Ախալքալաքի լողավազանի բացումը կրկին հետաձգվում է, պատճառը առաջիկա վերանորոգման աշխատանքներն են, որոնց համար նախապես տենդեր կհայտարարվի։

Ախալքալաքի լողավազանը սեպտեմբերի սկզբին մեկ ամսով փակվել էր։ Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ այն պետք է բացվեր մաքրման աշխատանքներից հետո՝ մեկ ամսից, այսինքն՝ հոկտեմբերի սկզբին։ Այսքան ժամանակ է պահանջվում ջուրը թափելու, մաքրելու, նորից ջուր լցնելու և տաքացնելու համար։ Սակայն արդեն 2 ամիս է անցել, իսկ լողավազանը դեռ բաց չէ։ Հոկտեմբերին Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի լողավազանի տնօրենն ասել էր, որ դեռ հայտնի չէ, թե երբ այն կբացվի, որպես պատճառ նա նշել էր տեխնիկական խնդիրները։ Շուրջ 20 000 լարի արժողությամբ տեխնիկական հարցերը կարող են լուծվել վերանորոգման տենդերը հայտարարելուց հետո։

«Վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն ըստ տենդերի, այն կբացվի 14-ին, վերանորոգման աշխատանքները ենթադրում են հոսանքի, կոյուղու հետ կապված խնդիրների վերացում, ժանգը հոսում է լողավազան, քլորի պատճառով ժանգ է առաջացել, պետք է ժանգից մաքրենք: Փոքր լողավազանում չի աշխատում ջրի ֆիլտրը, այն պետք է փոխվի: Թե որքան կտևի այս ամենը, կախված է տենդերից, մոտ 15-20 օր է պահանջվում աշխատանքների համար: Կփորձենք այնպեա անել,որ հնարավորինս արագ լինի, ուզում ենք, որ լավ լինի: Թե չէ կարող էին այս վիճակում էլ բացել»,- մեկնաբանեց Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը։

Նշենք, որ այս մունիցիպալ հիմնարկի եկամուտը կազմում է 10 000 լարի, իսկ ծախսերը՝ տասնապատիկ անգամ ավելի՝ 2020 թվականին լողավազանի շահագործման համար հատկացվել է 177 000 լարի, 2021 թվականին գումարը նվազել է մինչև 93 000 լարի։ Այս տարի լողավազանի բյուջեն կազմում է 188 800 լարի։ Ընթացիկ տարվա ամառվա ժամանակահատվածում՝ մաքրման նպատակով փակվելուց առաջ, լողավազանում այցելուների թվի աճ էր գրանցվել։ Լողավազանում մաքրման համար յուրաքանչյուր փակումից հետո տեխնիկական խնդիրներ են առաջանում, որոնց վերացումը ամիսներ է տեւում, պատահել է այնպես, որ նույնիսկ տարիներ։