Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 10-ամյակը:

10-ամյակի առիթով հայկական Երիտասարդական կենտրոնը մարտի 17-ին մարդաշատ էր՝ մտավորականներ, պաշտոնյաներ, բազմաթիվ երիտասարդներ, և պարզապես մարդիկ, ովքեր համախմբված են ազգային այս կենտրոնի շուրջ: Կենտրոնի հոբելյանական տարեդարձին հրավիրված բազում հյուրերի շարքում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության մերձավոր սփյուռքի հետ կապերի բաժնի պատասխանատու պարոն Տարոն Շագոյանը, Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պատասխանատուները:

kentron2

Հայկական Երիտասարդական կենտրոնի 10-ամյակին նվիրված միջոցառումն ազդարարվեց Վրաստանի ու Հայաստանի պետական օրհներգների կատարմամբ, որից հետո Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց ԱԵԿ-ցիներին, բարձր գնահատելով հայ երեխայի հայեցի դաստիարակման և մայրենի լեզվի պահպանման գործում Երիտասարդական Կենտրոնի կատարած աշխատանքը:

kentron3

Շնորհավորելով կենտրոնի 10-ամյակը՝ ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը հակիրճ ներկայացրեց Ախալցխայում, Ախալքալաքում և Նինոծմինդայում գործող Կենտրոնների դերն ու առաքելությունը տարածաշրջանում, տարիների կատարված աշխատանքն ու ձեռքբերումները:

«Նմանօրինակ կենտրոն ստեղծելու և ակտիվ գործունեություն ծավալելու համար նախ և առաջ պահանջվել է մեծ նվիրում: Երիտասարդական կենտրոնի ձեռքբերումը բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքն է, որ ակնառու է», – նշեց Թադևոսյանը:

Անդրադառնալով կենտրոնի գործունեության ձևաչափին վերջինս կարևորեց, որ այս կենտրոնը այսօր համախմբել է տարբեր տարիքի և նախասիրությունների տեր հարյուրավոր երիտասարդների՝ նպատակ ունենալով ազգայինի վերարժեվորումը:

kentron

Այսօրվա դրությամբ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում գործում է շուրջ 22 խմբակ՝ Հայոց լեզվի և գրականության, Հայոց պատմության, ազգային երգի ու պարի, և այլն:

Գեղարվեստական տարբեր համարներով հանդես եկան ոչ միայն Երիտասարադական կենտրոնի «Հայք» պարային համույթը, այլև Գյումրիի «Ընտանիք», Ախալցխայի ու Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնների սաները, «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից, գյումրեցի Կարեն Աթոյանը և այլք:

kentron1

Հավելենք, որ Երիտասարդական կենտրոնի 10-ամյակին շնորհավորական ուղերձներ էին հղել՝ ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը, Վրաստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ ԿԳ նախարարի ու Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և այլք:

Աղունիկ Այվազյան