Վրաստանում կողք-կողքի ապրում են տարբեր ազգությունների, էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Առօրյայում նրանց շփումը սովորական է, էթնիկ պատկանելիությունից ելնելով երկրում բախումներ շատ հազվադեպ են լինում, սակայն ատելության լեզուն ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում: Jnews-ը փորձել է պարզել խնդրի էությունը, թե ինչ պատճառներով է Վրաստանում արթնանում ատելության լեզուն և ինչի կարող է այն հանգեցնել։

2023 թվականի մայիս ամսին համացանցում մի քանի դեպք եղավ,  որը կոնկրետ ուղղված էր ատելության լեզվի արթնացմանը կամ պարունակում էր հենց այդ լեզուն:

Եթե այդ ամենին նայենք ազգային, էմոցիոնալ տեսանկյունից, ապա դրանք  ատելություն և անդունդ են առաջացնում այսպես ասած «տարբերների» միջև: Իսկ, եթե այդ ամենին նայում են ոլորտի մասնագետները՝ ուսումնասիրության նպատակով, ապա նրանք ավելի խորն ու հիմնավորված են տեսնում դրանց բուն պատճառները:

Գիորգի Գոբրոնիձեն Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, նա բազմիցս հետազոտություններ է անցկացրել էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում: Նա համարում է, որ ատելության խոսքի տարածման հիմնական պատճառներից մեկը դրա արհեստական ստեղծումն է՝ շահարկելով հասարակության վախերը, որի հետևում կանգնած են աջակողմյան խմբերը:

«Այսօր մենք փաստացի անցել ենք երկու էթնոտարածքային կոնֆլիկտ, որտեղ աբխազ և օս փոքրամասնությունները սկսել են շարժումներ, որոնց հետևում կանգնած է եղել Ռուսաստանը և, համապատասխանաբար՝ անջատողականության վտանգը: Ռիսկերը հիմնականում բերեցին այն իրողությանը, որ հասարակության գերակշռող հատվածը բոլոր տարբերվողներին նայում է նույն հայացքով, արդյո՞ք նրանք չեն ուզում առանձնանալ: Համապատասխանաբար, հաճախ չհիմնավորված վախը շատ լավ է օգտագործվում, որպեսզի վրաց հասարկությունում շովինիստական տրամադրություններ ի հայտ գան, անհանդուրժողականություն՝ սեփական քաղաքացիների հանդեպ»:

Շովինիստական այդ խմբերի կողմից սնվող ատելության լեզուն հաճախ արթնանում է այն ժամանակ, երբ փոքրամասնություններն ազգային որևէ տոն կամ սգո օր են նշում:

Ամեն տարի հայերն ապրիլի 24-ին պահանջատիրական երթեր են կազմակերպում տարբեր երկրներում և Հայաստանում: Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի նվիրված պահանջատիրական ցույցի ժամանակ  Թբիլիսիում մի կին  հարձակվում է հայ աղջկա վրա, քանի որ վերջինս դեմքին Հայաստանի դրոշն էր նկարել։

aghjik droshԼուսանկարում՝ հարձակման ենթարկված աղջիկն է

«Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանն անդրադառնալով այս թեմային facebook-յան իր էջում գրել է.

«Ցույցից անմիջապես հետո, ավտոբուսի կայարանում տարիքով մի կին (որին հասցրել են լուսանկարել) վիրավորել է մեր երթի մասնակիցներին, որից հետո փորձել է վնասել երթին մասնակից երիտասարդ աղջկա, որի երեսին պատկերված էր Հայաստանի դրոշը, սկզբում ձեռքն է վնասել, հետո ուզեցել է հարվածել դեմքին, իսկ վերջում բռնել է կոկորդից և փորձել խեղդել»:

Ամիսներ են անցել այս դեպքից, բայց ոստիկանությունում այս գործով որևէ նորություն չկա:

Երբ հասարակության հույսին թողած ատելության լեզուն չի արթնանում, ապա այն արհեստական արթնացնում են հենց քաղաքական դաշտում: Չնայած շատ անգամ դրանց պատճառներն այդքան էլ հստակ չեն երևում, բայց սև PR-ն ապահովված է:

Այդ դեպքերից է «Տրիբունա» կուսակցությունից իր հայոյանքների «շնորհիվ» հայտնի դարձած Լաշա Արսենիձեն, ով հակահայկական հայտարարություններ է անում՝ վիրավորական խոսքեր հնչեցնելով Վրաստանում ապրող հայերի հասցեին:

hakahaykakan - 1Լուսանկարում՝ Լաշա Արսենիձեն է

Նմանատիպ դեպքերը բավականին հեշտությամբ են տեղ գտնում վրաստանյան իրականությունում, քանի դեռ դրա համար սահմանված օրինական պատասխանատվությունը շատ մեղմ է:

