Ջավախքում, որտեղ անասնապահությունը բնակչության հիմնական զբաղմունքներից է, սկսվել է տարվա ամենապատասխանատու գյուղատնտեսական աշխատանքներից մեկը՝ խոտհունձը։ Այս օրերին գյուղացիները փորձում են հնարավորինս արագ հավաքել ձմռան համար անհրաժեշտ խոտի պաշարները, սակայն նշում են, որ այս տարվա ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են։
Jnews-ը հարցումներ անցկացրեց տարբեր գյուղերի բնակիչների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի գնային տատանումներ կան անցած տարվա համեմատ՝ ինչպես խոտհնձի, այնպես էլ խոտի արժեքի մեջ։ Պետք է նշել, որ տարբեր գյուղերում խոտհունձ իրականացնող տեխնիկաների գները տարբեր են, դա մասամբ կախված է գյուղում տեխնիկայի քիչ ու շատ քանակից, ինչպես նաև տեխնիկայի տեսակից։
Զրուցեցինք Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղի բնակչի հետ։ Նրա խոսքով՝ այս տարի մեկ տուկ խոտի արժեքը կազմում է 6–7 լարի, 1հա խոտատարածքը հնձելու համար տեխնիկան 150 լարի է ուզում։
«Այս տարի տեխնիկայի աշխատանքի գնաճը որոշակի մտահոգություն է առաջացնում։ Ամեն տարի ամեն ինչում թանկացումներ լինում են, սակայն գյուղմթերքի գները չեն թանկանում», — նշեց Աբուլ գյուղի բնակիչը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ևս տուկի գները գրեթե նույնն են՝ 5–7 լարի, սակայն տեխնիկան 1հա քաղելու համար Գանձայում ուզում է 170 լարի։
Այն հարցին, թե բավարար է արդյոք խոտն այս տարի, Գանձա գյուղի բնակիչ Մաթևոսը պատասխանեց․
«Խոտի քանակը այնքան էլ շատ չէ, բայց անցած տարի շատ էր և գյուղացիների մեծ մասը անցած տարվանից մնացած խոտ ունեն։ Ինչն էլ այս տարի որոշակիորեն թեթևացնում է գյուղացու վիճակը։ Տեխնիկայի գները թանկացել են, բայց գյուղացիները դեռևս հարմարվում են ու կարողանում են հաղթահարել այս ճգնաժամը»։
Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում 1հա հնձելու համար տեխնիկային վճարում են մինչև 250 լարի։
Աշխարհում դիզվառելիքի գների թանկացմանը զուգահեռ, Ջավախքում թանկացել են գյուղատնտեսական տեխնիկայի ծառայությունները։ Եթե անցած տարի մեկ հեկտար տարածքի խոտհունձն արժեր 130–150 լարի, ապա այս տարի նույն աշխատանքի համար գյուղացիները վճարում են արդեն 150–170 լարի։ Բացի այդ, խոտի յուրաքանչյուր տուկ կապելու (մամլելու) արժեքը կազմում է 1-1․20 լարի։
Անասնապահությաամբ զբաղվողերի համար խոտհունձը տարվա ամենակարևոր աշխատանքներից է, քանի որ ձմռան ամիսներին կերի բավարար պաշարը կենդանիների պահպանման գլխավոր պայմաններից մեկն է։ Սակայն ծախսերի աճը մտահոգում է շատ տնտեսությունների, հատկապես նրանց, ովքեր մեծ թվով անասուն են պահում։



