Վրաստանում 2022 թվականի վեց ամիսների ընթացքում, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար արձանագրվել է 1,9 միլիոն տուգանք: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված նյութերում։
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները տատանվում են 10-300 լարիի (3-ից 91 ԱՄՆ դոլար) սահմաններում՝ կախված խախտման տեսակից:
Բացի այդ, երկրում գործում է բալային համակարգ՝ վարորդական իրավունքի համար տրվում է 100 միավոր, որը նվազում է՝ խախտումներ կատարելուն զուգահեռ։ Միավորների սահմանված շեմը լրանալուց հետո վարորդը զրկվում է վարորդական իրավունքից։
Արագության գերազանցում
Վրաստանում ճանապարհային երթեւեկության ամենատարածված խախտումը դարձել է թույլատրելի արագությունը ժամում ավելի քան 15 կիլոմետրով գերազանցելը։
Ընդհանուր առմամբ հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այս խախտման համար արձանագրվել է 469 967 տուգանք։ Արագությունը գերազանցելու համար տուգանքը կազմում է 50 լարի (մոտ 18 դոլար):
Տեխզննման բացակայություն
Երկրորդ տեղում տրանսպորտային միջոցի փոխանցումն այլ անձին կամ անհրաժեշտ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի թողտվությունն է։
Ընդհանուր առմամբ, վեց ամսում Վրաստանում գրանցվել է նման 409 469 դեպք։ Նման խախտման համար տուգանքի գինը 50 լարի է։
Կայանման կանոնների անտեսում
Երրորդ տեղում է՝ «Կանգառելն արգելվում է» և «Կայանումն արգելվում է» նշանի անտեսումը, ինչպես նաև կայանման կանոնները չկատարելը։
2022 թվականի ընդամենը երկու եռամսյակում Վրաստանում այս խախտման համար գրվել է 327 788 տուգանք։ Կայանման կանոնները խախտելու համար տուգանքը կազմում է 10 լարի (մոտ 3 դոլար):
Անզգույշ վարել
Չորրորդ տեղում են՝ ճանապարհային նշաններին և ճանապարհային գծանշումներին չհետևելը, ուսումնական նպատակով վարելիս և բնակելի տարածքում վարելու ընթացքում կանոնների խախտում, քարշակման կանոնների խախտում, թարթող լուսարձակների, ազդանշանների, ճանապարհային կանոնների կիրառում, կցորդով վարել կամ խմբակային երթևեկությանը մասնակցելը, որը խանգարում է երթևեկությանը:
Ընդհանուր առմամբ, արձանագրվել է 236 006 նման խախտում, որոնց համար տուգանքը կազմում է 20 լարի (մոտ 7 դոլար)։
Ամրագոտիների բացակայություն
Խախտումների առաջին հնգյակը եզրափակում է վարորդի և նրա կողքին նստած ուղեւորի կողմից ամրագոտիների չկիրառումը։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում արձանագրվել է 87 778 նման խախտում, տուգանքը կազմում է 40 լարի։
Տեսատուգանքներ և միավորներ
Անզգույշ վարելու և ճանապարհային երթեւեկության կանոնները չկատարելու համար Վրաստանում տուգանքները, բացի ոստիկանությունից, ֆիքսում են նաև տեսախցիկները։
Ընդամենը վեց ամսվա ընթացքում Վրաստանում 66,2 մլն լարիի չափով 1 441 576 տեսատուգանք է արձանագրվել։ Ընդ որում, միայն Վրաստանի մայրաքաղաքի վարորդները վեց ամսով տուգանվել են մոտ 36,2 մլն լարիով։
Միևնույն ժամանակ, ճանապարհային երթեւեկության կանոնները չպահպանելու պատճառով 188 099 վարորդներ կորցրել են իրենց վարորդական վկայականի միավորները։ Միավորների հանրագումարը ծախսել և վարորդական իրավունքից զրկվել է 17 հոգի։