Վրաստանի ՆԳՆ-ն աննշան խուլիգանության փաստով վարույթ էր սկսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով, ըստ որի՝ Լաշա Արսենիձեն 12-օրյա կալանքից հետո ազատ արձակվեց։

Այս պատժը ոչ բոլորն են իրավաչափ համարում: Եվ Վրաստանում ապրող մի խումբ հայեր ստորագրությունով դիմել են «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերությանը, որպեսզի համարժեք արձագանք տրվի: Նրանք խնդրում են, որ կազմակերպությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի հայերի օրինական շահերը պաշտպանելու համար: Այս արշավն օր օրի թափ է առնում հավաքելով  հազարավոր ստորագրություններ:

Ստորագրում են ոչ միայն ազգությամբ հայերը, այլ մարդիկ, ովքեր դեմ են խտրականությանը, առավել ևս երբ Վրաստանն օրենսդրորեն է պայքարում դրա դեմ, բայց պրակտիկայում այդ նույն օրենսդրությունը հազվադեպ է օգտագործում:

Վրաստանի քրեական օրենսգրքի 142(1) հոդվածի համաձայն՝ ռասսայական խտրականություն, այսինքն՝ արարք, որը կատարվել է ազգային կամ ռասսայական թշնամություն կամ պառակտում հրահրելու, ազգային պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, ինչպես նաև՝ ռասսայական, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական պատկանելության հիման վրա մարդու իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակման նպատակով, կամ նույն հիմքով անձին նախապատվություն տալը, որն էապես խաթարում է մարդկանց իրավունքները, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Վրաստանում աջակողմյան խմբերը և նրանց ազդեցության ներքո գտնվողները հարմար պահը բաց չեն թողնում, երբ կարևոր օղակները, ինչպիսիք են օրինակ լրատվամիջոցները, անզգուշությամբ դրա համար պարարտ հիմք են ստեղծում:

Այդպիսի դեպք տեղի ունեցավ բավականին վերջերս, երբ լրատվամիջոցներից մեկը սոցցանցերում տարածել էր անցած տարի Ջավախքի գյուղերից մեկի վերաբերյալ պատրաստած հոդվադը, որտեղ խոսվում է Ռուսաստանից այդ գյուղի տնտեսական կախվածության մասին: Մի տարի անց ռուս-ուկրաինական պատերազմը շատ բան է փոխել աշխարհում, իսկ մի տարի վաղեմության հոդվածն աշխարհաքաղաքական փոփոխված իրողությունների ընդհանուր համատեքստում տարածելը հենց ատելության լեզուն է: Ինչպես Jnews-ին հայտնեցին այդ լրատվական կայքից, այս տարի ավելի բուռն արձագանք է ունեցել հոդվածը, քան հրապարակման տարին։

comment

Մեկնաբանություններն են մեկ տարի առաջ Ջավախքի գյուղերից պատրասված նյութի տակ

«Անցած տարի այդքան էլ շատ չէին մեկնաբանությունները, այս տարի ավելի շատ գրավեց մարդկանց ուշադրությունը, և ավելի շատ էին ֆեյք էջերը: Հիմնականում մենք այսպիսի դեպքերում, եթե վիրավորական կամ հայհոյանք պարունակող մեկնաբանություններ են թողնում, փորձում ենք փակել, որպեսզի չտեսնեն: Եթե տեսնում ենք, որ մեկնաբանություն գրողն իրական էջից է, փորձում ենք բացատրել, ավելի հասանելի լեզվով, թե ինչ էր ներառում տվյալ նյութը», – ասում է լրատվամիջոցի ներկայացուցիչը:

Գիորգի Գոբրոնիձեն ասում է, որ «տարբերվողների» հանդեպ ատելություն սերմանողները հիմնականում այն բացատրում են իրենց հայրենիքի և երկրի հանդեպ մեծ սիրով և պահպանողական նկատառումներով, բայց Վրաստանի դեպքում նմանատիպ արարքներն ուղիղ վնասում են հենց երկրիշահերին ու պետականությանը:

