Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում անգլերենի խմբակի նախաձեռնությամբ անցկացվեց ցուցահանդես-միջոցառում «Աշնանային բերք ու բարիք» թեմայով։

IMG_9796

IMG_9846

Միջոցառման ընթացքում Երիտասարդական կենտրոնի սաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները ցուցադրեցին ջավախքյան, ավանդական տարբեր ուտեստներ։ Համով ցուցանմուշներից էին. մախոխ ապուր, չորթան ապուր, ավելուկով բանջար, խաշիլ, ավելուկով աղցան, տապակած ավելուկ, շաղգամի թթույով պատրաստած մսով ապուր (յայնի), խաշած և փշրած փոխինձ, ճմուռ, փենիր փափասի։ Կանայք թոնրի վրա պատրաստեցին կարտոֆիլի կոտլետներ, տապակած և խորոված կարտոֆիլ։ Ինչպես նաև ներկայացվեց Ջավախքում պատրաստվող թթուների գույնզգույն, լայն տեսականի։

IMG_9825

IMG_9787

IMG_9817

«Շնորհակալ ենք Առաքելական եկեղեցուն, որ տարիներ շարունակ կազմակերպում է գաթայի, ղափամայի, տոլմայի, հարիսայի փառատոն։ Մենք ունենք այնպիսի ճաշատեսակներ, որոնք այսօր մոռացության են մատնվել, բայց՝ և նախկինում, և այսօր ևս կարող են դառնալ յուրաքանչյուր հայկական օջախի պատվավոր հյուրի համար հյուրասիրության ճաշատեսակ», – ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը։

tuk banjareghen

Թադևոսյանը նաև նշեց, որ շատ կարևոր է հին ու ավանդական ուտելիքների պատրաստման եղանակը փոխանցել նոր սերունդներին։

«Ես մեր բոլոր տիկնանց, ծնողներին առաջարկում եմ ուսումնասիրություններ, փնտրտուքներ։ Դեռ կենդանի են այն տատիկները, ովքեր այնպիսի ճաշատեսակներ գիտեն, որ հիմա հիմնականում չի պատրաստվում։ Դա պետք է բերել, հասցնել և կարողանալ սերունդներին փոխանցել, դա շատ կարևոր է», – հավելեց Թադևոսյանը։

IMG_9847

Տիկնայք մեծ սիրով էին պատրաստել ավանդական ուտեստները, որոնցից շատերը պատրաստում են նաև իրենց տանը։

«Սովորել ենք մեր մեծերից՝ տատիկներից, մայրիկներից։ Մեր ընտանիքի մեջ ամենասիրված ճաշատեսակը ավելուկով բանջարն է, թըթըրբերակին, բլղուրով խաշիլը, կաղամբով ու բլղուրով քրջիկը, թանով ապուրը։ Իմ աղջիկը շատ լավ տիրապետում է մեր ավանդական ճաշատեսակների պատրաստման եղանակներին, քանի որ մենք տանն ունեցել ենք տատիկ, ինքը միշտ պատրաստել է, շատ հոյակապ ձևով, իսկ մենք շարունակում ենք ավանդույթը», – ասաց Սողոյան Լեռնուհին։

IMG_9831