Ախալքալաքի մունիցիպալիտետում նորություն կա հասարակական տրանսպորտը գործարկելու հարցում, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ե՞րբ կսկսվի երթևեկությունը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ վերսկսվել են բանակցությունները TBC Bank-ի հետ՝ ուղեվարձը էլեկտրոնային եղանակով վճարելու համակարգի վերաբերյալ։ Բացի այդ, պետությունը նախատեսում է մունիցիպալիտետի համար ձեռք բերել նոր տրանսպորտ։
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ մոտ մեկ շաբաթ առաջ հանդիպում է եղել TBC Bank-ի ներկայացուցիչների հետ։ Բանկը պատրաստակամություն է հայտնել օգնել ուղեվարձի վճարման համակարգը կազմակերպելու հարցում։
«Հանդիպում ենք ունեցել TBC Bank-ի հետ։ Նրանք համաձայնել են օգնել մեզ այս հարցում։ Բանկը պետք է հաշվարկներ կատարի և ներկայացնի մեզ, որից հետո կորոշենք՝ ընդունո՞ւմ ենք նրանց առաջարկը, թե՞ ոչ», — ասում է Փամբուխչյանը։
Միաժամանակ շարունակվում է նոր տրանսպորտ ձեռք բերելու գործընթացը։ Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ նախատեսվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցով ձեռք բերել յոթ տրանսպորտային միջոց։ Այժմ խոսքը չորս միկրոավտոբուսի և երեք ավտոբուսի մասին է։
«Մեկ մրցույթ արդեն անցկացվել է, և հիմա սպասում ենք պայմանագրի ստորագրմանը։ Պետությունը մեզ համար ձեռք է բերում 18–19 տեղանոց միկրոավտոբուսներ և երեք ավտոբուս», — ասում է նա։
Պամբուխչյանի խոսքով՝ միկրոավտոբուսների մրցույթն արդեն անցկացվել է, սակայն ավտոբուսների մրցույթին ոչ ոք չի մասնակցել։ Այդ պատճառով ավտոբուսների համար մրցույթը, ամենայն հավանականությամբ, կրկին կհայտարարվի։ Նա նաև նշեց, որ միկրոավտոբուսներն ավելի հարմար են Ախալքալաքի պայմանների համար։
«Միկրոավտոբուսներն ավելի հարմար են մեր պայմանների համար։ Մեզ հայտնել են, որ դրանց մրցույթը կայացել է, իսկ ավտոբուսների մրցույթին ոչ ոք չի մասնակցել։ Սպասում ենք, որ պետությունը կրկին կհայտարարի մրցույթ», — ասում է Փամբուխչյանը։
Քաղաքապետարանում ասում են, որ ապագայում տրանսպորտը պետք է սպասարկի ոչ միայն գյուղերը, այլև Ախալքալաք քաղաքը։ Սակայն տրանսպորտը գործարկելու համար դեռ պետք է լուծել մի շարք հարցեր։ Մասնավորապես, մունիցիպալ բյուջեում պետք է գումար նախատեսվի տրանսպորտային ծառայության աշխատանքի, աշխատակիցների աշխատավարձերի և մեքենաների պահպանման համար։
«Ընդհանուր առմամբ, մենք կունենանք տրանսպորտ, այդ թվում՝ նաև քաղաքում։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հաջորդ տարվանից այդ ծախսերը կներառենք բյուջեում։ Պետք է գումար նախատեսել ծառայության, աշխատակիցների և այլ ծախսերի համար։ Այսպիսով, կսկսենք հաջորդ տարվանից», — նշում է Փամբուխչյանը։
Մունիցիպալիտետի բնակիչների, հատկապես գյուղերում ապրողների համար հասարակական տրանսպորտի հարցը շարունակում է շատ կարևոր մնալ։ Տարիներ շարունակ կանոնավոր տրանսպորտի բացակայությունը դժվարացնում է ինչպես Ախալքալաք հասնելը, այնպես էլ գյուղերի միջև տեղաշարժվելը։
Երկու ավտոբուս քաղաքապետարանը ձեռք էր բերել դեռ անցյալ տարի, սակայն դա բավարար չէր տրանսպորտային համակարգը գործարկելու համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին «Բաց սահմաններ» կազմակերպության երիտասարդական խումբը նախաձեռնեց ստորագրահավաք՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտ ստեղծելու պահանջով։ Ակտիվիստները 10 գյուղերից հավաքեցին 420 ստորագրություն և խնդրագիրը ներկայացրին Սակրեբուլո։ Բնակիչները պահանջում էին կանոնավոր տրանսպորտ ունենալ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ քաղաքի և գյուղերի միջև։ Սակրեբուլոն աջակցեց նախաձեռնությանը և հարցը փոխանցեց քաղաքապետարանին։
Հետագայում իշխանությունները սկսեցին աշխատել մունիցիպալ տրանսպորտ ստեղծելու ուղղությամբ։ 2025 թվականին ձեռք բերվեց երկու ավտոբուս, սակայն 2026 թվականի հունվարից նախատեսված երթևեկությունը մինչ այժմ չի սկսվել։
Սակրեբուլոյի գրեթե յուրաքանչյուր նիստում պատգամավորները բարձրացնում են այս հարցը և հետաքրքրվում, թե վերջապես ե՞րբ է հասարակական տրանսպորտը սկսելու աշխատել։



