխատանք էլ է գտել։ Իսկ դիմահարդարը հեռացել է աշխատանքից։ Ինքը՝ Զեմֆիրա Մկոյանը, աշխատում է Խուլգումո գյուղի մանկապարտեզում որպես վրացերենի ուսուցչուհի։
Առայժմ Զեմֆիրան չի մտածում բիզնեսի զարգացման մասին, քանի որ աշխատում է և նրա երեխան դեռ փոքր է։ Դե իսկ հետո, ինչպես ինքն է ասում, ժամանակը ցույց կտա։