«Այսօր այն ինչ մենք տեսնում ենք, ոչ միայն ատելության լեզուն է, այլ նեգատիվ քարոզչություն: Առաջին հերթին դրանք տարածվում է այն խմբերի կողմից, ովքեր ունեն հակապետական շահեր, արմատական աջ խմբերը, ովքեր իրենց ներկայացնում են որպես ուլտրաազգայնական խմբեր, պահպանողական խմբեր, սակայն նրանք ոչ մի առնչություն չունեն պահպանողականության հետ և ծառայում են վրաց հասարակության մասնատվածությանը: Քանի որ իրականում վրաց հասարակությունն իր բազմերանգությանբ է հարուստ, եթե քանդվի այս հիմքը, կվնասվի նաև վրաց պետության հիմքերը։ Կարելի է եզրակացնել, որ նմանատիպ գործողությունների տարածումն ուղղակիորեն ձեռնարկված քայլեր են վրաց պետությունը թուլացնելու»:

Մասնագետը նշում է, որ վրաց հասարակության մտածողության վրա մեծ ազդեցություն ունեցող Վրաց Ուղղափառ եկեղեցին ևս հաճախ կանգնում է աջակողմյան խմբերի կողմը:

«Եկեղեցին հաճախ է թույլ տալիս սխալներ, և փոխանակ միացնող, համախմբող լինի, այլ հակառակը, հաճախ նրանց կոչերը, խոսքերը հասարակությանն ավելի են ագրեսիայի մղում, ինչը  լուրջ խնդիր է», – ասում է Գիորգի Գոբրոնիձեն:

Այդ խնդրին առերեսվել է ջավախքցի ուսանողներից մեկը Թբիլիսիի Սամեբա եկեղեցում, ում դուրս են հանել եկեղեցուց, ասելով, որ նա սխալ է խաչակնքվում:

«Ես մինչ այդ դեպքը չէի տարբերում եկեղեցիները, մտնում էի ցանկացած եկեղեցի։ Մի օր էլ Սամեբայի մոտով էի անցնում, որոշեցի մտնել և մոմ վառել։ Երբ խաչակնքվեցի, մի հոգևորական վազելով մոտեցավ ինձ և ասաց, որ սխալ եմ խաչակնքվում, ես ասացի, որ ազգությամբ հայ եմ, և մենք այդպես ենք խաչակնքվում: Այդ հոգևորականը շատ ագրեսիվ ձևով ինձ ասաց՝  կամ “ճիշտ” կխաչակնքվեմ, կամ դուրս գամ եկեղեցուց, բնականաբար ես դուրս եկա և ինքս ինձ խոստացա, որ էլ երբեք չեմ մտնելու այդ և նմանատիպ եկեղեցիներ», – պատմում է Մարտիրոսը։

Դեպքերը բազմաթիվ են, բազմապիսի, սակայն այն, որ Արսենիձեի, կամ այլ պատմությունները հասարակությունում չեն գտնում այնպիսի արձագանք, որ փոխեն ընդհանուր հասարակական կարծիքը խոսում է այն մասին, որ հասարակությունն ավելի առողջ է, քան տվյալ պահին հասարակակն դաշտ նետված որոշ ուժերի շահերը:

Վրաստանը դեպի Եվրոպա ինտեգրման ճանապարհին մշակել և ընդունել է մի շարք օրենքներ, որոնք կոչված են պայքարելու անարդարության, խտրականության և այլ չարիքների դեմ: Որոնցից է օրինակ՝ «Խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ» օրենքը, որը հաստատվել է 2014 թվականին:

Օրենքը ենթադրում է՝ վերացնել խտրականության բոլոր ձևերը և ապահովել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված իրավունքների հավասար օգտագործումը ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի պարագայում՝ անկախ ռասսայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, տարիքից, քաղաքացիությունից, ծագումից, ծննդավայրից, բնակության վայրից, ունեցվածքից կամ աստիճանից, կրոնից կամ համոզմունքից, անկախ ազգային, էթնիկ կամ սոցիալական պատկանելությունից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, սահմանափակ կարողությունից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և արտահայտությունից, քաղաքական կամ այլ կարծիքից կամ այլ հատկանիշներից։

Վրաստանի հասարակությանը մնում է ենթարկվել ընդունված օրենքներին և չենթարկվել կոնկրետ նպատակներով ստեղծված ատելության մթնոլորտին: Արդյունքում քաղաքացիական ինքնագիտաակցությունը դեմ առա դեմ միայնակ է մնում մշտական մարտահրավերներին, որոնք ստեղծվում են ինչ-որ խմբերի կողմից, որպեսզի իրենց շահերն առաջ մղեն: