Ախալքալաքում՝ 2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, այսպես կոչված խելացի տեսախցիկները տուգանել են 1 968 վարորդների: Վարչական իրավախախտումների մեծ մասը կապված է տեխզննում չանցած ավտոմեքենա վարելու հետ։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Ախալքալաքում արձանագրվել է ընդամենը 2 իրավախախտում, իսկ հետո՝ ապրիլ-հունիս ամիսներին, տեսախցիկներն արձանագրել են 4 234 խախտում։

2022 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ (ապրիլ-հունիս) երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) խախտումների թիվը նվազել է, իրավախախտումները հիմնականում նույնն են։

Այս թեմայով՝

Քանի՞ տուգանք է արձանագրվել Վրաստանում կես տարվա ընթացքում
Սամցխե-Ջավախքում տեխզննում չանցնելու համար 7156 տուգանք է արձանագրվել

Վարորդների մեծ մասը տուգանվել է ամենամյա տեխզննումը չանցնելու համար՝ 1 402 իրավախախտում, ընդ որում՝ 13 դեպքում տուգանվել են իրավաբանական անձինք, մնացած դեպերում՝ ֆիզիկական անձինք։

47 հոգի տուգանվել է սխալ տեղում կայանելու համար, այսինքն՝ «Կանգառն արգելվում է» և «Կայանելն արգելվում է» նշանների պահանջը խախտելու համար։

459 մարդ տուգանվել է ամրագոտի չկապելու համար:

Տեսախցիկները 59 վարորդների ֆիքսել են հեռախոսով խոսելիս և վերջիններիս տուգանել 30-ական լարիով։

Եվ ընդամենը 1 հոգի է խախտել ճանապարհի կանոնները, կամ անցել է կարմիրի տակով, կամ մուտք է գործել արգելված տեղ, կամ վազանց է կատարել սխալ տեղում, ինչի համար տուգանվել է 50 լարիով։ Նա 10 օրվա ընթացքում է վճարել տուգանքը և օգտվել է 20%-ոց զեղչից, այսինքն՝ վճարել է 40 լարի։